00:00:00

Ըստ մեր տվյալների մոտավորապես 20 հազար ընտանիք է, որ տասը հազար դրամից քիչ գազ է ծախսում. Մարուքյան

19:53, 13 ապրիլ 2020

Պարետն այս ընթացքում ընդունել է նորմատիվ իրավական ակտեր, լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել, ինչի իրավունքը չուներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում ելույթների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ իրենք կառուցողական ճանապարհով են գնացել եւ ոչ թե առաջարկել են չեղարկել արտակարգ դրությունը, այլ առաջարկություններ են ներկայացրել: Մարուքյանի խոսքով ԵԽ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի նոր զեկույցի համաձայն, կորոնավիրուսի պանդեմիայի իրավիճակում ՔԿՀ-ներում չպետք է արգելվեն զբոսանքները, պետք է հնարավորություն տրվի, որ դատապարտյալները, կալանավորները օրական մեկ անգամ դուրս գան զբոսանքի: Մարուքյանը նշեց, որ Կառավարությունը եւ քաղաքապետներից ոչ մեկ չասաց, որ քաղաքացիները չեն կարող ձեզ վտարել ձեր վարձը չվճարելու համար, քանի որ դուք տուժել եք: «Հիմա մարդկանց տներից վտարում են եւ ես հույս ունեմ, որ կառավարությունը դրան կանդրադառնա»: Անդրադառնալով այսօր Կառավարության հաստատած կոմունալ վճարների փոխհատուցմանը՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Ըստ մեր տվյալների մոտավորապես 20 հազար ընտանիք է, որ տասը հազար դրամից քիչ գազ է ծախսում, խնդրում եմ հստակ ասել, թե քանի ընտանիքի վրա է սա տարածվում»,-ասաց նա: Խմբակցության ղեկավարը ներկայացրեց իրենց առաջարկները եւ նշեց, որ առաջարկում են սանիտարահամաճարակի կանոնների խստիվ պահպանմամբ հանվեն որոշ սահմանափակումներ՝ թույլ տան աշխատի Երեւանի մետրոպոլիտենը, ավտոբուսների աշխատանքը: Ինչ վերաբերում է նրան, որ դա ռիսկ է, Էդմոն Մարուքյանը պնդեց, որ տաքսին եւս ռիսկ է: Ըստ Մարուքյանի՝ շինանյութի, տնտեսական, սպորտի խանութները պետք է վերաբացվեն, արհեսագործական նշանակության կետերը եւս առաջարկում են բացել՝ սկսած կոշկակարի կետերից: Առաջարկում են նաեւ  միջմարզային տրանսպորտի գործունեության թույլատրում, գյուղատնտեսական եւ շինարարական աշխատանքների ապահովման նպատակով, մեքենաների տեխնիակակն սպասարկման կետերի վերաբացում: «Մենք հասկանում ենք, որ նման առաջարկներ անելով՝ մեզ վրա քաղաքական պատասխանատվություն եւ ռիսկ ենք վերցնում ձեզ հետ, որ պետք է փուլ առ փուլ հնարավորություն տալ այդ ոլորտները աշխատեն»,-ասաց նա: Էդմոն Մարուքյանն ասաց, որ ցանկացած իրավիճակ մեր օրենսդրությունը, Սահմանադրությունը նախատեսել է կանոններ եւ չենք կարող այդ կանոններից դուրս գալ: «Ինչ վերաբերում է  արտակագ դրության ռեժմի այն դրույթին, որ շատ իշխանական իրաբավաններ պնդում էին, որ մեկ անգամ  30 օրով կարող եք ավելացնել եւ վերջ, ես ուզում եմ այդ մարդկանց հայացքները տեսնել, երբ կառավարությունը ասեց, որ անդադար ամեն 30 օրը լրանալուց կարող ենք ավելացնել: Գոնե դուք հավաքվեք, որոշեք 30 օրը մեկ անգամ կարող են ավելացնել, թե ամեն 30 օրը մեկ անգամ կարող եք ավելացնել, որ քաղաքացիներին ճիշտ ուղերձներ տաք»,-ասաց նա եւ հույս հայտնեց գործընկերների աջակցությունը ստանալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր