00:00:00

Արդարադատության նախարարը կոչ է անում խստորեն պահպանել պարետի որոշումներով նախատեսված պահանջները

20:37, 24 մարտ 2020

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կոչ է անում խստորեն պահպանել արտակարգ դրության ռեժիմի պարետի որոշումներով նախատեսված պահանջները: Այս մասին Բադասյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Սիրելի՛ հայրենակիցներ, հրապարակվել են Պարետի հետևյալ որոշումները. 1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ (bit.ly/2UxYVll) և 2. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ (bit.ly/39hJnaJ): Կոչ եմ անում բոլորիս խստորեն պահպանել այս որոշումներով նախատեսված պահանջները՝ առողջապահության ոլորտում օրուգիշեր աշխատող մեր գործընկերներին օգնելու համար»,- գրել է Բադասյանը: Նախարարը հավելել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաղվանից մինչև մարտի 31-ը նախարարությանը ենթակա մարմինների սպասարկման գրասենյակները չեն գործելու, քիչ անց կհրապարակեն նաև Արդարադատության նախարարության գործող հեռախոսահամարների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ, որոնց միջոցով հնարավոր կլինի արձագանքել քաղաքացիների անհետաձգելի կարիքներին: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 249 է: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։ Կորոնավիրուսի տարածման առաջնակի դեպքերից մեկն արձանագրվել է Էջմիածնում, մյուսը՝ Շենգավիթում՝ արտադրամասում. երկու դեպքում էլ վարակակիրը եկել էր Իտալիայից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր