00:00:00

ՀՀ-ում ամենամեծ խնդիրներից մեկը շարունակում է մնալ զուգարանների հարցը. վարչապետ

12:06, 09 հունվար 2020

Կառավարության՝ այս տարվա առաջին նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, թե 2019 թվականը հաջողված տարի էր։ Ըստ նրա՝ 2017-18 թվականներին հաջողվել է լուծել կարճաժամկետ խնդիրներ և հիմա ավելի շատ ռազմավարական խնդիրների լուծմամբ զբաղվելու ժամանակն է: «2020 թվականը բավական լավ ենք սկսել և նորացված հայեցակարգը, որն առաջարկեցինք ՀՀ քաղաքացիներին, արդարացրեց իրեն. և՛ ամանորյա օրերին, և՛ ընդհուպ մինչև հիմա զբոսաշրջիկները տեսանելի էին Երևանում և ընդհանրապես Հայաստանում:  Պետք է արձանագրել, որ դրանում ոչ ամենևին երկրորդական նշանակություն ունեցան ամանորյա տոնակատարությունների հետ կապված միջոցառումները»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ մյուս տարվա ամանորյա  միջոցառումներին այս պահից է պետք պատրաստվել: Նա հայտնեց, որ այս տարի նախատեսում են Յարխուշտայի փառատոն անցկացնել: Նիկոլ Փաշինյանը նաև կարևորեց մեկ անձից արվող գնումների պրակտիկան նվազագույնի հասցնելու խնդիրը։ Ըստ նրա՝ այս կարգի ներդրումները տնտեսապես արդարացնելու են իրենց: Վարչապետը վստահություն հայտնեց, որ 2020 թվականը զբոսաշրջության առումով ավելի լավ տարի է լինելու: «Այս ոլորտում շատ անելիքներ ունենք՝ սպասարկման որակի առումով, ընդհուպ սկսած տաքսու վարորդներից և ավարտած մնացած օղակներից պետք է ծրագրեր ունենանք շփման որոշակի կուլտուրա սերմանելու ուղղությամբ: Այստեղ հազար դրամ ավել կամ պակաս տանելու խնդիր չէ, Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար տեղեկատվական թերթիկներ պետք է պատրաստել, այդ թվում՝ տաքսի ծառայությունների գների վերաբերյալ: ՀՀ-ում ամենամեծ խնդիրներից մեկը շարունակում է մնալ զուգարանների հարցը»,-ասաց նա: Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք զուգարանների սանիտարական և քաղաքաշինական նորմեր կան,  և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանից  ստացավ դրական պատասխան: Վերջինս ներկայացրեց, որ կան ստանդարտներ հիգիենիկ պահանջների վերաբերյալ,  առաջիկայում կլինեն հաստատված նորմեր և կանդրադառնան օրենսդրական կարգավորումներին, որտեղ կնախատեսվեն տուգանքների չափերի մեծացում ընդհուպ գործունեության դադարում կլինի: «Մենք համբերատար աշխատել ենք, բայց եկել է այն փուլը, որ պարտադրանքի լեզվով պետք է խոսենք: Այստեղ ընդհուպ պետք է մեխանիզմներ գտնել և բոլոր այն օբյեկտների գործունեությունը, որոնք ստանդարտներին չեն համապատասխանում, նույնիսկ կասեցնել»,-ասաց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր