00:00:00

Ո՞վ է փոխարինելու Վլադիմիր Կարապետյանին

19:47, 09 հունվար 2020

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող Վլադիմիր Կարապետյանն այսօր ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, տեղեկացնելով, որ այլևս վարչապետի մամուլի քարտուղարը չէ. «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»։ Վլադիմիր Կարապետյանը չի պարզաբանել, սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից, թե՞ վարչապետն է որոշել նրան հեռացնել։ Արդյո՞ք Փաշինյանը դժգոհ էր Կարապետյանից, եւ կամ ինչո՞ւ հիմա նման որոշում կայացվեց։ Ուշագրավն այն է, որ մինչ Կարապետյանի՝ պաշտոնապես հեռանալը, օրեր առաջ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից կազատվի Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, իսկ քիչ ավելի ուշ նույն ճակատագրին կարժանանա վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը։ Սամսոնյանը գրել էր․ «Չար լեզուները ասում են, որ շատ շուտով Նիկոլ Փաշինյանի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից կազատվի Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, իսկ քիչ ավելի ուշ նույն ճակատագրին կարժանանա Հովհաննես Մովսիսյանը: Փաշինյանը դժգոհ է Վլադիմիր Կարապետյանի աշխատանքից, դրա համար նաև հիմք է հանդիսացել այն, որ Կարապետյանը Պուտինին հարց տալու համար գաղտնի ակրեդիտացիա էր տվել Ռուսթավի 2 հեռուստաալիքի լրագրողին և որքան էլ զարմանալի է Փաշինյանը չի կարողացել Կրեմլում կռուտիտ անել թեման: Հովհաննես Մովսիսյանի պարագայում, իմ ունեցած տեղեկություններով, պատճառը ֆեյքերի ֆաբրիկայի ոչ բավարար աշխատանքն է, որի վրա հսկայական միջոցներ են ծախսվում, բայց ըստ էության Փաշինյանն ինքն էլ է հասկանում, որ դրանք այլևս քիչ ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա: Կարճ ասած վերոնշյալ պաշտոնյաներն ամենայն հավանականությամբ կհեռացվեն աշխատանքից և պատմության մեջ կմնան, որպես Պոպուլիզմի իշխանության հավատավոր ծռաներ...»։ Մինչդեռ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Հովհաննես Մովսիսյանը կշարունակի ղեկավարել տեղեկատվական ՊՈԱԿ-ը։ Իսկ, թե ով է փոխարինելու Վլադիմիր Կարապետյանին՝ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում,ապա Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին որեւէ որոշում չունի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ կառավարությունում խոսք է գնացել լրատվական դաշտի ներկայացուցիչներից մեկի մասով, սակայն վերջնական որոշում դեռեւս չկա։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, այս պահին զերծ ենք մնում հնարավոր թեկնածուի անունը հրապարակելուց։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր