00:00:00

Ամփոփվել են «ARPA» ինստիտուտի նորարարության ամենամյա մրցույթի արդյունքները

17:44, 03 հոկտեմբեր 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է «ARPA» (Analysis Research and Planning for Armenia,) ինստիտուտի կողմից իրականացվող  նորարարության ամենամյա մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում երիտասարդ գիտնականներին  հանձնվել են սերտիֆիկատներ, իսկ հաղթողներին շնորհվել են վկայագրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նախարարը շնորհավորել է մրցանակակիրներին, նշել է, որ հրաշալի է, երբ կան գիտությամբ հետաքրքրվող և գիտությանն ու տեխնոլոգիական զարգացմանն աջակցող կազմակերպություններ ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։

Հակոբ Արշակյանի խոսքով` ամենակարևորը, որ կարելի է ակնկալել Սփյուռքից, գիտելիքի աջակցությունն է, որը, միավորվելով մեր երկրի գիտելիքի և գիտության հետ, կարող է շատ մեծ արդյունքներ գրանցել։
Նախարարը մի շարք օրինակներ է բերել գիտությունից դեպի ապրանքայնացում, առևտրայնացում շղթան Սփյուռքի օգնությամբ զարգացնելու հնարավորությունների, ներքին գիտական արդյունքը ճիշտ օգտագործելու վերաբերյալ,  բարձր է գնահատել «ARPA»-ի դերը Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։
Հակոբ Արշակյանը մրցույթի մասնակիցներին  մաղթել է նորանոր ձեռքբերումներ, կարևորել, որպեսզի նրանց  գաղափարները շարունակական լինեն,  և այնպիսի էկոհամակարգ ստեղծվի, որտեղ հնարավոր կլինի գիտությունից մինչև շուկա կապն ապահովելով` ստեղծել ինքնավերարտադրվող և ինքնաֆինանսավորվող ամբողջական մի շղթա։
Ինստիտուտի նախագահ Հակոբ Փանոսյանը նշել է մի շարք նորարարական գաղափարների մասին,  որոնք «ARPA»-ն ցանկանում է կյանքի կոչել Հայաստանում։ Նա հատկապես ընդգծել է նանոտեխնոլոգիական կենտրոն ստեղծելու, սահմանամերձ գյուղերում փոքր բիզնեսի զարգացմանն ուղղված գործունեության, գիտական հանդեսների հրատարակման նպատակների մասին։
Հակոբ Փանոսյանը նաև տեղեկացրել է, որ ֆիզիկայի հետազոտությունների կենտրոնին «ARPA»-ն նվիրել է բարձրակարգ սարքավորումներ։
«ARPA» ինստիտուտը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է Լոս Անջելեսում 1992թ. մի խումբ ամերիկահայ գիտնականների կողմից: Կազմակերպության գլխավոր նպատակն է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրթական, տնտեսական, քաղաքական, առողջապահական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության խթանումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր