00:00:00

«Ինչո՞ւ նախագիծը փորձաքննության նպատակով չի ուղարկվել նաեւ Վենետիկի հանձնաժողովին». Արփինե Հովհաննիսյան

15:25, 29 հունիս 2019 Իրավական

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ղեկավարած «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որն ուղարկվել է միջազգային փորձաքննության: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Սույն թվականի հունիսի 10-ին արդարադատության պաշտոնաթող նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության։ Այդ փաստը հաստատեց նաեւ նոր նախարարը։ Այս կապակցությամբ «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ն հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե - եթե նախագիծը պատրաստ է, ապա ինչու այն չի հրապարակվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am), - որ միջազգային կազմակերպությունները եւ/կամ որ միջազգային փորձագետներն են իրականացնելու համապատասխան փորձաքննությունը։ Հարցմանը ի պատասխան՝ նախարարությունը տեղեկացրել է, որ. - Նախագծի մշակումը դեռեւս ավարտին չի հասցվել եւ չի ներկայացվել շահագրգիռ մարմիններին: Միջազգային գործընկերների դիրքորոշումները ստանալուց եւ դրանք ամփոփելուց հետո նախագիծն օրենքով սահմանված կարգով կուղարկվի շահագրգիռ մարմիններին եւ կհրապարակվի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: - Նախագիծն ուղարկվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպություն, ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցագործության դեմ պայքարի գրասենյակ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտ, Եվրոպայի խորհուրդ եւ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ: Այսինքն, ստացվում է, որ նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության՝ առանց նույնիսկ ներպետական մակարդակով այն շահագրգիռ մարմինների հետ քննարկելու։ Սա նվազագույնն առաջացնում է հետեւյալ հարցերը. - Արդյո՞ք միջազգային փորձաքննության արդյունքները լինելու են վերջնական, եւ ոչ մի ներպետական մարմին կամ կառույց չի կարողանալու ներկայացնել այդ փորձաքննության արդյունքներից տարբերվող դիտարկումներ։ - Ինչպե՞ս են ներպետական իրողությունները (որոնք արտահայտվում են շահագրգիռ մարմինների, ՀԿ-ների եւ մասնագիտական հանրույթի դիտարկումներում) հասանելի դառնալու միջազգային փորձագետներին, որպեսզի վերջիններս կարողանան առավել բազմակողմանիորեն անցկացնել փորձաքննությունը։ - Արդյո՞ք շահագրգիռ մարմինների կարծիքները ստանալուց հետո նախագիծն ուղարկվելու է կրկնակի միջազգային փորձաքննության։ - Ինչո՞ւ նախագիծը փորձաքննության նպատակով չի ուղարկվել նաեւ Վենետիկի հանձնաժողովին՝ չնայած այն փաստին, որ Վենետիկի հանձնաժողովը միակ միջազգային կառույցն է, որն իրականացրել է ՀՀ Սահմանադրության փորձաքննություն, իսկ քննարկվող նախագիծն առերեւույթ հակասություններ ունի երեք սահմանադրական սկզբունքների հետ։ «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ն անընդունելի է համարում նման կարեւոր նախագծի՝ նման ձեւաչափով քննարկումները։ Անթույլատրելի է այն, որ նախագիծը հասանելի չէ ոչ միայն հանրության լայն շրջանակներին, այլեւ նույնիսկ շահագրգիռ պետական մարմիններին։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքներն ընդունվում են լայնածավալ հասարակական քննարկումների, թափանցիկության եւ հաշվետվողականության պայմաններում։ Սրանք են այն նվազագույն երաշխիքները, որոնք ապահովում են նախագծի նկատմամբ հանրային համաձայնությունը եւ վստահությունը, մինչդեռ մինչ այս պահը ՀՀ իշխանությունները որեւէ կերպ չեն ապահովել նշված երաշխիքները։ Այդ պատճառով, նախագծի ընդունման համար վճռորոշ ենք համարում քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչների եւ մասնագիտական շրջանակների ակտիվ մասնակցությունը նախագծի քննարկմանը։ ՀՀ կառավարությունից պահանջում ենք ապահովել նախագծի քննարկման թափանցիկությունը եւ կոչ ենք անում մյուս հասարակական կազմակերպություններին՝ միանալ սույն հայտարարությանը։ Միեւնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն հայտարարությունն ուղարկվելու է Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի եւ միջազգային կազմակերպությունների մեր այլ գործընկերներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր