00:00:00

Երբ հոգիս թռչի անավարտ երգով, վրեժս առե՛ք զուռնա-դհոլով… հիշատակի և ոգեկոչման միջոցառում՝ նվիրված հերոսամարտիկ Լեռնիկ Աղբալյանին

22:03, 07 նոյեմբեր 2019

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի մշակույթի պալատում նոյեմբերի 6-ին՝ հերոսամարտիկ Լեռնիկ Հրանտի Աղբալյանի ծննդյան օրը, տեղի ունեցավ հիշատակի և ոգեկոչման միջոցառում։ Լեռնիկը կդառնար 45 տարեկան։ Միջոցառումը կազմակերպել էր Ազատամուտի համայնքապետարանը՝ «Ազատամուտյան հերոսապատում» շարքում անդրադառնալով նաև արցախյան գոյամարտի նահատակ Լեռնիկ Աղբալյանի հերոսական կյանքին։ Միջոցառմանը ներկա էին հերոսի ընտանիքը, հարազատները, զինակից ընկերները, համայնքի ղեկավարն ու բնակիչները։ «Լեռնիկը պաշտում էր իր ծննդավայրը սիրուց ավելի բարձր զգացումով: Դա սրբազան այն կապն է, որ մարդու հենարանն է դառնում աշխարհի վրա, դառնում է նրա կյանքի էությունը, այդ կյանքն իմաստավորող գործոնը: Այո՛, կարևորն ապրելը չէ, այլ մեծությամբ ապրելը, հպարտ արժանապատվությամբ, ոչ թե գլխիկոր, ապրել աշխարհի պինդ ճակատին հառած պայծառ հայացքով ու վաղվա նկատմամբ անխախտ հավատով. սա էր Լեռնիկի հավատամքը…»,-նշում է հերոսապատում միջոցառումների կազմակերպիչ Վոլոդյա Բալասանյանը։ Հայրը՝ Հրանտ Աղբալյանն իր խոսքում նշեց, որ ոչ միայն ազատումուտցի զոհված զինվորներին, այլև բոլոր հերոս տղաներին ներկա սերունդը պետք է ճանաչի։ «Նոր բանակ գնացողներն ավագ եղբայրներին պետք է ճանաչեն։ Մեր զինվորների արյամբ բերված խաղաղությունն այնքան երկար թող լինի, որ բոլորը գնան, խաղաղությամբ ծառայեն ու գան, իսկ եթե որևիցե վտանգ սպառնա, ավագ եղբայրների վերժը լուծեն ու անփորձանք գան»,-նշեց հերոսի հայրը։ Լեռնիկ Աղբալյանը ծնվել է 1974թ. նոյեմբերի 6-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, ապա տեղափոխվել նույն մարզի Ազատամուտ համայնք։ Նա բացառիկ ունակությունների տեր է եղել, աչքի է ընկել իր ստեղծագործ տաղանդով։ Մշտապես ներկա էր գյուղի բոլոր միջոցառումներին, երգում ու նվագում էր, գրում բանաստեղծություններ։ Առանց որևէ երաժշտական դպրոց հաճախելու՝ Լեռնիկը հիանալի նվագում էր տարբեր երաժշտական գործիքների վրա՝ շվի, կլարնետ, ակարդեոն, դաշնամուր. հիասքանչ ձայն ուներ։ 18 տարեկան էր, երբ զորակոչից առաջ Լեռնիկն ինքնակամ, ընտանիքից գաղտնի 1993 թվականի մայիսի 11-ին զինվորական ավտովբուսով մեկնեց ծառայության Կապանի սահմանապահ զորամաս։ Թեժ կռիվներին շատ հայ կամավորների պես Լեռնիկը ևս կամավորագրվեց Արցախի ազատագրական պայքարի գործին և մեկնեց Հորադիզ։ Այստեղ ծանր մարտերից մեկի ժամանակ նա ոտքից վիրավորում է ստանում և շրջափակումից փրկվում Հադրութի ջոկատի օգնությամբ։ Հոսպիտալում դեռևս բավարար բուժում չստանալով՝ Լեռնիկը կրկին մեկնում է ռազմաճակատ։ Օմարի բարձունքում դաժան մարտեր են սկսվում, որոնց մեջ էր նաև Լեռնիկը։ 1994թ. փետրվարի 19-ին անհավասար մարտում 20 տեղից վիրավորում ստանալով զոհվում է 19-ամյա Լեռնիկը։ Կարմիր արյունով ներկված նրա զինվորական ծոցատետրում գտան հայրենաշունչ այս տողերը. Ազգի պատիվը բարձր պահելով, Եռագույն դրոշը երկինք պարզելով, Թուրքին կհաղթենք հայկական ոգով, Արև կբերենք զուռնա-դհոլով։ Իսկ եթե այրվեմ, վառվեմ կրակով, Սիրտս քուն մտնի թուրքի գնդակով, Իմացե՛ք, տղե՛րք, հպարտ քայլերով Ինձ հողին հանձնեք զուռնա-դհոլով։ Ու թե հեռանամ ես իմ հավատով, Երբ հոգիս թռչի անավարտ երգով, Տղե՛րք ջան, տղեր՛ք, հայկական երգով Վրեժս առե՛ք զուռնա-դհոլով… Շնորհավոր ծնունդդ, մեր անմա՛հ հերոս...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր