00:00:00

Վարակի մասին ամբողջ ճշմարտությունը. ԱՀԿ-ի ու դրա ղեկավարի շուրջ խոշոր սկանդալ է հասունանում

17:02, 14 ապրիլ 2020 Աշխարհ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկրները կյանքի բնականոն ռեժիմի կարող են անցնել միայն այն պարագայում, երբ համոզվեն, որ ի վիճակի են կառավարել կորոնավիրուսի համաճարակի ընթացքը, ախտորոշել, բուժել բոլոր հիվանդներին: Նա հայտարարել է, որ բնականոն կյանքին անցումը պետք է լինի դանդաղ, քայլ առ քայլ: Կորոնավիրուսի համաճարակի հարցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահվածքը խիստ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նշելով, որ համաճարակի սկզբում ռիսկերի գնահատման առումով ԱՀԿ-ն «սխալվել է հօգուտ Չինաստանի»: Ներկայում նույնիսկ հնչում է ԱՄՆ նախագահին ուղղված կոչ՝ ստեղծել այլընտրանքային առողջապահական համաշխարհային կազմակերպություն:
Մեծ հաշվով, կորոնավիրուսի համաճարակի համաշխարհային ուժգնության համար առաջին պատասխանատուն ըստ տրամաբանության պետք է լինի հենց ԱՀԿ-ն: Այլապես, էլ ինչի՞ համար է այդ կառույցը, եթե ոչ համաճարակի վտանգը ժամանակին ու ամբողջական գնահատելու: Փաստացի, ԱՀԿ հասցեին հնչում է միտումնավոր սխալվելու մեղադրանք: Միտումնավո՞ր է սխալվել ԱՀԿ-ն հօգուտ ՉԻնաստանի, ինչպես ասում է Թրամփը, թե՞ այդ մեղադրանքով Թրամփը լուծում է իր քաղաքական խնդիրները: Բոլոր դեպքերում, բավական սկանդալային ու հակասական քաղաքական հետագիծ ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայիս գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը: Նա Եթովպիայից է, եղել է Եթովպիայի առողջապահության նախարար՝ 2005-12 թվականներին, իրականացրել Եթովպիայի առողջապահական ռեֆորմը, որը ստացել է միջազգային բարձր գնահատական: Ի դեպ, այդ հարցում նա գործակցել է Բիլ Գեյթսի հիմնադրամի հետ: Հետո նա եղել է Եթովպիայի արտգործնախարար՝ 2012-16 թվականներին:  Նա եղել է Տիգրայի ազատագրության շարժում կուսակցության անդամ, որն էլ 1991 թվականից եղել է Եթովպիան հեղափոխության արդյունքում գլխավորած ձախ բլոկի մասնակից, կառավարող ուժ: Ընդ որում հետաքրքիր է, որ տիգրայները Եթովպիայի բնակչության մոտ 7 տոկոսն են, բայց փաստորեն կառավարող ուժ: Տիգրայները սեմական ծագում ունեցող էթնիկ խումբ են: Եթովպիայի բնակչության կազմում մեծությամբ երկրորդ՝ մոտ 21 տոկոս կազմող ամհարները՝ որոնք միաբնակ քրիստոնյա են, Գեբրեյեսուսին մեղադրում են իրենց հանդեպ ցեղասպանության, հարյուրավոր մարդկանց սպանության, մարդու իրավունքի ոտնահարման համար: Եթովպիայում նրան մեղադրում են նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն ընտրվելու համար միլիոնավոր դոլարներ յուրացնելու համար: Դառնալով ԱՀԿ ղեկավար, Գեբրեյեսուսը եղել է մի քանի սկանդալի կենտրոնում: Օրինակ, նա Զիմբաբվեի դիկտատոր Մուգաբեին նշանակել է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների բարի կամքի դեսպան, Ռուսաստանի ներկայացուցիչ Թերեզա Կասաեւային առանց մրցույթի նշանակել է ՄԱԿ Հակատուբերկուլյոզային ծրագրի ղեկավար: Կավելացնի՞ կորոնավիրուսը ԱՀԿ ղեկավարի սկանդալայնությունը: Այն, որ կազմակերպությունը չի կատարել իր առաքելությունը, ակնառու է, ընդ որում անկախ այն բանից՝ գործ ունենք պանդեմիայի, թե ինֆոդեմիայի հետ: Հարցն այն է, թե ինչու է ձախողվել առաքելությունը, որովհետեւ այժմ արդեն համաշխարհային պատկերն այնպիսին է, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականները հազիվ թե ունեն գրոշի արժեք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր