«Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ Արցախում ընտրություններ անցկացնելը ժամանակավրեպ էր, դրա արդյունքն այն է, որ հիմա մենք ունենք առաջին փուլի ընտրություն եւ չընտրված նախագահ եւ մեխանիկորեն Արցախի իշխանություններ ամեն ինչ անում են, որպեսզի գործընթացը ավարտին հասցնեն՝ ամեն գնով։ Իսկ դա ոչ բոլորն են ցանկանում ընդունել։ Այն իրավիճակը, որ կա Արցախում՝ գործող իշխանություն, առաջին փուլով բարձր ձայներ ստացած Արայիկ Հարությունյան, երկրորդ փուլ անցած, սակայն ընտրությունները բոյկոտելու կոչով հանդես եկող Մասիս Մայիլյան, որը մեխանիկորեն ստեղծում է լարված իրավիճակ։ Այս ամենին գումարած կորոնավիրուսի տարածում Արցախում,եւ պետք է նշեմ, որ երկրորդ փուլի ժամանակ վարակը լայն թափով չի տարածվի»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի իշխանությունները երկրում հայտարարեցին արտակարգ իրավիճակ, միաժամանակ տեղեկացնելով, որ ընտրությունների երկրորդ փուլը կկայանա։ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 14-ին։
Քաղաքագետի խոսքով՝ Արցախի իշխանությունները արտակարգ իրավիճակ հայտարարելով փորձում են կանխել վարակի տարածումը եւ մինչեւ ապրիլի 14-ը իրավիճակն ավելի վերահսկելի դարձնեն, եւ ընտրությունների երկրորդ փուլով վերջ տալ Արցախում ծավալվող քաղաքական զարգացումներին։
Հարցին, թե որքանո՞վ է ճիշտ շարունակել ընտրական գործընթացը, հաշվի առնելով, որ վարակի տարածումն արդեն առկա է։ «Ամենաճիշտ տարբերակը հետաձգելն էր, բայց մենք ինչքան տեսնում ենք Արցախում եւս առաջնորդվում եմ այլ նկրտումներով եւ ինչպես ժամանակին Հայաստանում պարոն Փաշինյանը չարգելեց Այո-ի քարոզարշավը, որի արդյունքը մենք տեսանք, այդպես էլ Արցախում է։ Ես համաձայն եմ, որ ռիսկերը բավականին մեծ է»,- եղավ քաղաքագետի պատասխանը։
Դիտարկմանը, թե կան տեսակետներ, որ ինչպես Արցախի հեռացող իշխանության, այնպես էլ ՀՀ գործող իշխանությունների համար գերխնդիր է, որ Արայիկ Հարությունյանը ընտրվի Արցախի նախագահ, եւ դրանով է պայմանավորված, որ ըստ էության վտանգի տակ են դնում բնակչության առողջությունը, Գագիկ Համբարյանն ասաց, թե ՀՀ իշխանությունները հիբրիդային քաղաքականություն են վարում Արցախում։ «Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն Արցախում այն է, որ պետք է ընտրություն կատարվի լավի եւ շատ լավի միջեւ։ Լավը՝ Արայիկ Հարությունյանն էր, շատ լավը՝ Մասիս Մայիլյանը։ Նրանց կողմից ամենաչընդունվածը՝ Վիտալի Բալասանյանը, որը եւս ըստ իրենց ծրագրի չանցավ երկրորդ փուլ։ Հիմա ՀՀ գործող իշխանությունները ցանկանում են արագ ավարտել քաղաքական զարգացումները Արցախում եւ այն ամորֆ իրավիճակը, որ կա Արցախում»,- ասաց Համբարյանը։
Հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնչում էին տեսակետներ, որ Արցախում ընտրությունները պետք է հետաձգվեն, իսկ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը լուռ էր, հնարավոր է նա ստացել է որոշակի երաշխիքներ, որ պահպանելու է իր դիրքը քաղաքականությունում, կամ այլ պաշտոնի համաձայնության է եկել։ Այս առնչությամբ Գագիկ Համբարյանը տվեց հետեւյալ պատասխանը․ «Ես կարծում եմ ոչ պաշտոն կստանա, կամ կպահպանի իր դիրքերը, ամեն դեպքում նորընտիր նախագահ իմ կարծիքով կլինի Արայիկ Հարությունյանը չի ցանկանա, որ նախկին նախագահը իր դիրքերը պահպանի, կամ ինչ-որ կարևոր հարթակ զբաղեցնի Արցախում։ Իմ կարծիքով Բակո Սահակյանին երաշխիքներ են տրված, որ նա շարունակելու է ապրել Արցախում եւ ծավալել այն գործունեությունը ինչը կառաջարկվի։ Արայիկ Հարությունյանը, ով ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մշտապես ցույց է տվել իր լոյալությունը ՀՀ գործող իշխանություններին եւ հատկապես Նիկոլ Փաշինյանին, չի կարող նույն ՀՀ իշխանությունների սպասելիքներին դեմ գնալ, իսկ ՀՀ իշխանությունների սպասելիքն այն է, որ նախկին իշխանության որեւէ ներկայացուցիչ, եթե իրենց թրի տակով չեն անցել, և չեն պաչել պարոն Փաշինյանի աջը իրենք իրավունք չունեն ինչ-որ կերպ ներկայացված լինեն իշխանության վերնախավում»։
Գագիկ Համբարյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունների կարծիքով Բակո Սահակյանը նախկին իշխանության ներկայացուցիչն է՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցած եւ եթե անգամ Արայիկ Հարությունյանն էլ ցանկանա, ապա չի կարողանա մեծ հարթակ տրամադրել Սահակյանի գործունեության համար։
Հավելենք, որ Արցախում այս պահին կա կորոնավիրուսի հաստատված հինգ դեպք։
Irakanum.am