00:00:00

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ՉԺՀ նախագահին և վարչապետին՝ կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ

20:40, 04 փետրվար 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Կեցյանին՝ կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ: ՀՀ վարչապետի՝ ՉԺՀ նախագահին ուղղված ցավակցական հեռագրում ասված է. «Չինաստանի համար դժվարին այս պահին հայ ժողովրդի և անձամբ իմ անունից թույլ տվեք խորին ցավակցություն ու զորակցություն հայտնել Ձեզ և բարեկամ չին ժողովրդին կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ, որն արդեն իսկ պատճառ է հանդիսացել հարյուրավոր մարդկային զոհերի: Չինաստանն իր բազմադարյա պատմության ընթացքում դիմակայել է բազմաթիվ մարտահրավերների ու փորձությունների և միշտ պատվով հաղթա­հա­րել դրանք: Վստահ ենք, որ այս անգամ նույնպես, Ձեր իմաստուն և հեռատես ղեկավարման ներքո,  Չինաստանին կհաջողվի հաղթահարել այս աղետի ծանր հետևանքները և վերականգնել երկրի խաղաղ ու ապահով մթնոլորտը: Մաղթում եմ Ձեզ անսասան համբերություն և հաստատակամություն, իսկ բարեկամ չին ժողովրդին՝ ոգու արիություն»: Չինաստանի վարչապետին ուղղված ցավակցական հեռագրում նշված է. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում  Ձեզ և բարեկամ չին  ժողովրդին կորոնավիրուսի տարածման հետևան­քով մի քանի հարյուր մարդկանց մահվան կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները թույլ կտան հաղթահարել այս աղետի ծանր հետևանքները և վերականգնել երկրի բնականոն ընթացքը: Մաղթում եմ Ձեզ ուժ և վճռականություն, իսկ չին բարեկամ ժողովրդին՝ համբերություն ու ոգու տոկունություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր