Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mercedes C-180 մակնիշի 01 LZ 707 համարանիշի և իրանական 10 A567 10 համարանիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է իրանցի վարորդի և հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Mercedes-ը բախվել է բաժանարար երկաթե արգելապատնեշին և մասամբ փակել երթեևեկելի գոտին: