00:00:00

Ազատ տեղաշարժ, հարմարավետ տրանսպորտ. Տեսողական խնդիրներ ունեցող անձինք բարձրաձայնում են խնդիրները

14:37, 06 նոյեմբեր 2019

Հայաստանում տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար շարունակում է օրակարգային մնալ ազատ տեղաշարժվելու իրավունքը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կույրերի միավորման մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը նշեց, որ համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով կույրերը չեն կարողանում տեղաշարժվել: «Պաշտոնական տվյալներով այսօր տեսողական խնդիրներ ունեցող անձանց թիվը 5-6 հազար է, սակայն ես կարծում եմ, որ ավելին է: Դե պատկերացրեք, այդքան մարդ համապատասխան պայմանների բացակայության պատճառով չի կարողանում տանից դուրս գալ, ազատ տեղաշարժվել: Օրինակ, մեր մշակույթի տունն ունի խմբակներ, վերանորոգված շենքեր, մարզասրահներ, սակայն այցելուներ չկան: Տեսողական խնդիրներ ունեցողները դժվարանում են գալ»,-ասաց  Յուրի Ավետիսյանը: Ասմունքող Անուշ Մխիթարյանը, ով տեսողական խնդիրներ ունի, կարևոր համարեց ձայնային լուսացույցների առկայությունը: Պարտադիր է, որ դրանք լինեն ոչ միայն քաղաքի կենտրոնում, այլև ծայրամասերում: Դրանից բացի, հասարակական տրանսպորտում ձայնային ուղեցույց լինի, որ տեսողական խնդիր ունեցող անձը կողմնորոշվի տարածության մեջ: «Կրթության ոլորտում էլ անելիքներ կան, բայց, թերևս, ավելի առաջնային է աշխատանքի հարցը: Շատ գործատուների մոտ կարծրատիպերը կոտրված չեն: Նրանք չեն պատկերացնում, որ կույրն էլ կարող է արդյունավետ աշխատել, պարզապես համապատասխան միջավայր է պետք, ինչը բացակայում է»,-ասաց Անուշ Մխիթարյանը: ԵՊՀ-ում միջհամալսարանական կրթության վարչության առաջատար մասնագետ Սաթենիկ   Աբրահամյանը երկար տարիներ կրթության ոլորտում է աշխատում՝ շփվելով տեսողական խնդիրներ ունեցող ուսանողների հետ: «Շփվելով չտեսնող մարդկանց հետ, միշտ հիացել եմ, ամեն անգամ բացահայտել եմ այդ հետաքրքիր աշխարհը: Համալսարանում տեսողական խնդիրներ ունեցող շատ ուսանողներ ենք ունեցել, որոնք տարբեր ֆակուլտետներում են սովորել: Հասարակական հիմունքներով աշխատանք է տարվում, որ երիտասարդները կարողանան իրենց հմտությունները բացահայտել, իրացնել, սակայն դա քիչ է: Պետական մակարդակով պետք է համակարգվի այդ աշխատանքը»,-նշեց Սաթենիկ Աբրահամյանը: Տեսողական խնդիրներ ունեցող հայագետ Ալբերտ Մուշեղյանը, ով ժամանակին եղել է Կույրերի միավորման նախագահ, հիշում է, թե խորհրդային տարիներին ինչպիսի բազմակողմանի աջակցություն էր ցուցաբերվում կույրերին: «1964-1974 թվականներին աշխատել եմ այդ կառույցում, երկու շրջան ընտրվել եմ որպես Կույրերի միավորման նախագահ: Այդ տարիներին միավորումը բեղմնավոր գործունեություն էր ծավալում, շենքեր էր կառուցում, դրանք նաև բնակելի շենքեր էին և բնակարաններ էին տրվում կույրերին: Այսօր ունենք և բնակարանների, և աշխատատեղերի կարիք: Այո, կրթություն ստանում են, բայց աշխատանքի չեն կարողանում ընդունվել»,-ասաց Ալբերտ Մուշեղյանը: Երգչուհի, հոգեբան Լուսինե Դավությանը, ով ևս տեսողական խնդիրներ ունի, նշեց, որ խնդիրները շատ են՝ կապված, թե ենթակառուցվածքների, թե համակարգված աշխատանքի, բացակայության, թե կարծրատիպերի առկայության հետ:
«Այսօր խնդիրներ կան նաև ընտանիքներում: Իմ կոչն ու հորդորն է ընտանիքներին գերխնամք չցուցաբերել նման երեխաների նկատմամբ: Դրանից բացի, կցանկանայի կրթական խնդիրը բարձրաձայնել: Դպրոցներում համապատասխան բրայլին տիրապետող մասնագետների բացակայության պատճառով տեսողական խնդիրներ ունեցող երեխաները մնում են անգրաճանաչ»,-ասաց նա: Լուսինե Դավությանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 11-ին՝ Կույրերի միջազգային օրվան ընդառաջ, կազմակերպում են ցերեկույթ, որի ընթացքում ոչ միայն կբարձրաձայնվեն տեսողական խնդիրներ ունեցող անձանց խնդիրները, այլև կլինեն համերգային, ասմունքի կատարումներ կույրերի մասնակցությամբ: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշման, նոյեմբերի 13-ը նշվում է որպես կույրերի միջազգային օր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր