00:00:00

Ես ներողամտություն եմ հայցում. դպրոցի տնօրենը` «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսի մասին

20:14, 24 մարտ 2018

Երեկ երեկոյան կայծակնային արագությամբ համացանցում տարածվեցին Երեւանի Հակոբ Օշականի անվան N172 հիմնական դպրոցում Ռուսաստանին նվիրված միջոցառման լուսանկարները, որտեղ աշակետներն այդ երկրի ազգային հագուստով են, իսկ նրանց գլխավերեւում է «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսը, գրում է armtimes.com-ը: Քննադատություններն անխնա էին՝ ընդհուպ մինչեւ դավաճանություն որակելը: Դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանն այսօր մեր զրույցում հայտարարեց, որ հոկտեմբերից սկսած անցկացվում է «Աշխարհը մեր աչքերով» խորագիրը կրող միջոցառումների շարք, եւ տարբեր դասարաններ ներկայացնում են որեւէ երկիր: Ամեն մի միջոցառման համար, ըստ տնօրենի, ընտրվել է տվյալ երկրին հատուկ կարգախոս: Ռուսաստանից բացի, աշակերտներն արդեն իսկ անդրադարձել են Իտալիային՝ «VIVA ITALIA» կարգախոսով, Չինաստանին՝ «Չինանստանը մեր աչքերով» կարգախոսով, Հունաստանին նվիրված միջացոռումն ունեցել է «Ա՜խ Հունաստան, իմ քնքուշ երազ» կարգախոսը, Ճապոնիայի դեպքում ընտրվել է «Հրաշքների երկիր Ճապոնիան» եւ այլն: Գայանե Մկրտչյանի փոխանցմամբ (լուսանկարի կենտրոնում), միջոցառումների նպատակն է ծանոթանալ տարբեր երկրների սովորույթներին, մշակույթին, խոհանոցին, բայց նաեւ ցույց տալ, որ աշխարհով մեկ շրջելուց հետո, միեւնույն է, ամենալավը Հայաստանն է: Շարքն, ըստ նրա, մայիսին եզրափակելու է «Ձոն Հայաստանին» միջոցառումը՝ դարձյալ նույն եզրահանգումով: «Ռուսաստանի դեպքում «Վիվա Ռոսիա» չէինք գրի, «Իմ երազանքների աշխարհ» չէինք գրի եւ այլն: Քանի որ «հայրենիք» բառը ռուսները շատ են օգտագործում, ընտրվել է այդ տարբերակը: Միգուցե, հնարավոր է, որ երբ վերնագիրն է նայվում, թվում է շատ տարօրինակ: Այո՛, իմ սխալը նրանում է, որ ես չեմ մտածել, որ մեկնաբանություններ պետք է գրվեին (դպրոցի ֆեյսբուքյան էջում-խմբ.)՝ ինչու է այդ վերնագիրը: Մենք ,որ գիտենք մեր նպատակը, չենք մտածել, որ այսպիսի մեծ աղմուկ կբարձրանա, որովհետեւ դա ոչ թե մեր կարգախոսն է՝ մեր դպրոցի, մեր Հայաստանի, մեր հայ երեխաների, այլ աշակերտների դերակատարման հետ էր կապված: Ամեն երկիր ունի իր կարգախոսը, երեխաներն այդ երկրի կարգախոսի տակ են հանդես եկել, բայց որպես դերակատարում: Ես ներողամտությունն եմ հայցում այն մարդկանցից, որոնք սխալ են ընկալել, բայց նման ձեւով մեկնաբանություններ՝ առանց մանրամասնելու, առանց ճշտելու, առանց ինձ հետ խոսելու...»,- ասաց Օշականի անվան դպրոցի տնօրենը: Հարցին, թե ամեն դեպքում «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսի մեջ վտանգավոր ուղերձ չի՞ տեսնում, որը երեխաները կարող են ընդունել թեկուզ ենթագիտակցաբար, Գայանե Մկրտչյանը պատասխանեց. «Բացարձակ, որովհետեւ ի սկզբանե բոլոր դասարաններին բացատրված է եղել՝ ինչու ենք շրջում ամբողջ աշխարհով ու վերջում ինչ եզրակացության ենք գալիս: Այդ եզրակացությունը լինում է նաեւ ամեն միջոցառման վերջում, կարմիր թելի նման անցնում է այդ միտքը, որ տեսեք՝ ինչ լավ է, որ մենք մեր երկրում ենք, մենք էլ ունենք լավ բան, մեր Հայաստանն է լավը, մեր հողն է լավը»: Նա հավաստիացրեց, որ «Ռուսաստանը իմ հայրենիքն է» կարգախոսի ընտրության հարցում չի եղել դրսից որեւէ միջամտություն: «Չէ, չէ: Որ մեղադրում են՝ տնօրենը, դասվարը, դպրոցը հաճոյանում են, ո՞ւմ էինք հաճոյանալու: Ո՛չ Ռուսաստանի դեսպանատնից ենք հյուրեր ունեցել, ո՛չ որեւէ ռուս ներկայացուցիչ է եղել, որեւէ մեկը չի եղել ոչ նախարարությունից, ոչ քաղաքապետարանից, ոչ թաղապետարանից: Կամ Ռուսաստանին հաճոյանալու ի՞նչ ունենք: Մենք սովորական, պետական դպրոց ենք Հայաստանի Հանրապետությունում: Դա եղել է մեր ներքին՝ դպրոցական միջացառումը, որը ես չգիտեի, որ այսպիսի արձագանք կստանար: Երեւի պետք է իմանայի, պետք է ենթադրեի ամեն դեպքում, բայց չեմ ենթադրել, որովհետեւ ես քաղաքականացված չեմ, ես չեմ մտածել, որ ենթատեքստ կփնտրեն»,- ասաց տնօրենը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր