Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2019 թվականն իսկապես հաջողված տարի էր։ 2018-19 թվականներին, ըստ Փաշինյանի, հաջողվեց լուծել օրակարգի կարճաժամկետ բոլոր խնդիրները, և 2020 թվականը պետք է արդեն ռազմավարական խնդիրների լուծմամբ զբաղվելու ժամանակաշրջան լինի։
«Ես կարծում եմ՝ 2020 թվականը բավական լավ ենք սկսել, և այն նորացված հայեցակարգը, որը մենք առաջարկեցինք ՀՀ քաղաքացիներին և ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, ըստ էության արդարացրեց իրեն։ Եվ ամանորյա օրերին, ընդհուպ մինչև հիմա զբոսաշրջիկները տեսանելի են Երևանի փողոցներում ու ՀՀ-ում։ Թվերն ամփոփոված չեն, բայց առնվազն վիզուալ պատկերն այդպիսին է։ Եվ պետք է արձանագրել, որ դրանում ոչ ամենևին երկրորդական նշանակություն ունեցան այն որոշումները, որ մենք կայացրեցինք Հանրապետության հրապարակում՝ ամանորյա տոնակատարությունների հետ կապված։ Եվ ես կարծում եմ, որ նաև 2018-19 թվականի փորձը հաշվի առնելով և այն, որ մեզ համար ըստ էության ցայտնոտային ժամանակներն ավարտվել են, մյուս տարվա ամանորյա միջոցառումների պլանավորումը պետք է հենց այսօրվանից սկսել»- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց, որ կարգի ներդրումներն իրենց տնտեսապես արդարացնելու են։ Ըստ Փաշինյանի՝ նախատեսվում է, որ 2020 թվականը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու։ Եվ դրա համար կան ազդակներ։ Շուտով կսկսվեն բյուջետային ավիաընկերությունների չվերթները ՀՀ-ում, հաջորդ շաբաթ արդեն բյուջետային ավիաընկերությունն առաջին չվերթը կիրականացնի։ Եվ այդ պրոցեսը շարունակական է։ «Այս ամեն ինչը շատ լավ է, բայց ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ անելիքներ ունենք, մասնավորապես, մեր երկրում սպասարկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ-ում մարդկանց կյանքը փոխելու կառավարության բանաձևին։ «Մենք խոսում ենք, որ բյուջետային ավիաընկերություններն են գալու և ըստ էության տեղափոխելու են, Հայաստան են բերելու ոչ լյուքս սեգմենտի զբոսաշրջիկների։ Եվ Հայաստան են գալիս հաճախորդներ, ովքեր փոքր ու միջին բիզնեսի պոտենցիալ հաճախորդներն են։ Մարդիկ գալիս են Հայաստան՝ ոչ թե գնալու հինգ աստղանի հյուրանոցներում ապրելու, ոչ թե ամենաթանկ ռեստորաններում սնվելու, ոչ թե ճոխ ծառայություններից օգտվելու, գալիս են քայլելու, սար, կենդանի տեսնելու։ Եվ հունվարի մեկից մենք միկրոբիզնեսը ազատել ենք հարկերից»,- ասաց Նիկոլ Փաշինայանը՝ հավելելով, որ աշխատանքն է ՀՀ-ում բարեկեցություն հաստատելու, աղքատությունը հաղթահարելու միջոցը։
«Հիմա մենք այս աշխատանքի համար ստեղծել ենք բերանպաստ դաշտ, և այնտեղ, որտեղ այդ բավարար դաշտում ինքնակարգավորումներ տեղի չեն ունենում, մենք որոշակի ստանդարտներ պետք է պարտադրենք։ Մենք մարդկանց ասում ենք՝ ձեզ ազատել ենք հարկերից և աշխարհի տարբեր վայրերից ձեզ համար բերում ենք պոտենցիալ հաճախորդներ։ Ահա ստեղծված է այն դաշտը, որ ոչ թե կառավարությունը կամ ինչ-որ մարդիկ ձեզ պետք է գումար վճարեն, որ դուք լավ ապրեք, այլ ստեղծված է դաշտ, որպեսզի դուք սեփական մտքով, սեփական աշխատանքով ու գաղափարներով հնարավորություն ունենանք վաստակել օրվա հացը։ Սա է կյանքը փոխելու մեր բանաձևը։ Մենք կառուցում ենք ճանապարհններ, մանկապարտեզներ, դպրոցներ, այլ ենթակառուցվածքներ, որպեսզի այս պոտենցիալ հաճախորդների ու ծառայություն կամ ապրանք առաջարկողների հաղորդակցությունը դառնա հնարավորինս հեշտ։ Սա է լավ ապրելու մոդելը ՀՀ-ում։ Եվ ուզում եմ ասել՝ չաշխատող մարդը երբեք ոչ մի երկրում լավ չի ապրել։ Եվ հետևաբար, մեր խնդիրն է աշխատանքի համար ստեղծել բոլոր պայմանները։ Բազմոցին պառկած մարդկանց աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու։ Այդ մարդը առնվազն պետք է բռնի կառավարության ձեռքը, վեր կենա բազմոցից»,- ասաց նա։ Ըստ Փաշինյանի՝ երկարաժամկետ առումով լավ ապրելու գրավականը կրթությունն է։