Irakanum.am-ն իր նախորդ հրապարակումներում ներկայացրել էր, որ ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ARMS ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ զենքի մատակարման մրցույթը առանց հիմնավորման չեղարկելու համար:
Այս մասին տեղեկությունն առաջինը շրջանառության մեջ դրեց ռուսական կողմը։ Մասնավորապես, «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հաղորդեց, թե մայիսին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը զենք-զինամթերքի մատակարարման մի քանի միլիոն դոլարանոց մրցույթ է հայտարարել, որի պահանջներին, իբրև թե բավարարել է միայն ռուսական ընկերությունը: «Սակայն շուտով մրցույթը չեղարկվել է՝ առանց պատճառների բացատրության: ORSIS-ը դիմել է բողոքարկման հանձնաժողով, իրավաբանն էլ հայց է ներկայացրել, կատարվածի մասին տեղեկացվել է նաև Հայաստանում Ռուսաստանի ռազմական կցորդը», – հաղորդել էր ՌԻԱ Նովոստին, մանրամասնելով – «ORSIS-ի՝ Հայաստանում գրանցված ռեզիդենտ ընկերությունը մի քանի տարի շարունակ Երևանին զենք է մատակարարել, փամփուշտներ ու տեխնիկական այլ միջոցներ»:
«Հիմա մենք սև ցուցակում ենք», – ասել էին ռուսական ընկերության ներկայացուցիչները, պնդելով, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունը անհարկի խոչընդոտներ է ստեղծել իրենց համար ու հավելյալ փաստաթղթեր պահանջել: – «Ստեղծված բարդ իրավիճակը սպառնում է չեղարկել Հայաստանում փամփուշտների գործարանի շինարարության նախագիծը», – հղում անելով ռուսական ընկերության ներկայացուցչին, հաղորդել էր ՌԻԱ Նովոստին՝ չմանրամասնելով՝ ինչն է նման ենթադրություններ անելու հիմքեր տալիս։ Գործակալությունը նաև պաշտոնյայի անունը չէր նշել:
Irakanum.am-ին, սակայն հայտնի է դարձել, որ ընկերությունը իսկզբանե այլ ապրանքատեսակ է ներկայացրել, որն էլ չի ընդունվել ՀՀ ՊՆ-ի կողմից։ Մասնավորապես մեր աղբյուրների փոխանցմամբ ORSIS-ը ՀՀ բանակին ներկայացրել է գիշերային տեսադիտման սարք: Մարտականի փոխարեն ներկայացրել է որսորդական, այն էլ մարտականի գնով: Ամեն մեկի մեջ մոտ հազար դոլար ավելացված գնով, իսկ պատվերի քանակը մի քանի հարյուր հատ է եղել: Մինչդեռ որսորդական սարքը ոչ մի չափանիշներով չի կարող համապատասխանել մարտականին, ավելին այն նունիսկ վտանգավոր է կիրառման համար: Փաստացի ստացվում է, որ ընկերությունը իր այս քայլով փորձ է արել վտանգի տակ դնել երկրի թիվ մեկ ռազմավարական կառույցի աշխատանքը եւ որ ամենակարևորն է զինվորների կյանքի հետ խաղալ։
ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ կեղծման գործում ներգրավված են նաև բարձր զինվորականներ, որոնք անձնական շահ են ունեցել գործի մեջ։
Այս հանգամանքով է պայմանավորված եղել, որ ՊՆ-ն դադարեցրել է համագործակցությունը հիշյալ ընկերության հետ։
Ուշագրավ է, որ լրատվամիջոցներում տարածվում է տեղեկություն, համաձայն, որի ՀՔԾ-ն նոր քրեական գործ է հարուցել ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արժեքավոր նվեր յուրացնելու և երկրում ORSIS-ի շահերը ներկայացնող փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու փաստերով:
Թե խոսքն ինչ նվերի մասին է, եւ կամ ինչ աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվում, սակայն ակնհայտ է, որ որքան էլ թանկարժեք լինի նվերը, այն չի կարող վեր լինել զինվորների կյանքից, եւ հետեւաբար երկրի իրավապահ մարմինները նախ եւ առաջ իրենց ուշադրության ներքո պետք է պահեն այն հանգամանքը, որ մարտականի փոխարեն ընկերությունը ներկայացրել է որսորդական սարք։ Եթե ՊՆ-ն կատարեր այդ գնումը, ապա հետեւանքները կարող էին անդառնալի լինել։
Հավելենք, որ մամուլի հրապարակումների համաձայն ռուսական այս ընկերությունը «Промтехнологии» կոնցեռնի մասն է կազմում, իսկ Հայստանում ORSIS ընկերության պաշտոնական ներկայացուցիչը «Օրսիս Արմս» ՍՊԸ-ն է: Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին: Հիմնադիրներն Արթուր Գալստյանն են եւ Գեւորգ Մանուկյանը: Նրանք պատահական անձիք չեն: Արթուր Գալստյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետն է, փոխգնդապետ է: 1996 թվականից սկսած զինված ուժերում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ: Իրավաբանական անձանց պետական ռեսգիստրի տվյալներով՝ «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասը պատկանել է նրան:
Նշենք, որ ընկերության հիմնադիրներից Գեւորգ Մանուկյանը եւս նախկինում զբաղեցրել է այն նույն պաշտոնը, ինչ հիմա զբաղեցնում է իր գործընկեր Արթուր Գալստյանը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ: Գեւորգ Մանուկյանն այժմ պահեստազորում է:
Հավելենք, որ հատուկ սարքերի մատակարարումը չեղարկելու փաստով ORSIS-ը դիմել է վերաքննիչ հանձնաժողով և Հայաստանում իր շահերը ներկայացնող իրավաբանի, որից հետո հայց է ներկայացվել դատարան: Հարուցվել է քրեական գործ:
Irakanum.am