00:00:00

Բրազիլացի նախարարն ասել է, որ «կորոնավիրուսի ծրագրի հետևում կանգնած է Չինաստանը». Պեկինը Բրազիլիայից բացատրություն է պահանջել. The Guardian

17:21, 07 ապրիլ 2020 Աշխարհ

Չինաստանը Բրազիլիայից բացատրություն է պահանջել երկրի կրթության նախարար Աբրահամ Վայնտրաուբի արտահայտության համար, ըստ որի՝ կորոնավիրուսի համավարակը Պեկինի «համաշխարհային տիրապետության ծրագրի մի մասն է», գրում է The Guardian-ը։ Երկու երկրների հարաբերություններում լարվածություն մտցրած միջադեպի հեղինակ Աբրահամ Վայնտրաուբը ակնարկել է, որ Առողջապահության համաշխարհային ճգնաժամի հետևում Չինաստանն է կանգնած։ «Աշխարհաքաղաքական տեսանկյունից ո՞վ ավելի ուժեղ դուրս կգա այս համաշխարհային ճգնաժամից։ Ո՞վ է Բրազիլիայում կապված համաշխարհային տիրապետության այդ անսխալական ծրագրի հետ»,- Twitter-ում գրել է նա։ Հատկանշական է, որ պորտուգալերեն արված գրառման մեջ նախարարը Բրազիլիա բառում «ր» տառը փոխարինել է «լ»-ով, որը սովորաբար օգտագործվում է չինական առոգանությունը ծաղրելու համար։ Բրազիլիայում Չինաստանի դեսպանատունը դատապարտել է Վայնտրաուբի «անհեթեթ և արգահատանքի արժանի» թվիթերյան գրառումը՝ նրան անվանելով «ծայրահեղ ռասիստ»։ «Չինաստանի կառավարությունը պաշտոնական բացատրություն է ակնկալում Բրազիլիայից», - Twitter-ի իր էջում գրել է դեսպան Յան Վանմինը: Վայնտրաուբն ավելի ուշ հայտնել է, որ չի հրաժարվում իր թվիթերյան մեկնաբանությունից՝ Չինաստանին կոչ անելով ավելին անել համավարակի դեմ պայքարի գործում։ «Եթե նրանք (Չինաստանը) մեզ թոքերի արհեստական օդափոխության հազար սարք վաճառեն, ես ծնկի կգամ դեսպանատան առջև, ներողություն կխնդրեմ և կասեմ, որ ինձ ապուշի պես եմ պահել», - ասել է նա Radio Bandeirantes-ին տված հարցազրույցում։ Երկրի առողջապահության նախարար Լուիս Էնրիկե Մանդետան անցյալ շաբաթ հայտարարել էր, որ փորձում է Չինաստանից թոքերի արհեստական օդափոխության սարքեր և այլ կենսական բժշկական պարագաներ ձեռք բերել, սակայն Չինաստանն իր պատվերն առանց բացատրության չեղյալ է հայտարարել։ Վերջին տվյալներով՝ Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 12 232 դեպք, մահացել է 566 մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 349 584 դեպք, 74 806-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 286 655 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 209 երկրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր