00:00:00

Ասկերովին եւ Գուլիեւին վերադարձնելու փորձը սոցիալ-քաղաքական պայթյունի պատճառ կդառնա. Ստեփանակերտ

18:01, 03 հոկտեմբեր 2019

Արցախը երբեք դիերի վերադարձի հարցը չի շահարկել, քանի որ կարծում ենք, որ այդ թեմայով շահարկումները սխալ են ոչ միայն միջազգային իրավունքի, այլ նաեւ բարոյականության տեսանկյունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի խնդրանքով, մեկնաբանելով դիերի եւ ձերբակալված անձանց փոխանակման շուրջ բանակցությունների մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, հայտարարեց Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը: «Այդ մարդիկ արդեն զոհվել են: Բարոյական չէ շահարկել նրանց ծնողների, հարազատների զգացմունքները: Սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում, հակառակը, ձգտում են շահարկել այդ թեման, սակայն դա նրանց գործն է: Ինչ վերաբերում է գերիների, ձերբակալվածների, հակառակորդի կողմում պատահաբար հայտնված մարդկանց վերադարձին, ապա մենք նման մոտեցումը ճիշտ ենք համարում ինչպես քաղղաքական, այնպես էլ բարոյական տեսանկյունից, եւ դա միջազգային իրավունքի պահանջն է: Այլ բան չի կարող լինել: Սակայն հարցն այն է, թե ինչ ենք վերադարձնում, եթե նույնիսկ օգտագործենք այդ տերմինը՝ փոխանակում, մարդիկ միանման կարգավիճակով: Այսինքն, եթե մարդը պատահաբար հայտնվել է հակառակորդի տարածքում, նույնիսկ եթե նա զինծառայող է, սակայն ոչինչ չի արել, հանցանք չի գործել, բնականաբար, հակառակ կողմը պետք է վերադարձնի այդ մարդուն, նույնիսկ եթե չի կարող որեւէ մեկի հետ «փոխանակել» նրան: Իսկ Ադրբեջանի նման շահարկել, հայտարարել, թե կվերադարձնի երկու հայերի՝ փոխանակելով ահաբեկիչների եւ մարդասպանների հետ, որոնց մեղքն ապացուցվել է բաց, թափանցիկ դատական պրոցեսում, որին ներկա են եղել միջազգային դիտորդներ, իրավապաշտպաններ, ԶԼՄ-ներ, սխալ է»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը: Նա հիշեցրեց, որ այս մարդիկ կատարել են առանձնապես ծանր հանցագործություններ, սպանել են 2 մարդու, այդ թվում՝ անչափահասի, վիրավորել են մի քանի մարդու, այդ թվում՝ երիտասարդ կնոջ, պատճառել են նյութական վնաս: «Մենք չենք կարող այս մարդկանց «փոխանակել»: Եթե որեւէ մեկը փորձի գնալ այս ճանապարհով, դա կարող է այստեղ սոցիալ-քաղաքական պայթյուն առաջացնել: Այսինքն՝ չի կարող, բայց 100 տոկոսով կառաջացնի՝ միանգամայն անկանխատեսելի հետեւանքներով: Չեմ կարծում, որ դա հնարավոր է: Առավել եւս հիմա»,- նախազգուշացրեց Բաբայանը: Նրա խոսքով՝ նման ճանապարհը զրկում է ռամիլ սաֆարովին պարսավելու բարոյական իրավունքից, զրկում է սպանված Գուրգեն Մարգարյանի եւ Սմբատ Ցականյանի, մյուս սպանվածների ազգականների եւ նույնիսկ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների աչքերին նայելու իրավունքից: «Սա նույն շղթայի օղակներն են: Եթե մենք բաց ենք թողնում,- իսկ չէ՞ որ վերադարձնելը կնշանակի, որ մենք փաստացի բաց ենք թողնում ահաբեկիչներին,- դա նշանակում է, որ մենք ընդունում ենք եւ մոռանում այն, ինչ տեղի է ունեցել Գուրգեն Մարգարյանի հետ: Սպանվածների շիրիմներին քաղաքական գործիչների այցելությունները բացարձակ կեղծիք կլինեն: Այն, ինչ արել են Ասկերովն ու Գուլիեւը, հավասար է ռամիլ սաֆարովի արածին: Նրանց ազատելով՝ մենք հաշտվում ենք նրա արածի փաստին: Մենք ընդունում եւ մոռանում ենք մարդկության դեմ հանցագործությունների մասին, որոնք վաղեմության ժամկետ չունեն»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր