00:00:00

«Ազգային անվտանգությունը պետք է լինի ժողովրդի անվտանգության ողնաշարը. այս նախագծով ԱԱԾ-ն ուժեղանալու է և շատ ավելի կարևոր լծակներ է ունենալու»

16:43, 03 հոկտեմբեր 2019

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում  ընդունեց «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ Կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործման նպատակով Հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է լինելու պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանը և զարգացմանը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորմանը, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների հնարավորինս նվազեցմանը, թափանցիկության և մասնակցայնության գործիքների շարունակական ներդրմանը, կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետության բարձրացմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող գործուն կառուցակարգերի ներդրմանը: Միաժամանակ, Ռազմավարությամբ հատուկ անդրադարձ է կատարվում հակակոռուպցիոն կրթությանը և իրազեկման միջոցով կոռուպցիայի նկատմամբ ժխտողական վերաբերմունքի սերմանմանը: Ռազմավարության ընդունմամբ ակնկալվում է ռազմավարական մոտեցման արդյունքում հնարավորին նվազեցնել կոռուպցիան, զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգեր: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց՝ նախագիծը իրենց հետ չեն քննարկել, ինչին վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Ինձ զարմացնում է, որ երբ հարցը գալիս, հասնում է նիստ ու ասվում է չի քննարկվել մեզ հետ. այս տրամաբանությամբ մենք տեղում կդոփենք, սա քաղաքական հարց է, քաղաքական որոշումը կայացված է», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե չպետք է մեկ քայլ առաջ անեն և երկու քայլ հետ գնան: «Չի կարելի հարցերի քննարկումը անվերջ ձգենք, մանավանդ, նոր Հայաստանում սիրում ենք ասել՝ եկեք էլի քննակենք, քննարկենք», - ասաց վարչապետը՝ նաև արձգանքելով քննադատություններին, թե այս նախագծով թուլացնում են Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, նշեց, որ ճիշտ հակառակը, ուժեղացնելու են: «Մենք հասկացանք, որ մեծ ալերգիաներ է առաջացնում վեթինգ բառը, որոշեցինք բովանդակությունը մնա, վերնագիրը ուրիշ լինի: Մենք ասում ենք, որ պաշտոնատար անձի բարեվարքությունը ստուգելու գործուն մխանիզմներ պետք է լինեն և մենք դրանք քայլ առ քայլ ստեղծում ենք», - ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քննարկումների արդյունքում եզրակացության են եկել, որ այս նախագծով, միանշանակ, ԱԱԾ-ն դառնալու է շատ ավելի ուժեղ կառույց՝ լուրջ, խորքային, բովանդակային գործառույթներով: «Ազգային անվտանգությունը պետք է լինի ժողովրդի անվտանգության ողնաշարը. այս նախագծով ԱԱԾ-ն շատ լուրջ ուժեղանալու է և շատ ավելի կարևոր լծակներ է ունենալու սպառնալիքները կանխարգելելու համար», - ասաց ՀՀ վարչապետը:
Նա նշեց, որ նույն խնդիրը դրվում է Ոստիկանության համար և եկել են այն համոզման, որ ոստիկանությունը նույնպես ուժեղանալու է՝ հանրային անտանգությունը ապահովելու իմաստով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր