00:00:00

Ինչ է տեղի ունեցել «Նորատուսցի Ալիկի» երևանյան տան մոտ՝ «Բդոյի», «Տարզանի» ու ոստիկանների մասնակցությամբ միջադեպի օրը

02:01, 05 հունիս 2019 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Արմեն Գասպարյանի, Արման Խալապյանի և Հրաչյա Հակոբյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ:
Ընդհանուր իրավասության դատարանում գործի քննությունը սկսվել է 2016 թվականի հուլիսից, իսկ դատավճիռ կայացվել է 2018 թվականի դեկտեմբերի 10-ին: Դեպքը տեղի է ունեցել «Նորատուսցի Ալիկի»՝ Ալիկ Բանդուրյանի մոր անունով Երևանում գտնվող տան մոտ 2015 թվականի սեպտեմբերի 18-ին: Այս գործով ամբաստանյալներից՝ «Բդո» մականունով Արմեն Գասպարյանը ամբաստանյալ է նաև «Նորատուսցի Ալիկի» ու «Չարբախցի Գեղամի»՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված «ռազբորկայի» գործով: Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21-ի սահմաններում «Նորատուսցի Ալիկի» մտերիմներ «Բդո» մականունով Արմեն Գասպարյանը, «Տարզան» մականունով Արման Խալապյանը, ինչպես նաև ոստիկանության պետական պահպանության վարչության աշխատակից Հրաչյա Հակոբյանը, որ պայմանագրային կարգով ծառայություն էր իրականացնում «Նորատուսցի Ալիկի» մոր անունով գրանցված «Եվրոպա» ընկերությունում, Երևանի Շահումյան փողոցում՝ վերոհիշյալ տան մոտ, մոտեցել են այնտեղ կայանված մեքենայի մեջ գտնվող ոստիկանության աշխատակիցներ Դավիթ Ա.-ին, Սուրեն Գ.-ին ու Անդրանիկ Ե.-ին: Հետաքրքրվել են, թե նրանց մեքենան ի՞նչ նպատակով է կայանված Ալիկ Բանդուրյանի տան մոտ: «Օպել» մեքենայի մեջ գտնվողները, ըստ առաջադրված մեղադրանքի, «ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ՝ ցույց տալով վկայականները, և հայտնել են, որ տարածքում ծառայություն են իրականացնում»: Նշենք, որ այս հանգամանքը այլ կերպ է ներկայացվում ամբաստանյալների կողմից. նրանք պնդում են, որ հիշյալ տան մոտ կայանված մեքենայում գտնվողները չեն ներկայացել որպես ոստիկաններ, վկայականներ ցույց չեն տվել, եղել են քաղաքացիական հագուստով, մեքենան եղել է առանց տարբերանշանների… Ըստ մեղադրանքի՝ «հավաստիանալով, որ մեքենայում գտնվողները ոստիկաններ են, և անտեսելով այդ հանգամանքը» Արմեն Գասպարյանը իր մոտ ապօրինի գտնվող «Սայգա ՄԿ» 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի գործադրմամբ, Արման Խալապյանի հետ, Հրաչյա Հակոբյանի օժանդակությամբ իշխանության ներկայացուցիչ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ գործադրել է առողջության համար վտանգավոր բռնություն՝ ձեռքերով ու ոտքերով , ինչպես նաև ինքնաձիգի խզակոթով հարվածներ է հասցրել նրանց՝ Անդրանիկ Ե.-ի առողջությանը պատճառելով թեթև վնաս, իսկ մյուս երկու տուժողների առողջությանը՝ թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Ըստ մեղադրանքի՝ նույն ժամանակ տուժող Դավիթ Ա.-ի կանչով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, սակայն Արմեն Գասպարյանն ու Արման Խալապյանը չեն ենթարկվել ծեծը դադարեցնելու և զենքը վայր դնելու օրինական պահանջներին, շարունակել են ծառայական պարտականություններ կատարող ոստիկաններին դիմադրություն ցույց տալ, որը, ըստ մեղադրանքի, «կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից հատուկ հնարքներ կիրառելու արդյունքում»: Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Հակոբյանը, օժանդակելով Արմեն Գասպարյանին ու Արման Խալապյանին, վերցրել է հեռախոսակապի միջոցով օժանդակ ուժեր կանչելու փորձ կատարող Անդրանիկ Ե.-ի բջջային հեռախոսը, գցել է գետնին, նրան զրկել է օգնություն կանչելու հնարավորությունից: Արման Խալապյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով, Արման Գասպարյանին՝ 316 հոդվածի 2-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով, իսկ Հրաչյա Հակոբյանին՝ 38-316 հոդվածի 2-րդ մասով: Երեք ամբաստանյալները, որ գտնվել են նախնական կալանքի տակ, վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ ազատ են արձակվել գրավով: Այս գործով ՀՀ քրեական օրենսգրքի 239 հոդվածով մեղադրանք էր առաջադրվել նաև Կարեն Խաչատրյանին: Վերջինիս էր պատկանում՝ նրա անունով էր հաշվառված դեպքի պահին Արմեն Գասպարյանի մոտ գտնվող, փամփուշտներով լիցքավորված «Սայգա» որսորդական ակոսափող ինքնաձիգը: Խաչատրյանը մեղադրվում էր իրեն պատկանող զենքը դեպքից օրեր առաջ Արմեն Գասպարյանին հանձնելու, զենքը պատշաճ չպահելու համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքի: Առաջին ատյանի դատարանը հաստատված է գնահատել, որ Կարեն Խաչատրյանը 2015 թվականի սեպտեմբերի կեսին որսի գնալու նպատակով հանդիպել է ընկերոջը՝ Արման Գասպարյանին, վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, որսի չեն գնացել, բայց Խաչատրյանը որսորդական հրացանը թողել է Արմեն Գասպարյանի մոտ՝ նրա փաստացի բնակության վայրում: 2015 թվականի սեպտեմբերի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի հաստատած գրաֆիկով նույն բաժնի օպերլիազորներ Դավիթ Ա.-ն, Սուրեն Գ.-ն ու Անդրանիկ Ե.-ն, վերջինիս «Օպել» մեքենայով օպերատիվ ծառայություն են իրականացրել բաժնի կողմից սպասարկվող տարածքներում: Մեքենան կայանված է եղել այն փողոցի հատվածում, որտեղ գտնվում է «Նորատուսցի Ալիկի» մոր անունով հաշվառված տունը: Ալիկ Բանդուրյանի մտերիմներ Արմեն Գասպարյանը, Արման Խալապյանը մոտեցել են կայանված «Օպել» մեքենային՝ պարզելու այդ վայրում գտնվելու նպատակը: Արմեն Գասպարյանն իր հետ վերցրել է Կարեն Խաչատրյանի «Սայգա» որսորդական ինքնաձիգը: Ըստ դատական ակտի՝ Արմեն Գասպարյանն ու Արման Խալապյանը մեքենայում գտնվողներին հարցուփորձ են արել, Գասպարյանը «ձեռքի ինքնաձիգով սպառնալով՝ պահանջել է, որ նրանք մեքենայից դուրս գան: Նրանք ներկայացել են որպես ոստիկաններ, ցույց են տվել վկայականները, հայտնել են, թե տարածքում ծառայություն են իրականացնում: Գասպարյանի հանձնարարությամբ Խալապյանը զննել է մեքենան, բեռնախցիկում տեսել է ոստիկանական համազգեստի գլխարկ, վկայականի համար նախատեսված՝ համազգեստով լուսանկարներ, այցեքարտեր, ոստիկանական ձևաթղթեր: Անդրանիկ Ե.-ն փորձել է թույլ չտալ, որ մեքենան զննեն, ինչի պատճառով վիճաբանություն ու քաշքշուկ է առաջացել, Գասպարյանն ու Խալապյանը Անդրանիկ Ե.-ի առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել՝ ձեռքերով, ոտքերով, ինքնաձիգի խզակոթով հարվածել են վերջինիս մարմնի տարբեր մասերին, նրա առողջությանը պատճառել են թեթև վնաս: Խալապյանը ձեռքով հարվածել է միջամտելու փորձ կատարող Սուրեն Գ.-ի դեմքին: Գասպարյանն ու Խալապյանը հարվածել են նաև միջամտելու փորձ կատարող Դավիթ Ա.-ին: Միջադեպը կանխվել է Դավիթ Ա.-ի կողմից կատարված հեռախոսազանգի արդյունքում դեպքի վայր ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից»: Երեք ամբաստանյալներն էլ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել: Նրանք իրադարձությունները այլ կերպ են նկարագրել: Արմեն Գասպարյանն ու Արման Խալապյանը հայտնել են, թե դեպքի օրը Ալիկ Բանդուրյանի մորը նրա ղեկավարած «Եվրոպա» ընկերությունից նրա մեքենայով տուն են ուղեկցել: Երբ հասել են Շահումյան փողոցում գտնվող տան մոտ, ոչ հեռու կայանված տեսել են «Օպել» մեքենա: Նկատել են, որ վարորդի կողքին նստածը, իրենց տեսնելով, գլուխն իջեցրել ու փորձել է թաքնվել: Արմեն Գասպարյանը Խալապյանին առաջարկել է պարզել, թե ովքեր են մեքենայի մեջ, ինչ նպատակով են մեքենան կայանել այդ տարածքում: Խալապյանի հարցին վարորդը պատասխանել է, թե ցանկանում են այդտեղ հողատարածք գնել: Նա ցույց է տվել Ալիկ Բանդուրյանի մորը պատկանող կիսակառույց տունը: Գասպարյանն ու Խալապյանը տեղյակ լինելով, որ այդտեղ հողատարածք չի վաճառվում, պահանջել են, որ մեքենայում գտնվողները դուրս գան մեքենայից: Նրանք կանչել են ոստիկանության աշխատող Հրաչյա Հակոբյանին, ով դուրս էր գալիս Ալիկ Բանդուրյանի մոր տանից, որպեսզի Հակոբյանը, որպես ոտիկանության աշխատող, պարզի, թե մեքենայում գտնվողներն ովքեր են: Վերջիններս Հրաչյային էլ նույն պատասխանն են տվել: Արմեն Գասպարյանը բացել է դուռն ու հետևի նստատեղին նստածին առաջարկել է դուրս գալ: Երբ այդ անձն իջել է մեքենայից, Գասպարյանը նրա կողքին նկատել է ատրճանակը ու գոռացել է. «Սրանք կիլլեր են»: Խալապյանը բռնել է այդ անձի ձեռքը, որ նա չկարողանա ատրճանակը հանել: Այդ ժամանակ տարածքում հայտնվել են այլ մեքենաներ, որոնցից իջել են հինգ հոգի ու ներկայացել են որպես ոստիկաններ: Քրեական հետախուզության պետ ներկայացած անձը վկայական է ցույց տվել: Ըստ ամբաստանյալների՝ իրենք անմիջապես ենթարկվել են ժամանած ոստիկանների պահանջին, Գասպարյանը հանձնել է մոտը եղած ինքնաձիգը, նստել են նրանց մեքենան ու բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Միայն բաժնում են իմացել, որ «Օպելի» մեջ նստած երեք հոգին ոստիկաններ էին: Ամբաստանյալները պնդել են, որ «Օպելը» չեն զննել, ոստիկանական գլխարկ, լուսանկարներ ու այլ փաստաթղթեր չեն գտել, ոչ մեկին չեն հարվածել, միայն հետևի նստատեղին նստածի հետ փոխադարձ քաշքշուկ է առաջացել… Տուժող ոստիկանների վարկածով՝ հիշյալ տարածքում դեպքի օրն իրենք օպերատիվ-հետախուզական ծառայություն էին իրականացնում՝ ըստ գրաֆիկի: Երբ գտնվել են մեքենայի մեջ, վարորդի կողմի դուռը բացել է «Տարզան» մականունով Արման Խալապյանը, պահանջել է իջնել մեքենայից: Իրենք իջել են, տեսել են ևս երկու անձի, որոնցից «Բդո» մականունով Արմեն Գասպարյանի ձեռքին ինքնաձիգ կար: Իրենք ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, ցույց են տվել վկայական, ասել են, թե ծառայություն են իրականացնում: Խալապյանն ուսումնասիրել է վկայականները, ասել է, թե դրանք կեղծ են: Գասպարյանի պահանջով նա զննել է մեքենան, իրենք փորձել են թույլ չտալ, բայց Գասպարյանը սպառնացել ինքնաձիգով: Խալապյանը բեռնախցիկից հանել է ոստիկանության համազգեստի գլխարկ ու քմծիծաղով ասել է. «Սրանք մենթ են»: Նա գլխարկը գցել է գետնին: Բեռնախցիկից հանել է նաև այցեքարտեր, արձանագրությունների ձևաթղթեր, ոստիկանի համազգեստով լուսանկարներ: Իրենցից պահանջել են պառկել գետնին: Ինքնաձիգը ձեռքին Գասպարյանը զանգել է ինչ-որ մեկին ու ասել է՝ սրանք մենթեր են: Նրա խոսելուց հասկացել են, որ իրենց ուզում են տանել «բեսեդկա», որը տանից մոտ 100 մետր հեռու էր: Իրենք դիմադրել են, վիճաբանություն է սկսվել, նրանք հարվածներ են հասցրել իրենց: Անդրանիկ Ե.-ն փորձել է զանգել բաժին և օժանդակ ուժեր կանչել, բայց Հրաչյա Հակոբյանը նրա ձեռքին հարվածել, հեռախոսը գցել է գետնին… Առաջին ատյանի դատարանը հաստատված է գնահատել Արման Խալապյանին, Արմեն Գասպարյանին ու Կարեն Խաչատրյանին առաջադրված մեղադրանքները: Արման Խալապյանը վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի 10 ամիս 15 օր ազատազրկման, Արմեն Գասպարյանը՝ 6 տարի 10 ամիս 15 օր ազատազրկման: Նրանց պատժի սկիզբը կհաշվվի փաստացի արգելանքի տակ առնելու պահից, եթե առաջին ատյանի դատարանի դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ: Կարեն Խաչատրյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Հրաչյա Հակոբյանին առաջին ատյանի դատարանն արդարացրել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել Արման Խալապյանի ու Արմեն Գասպարյանի շահերի պաշտպանները և մեղադրող դատախազը: Դատախազը բողոք է բերել Հրաչյա Հակոբյանի արդարացման մասով՝ պահանջելով նրան մեղավոր ճանաչել ու դատապարտել համաչափ պատժի: Արման Խալապյանի ու Արմեն Գասպարյանի շահերի պաշտպանները պահանջել են իրենց պաշտպանյալներին արդարացնել ու դադարեցնել նրանց քրեական հետապնդումը: Ապօրինի զենք կրելու մասով Արմեն Գասպարյանի նկատմամբ կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթը, այդ մասով վարույթը կարճել: Դատական այս նիստում դատարանը հարցեր տվեց բողոքներ բերած կողմերին: Արման Խալապյանի շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Ավագյանը, անդրադառնալով մեղադրանքի այն ձևակերպմանը, թե ոստիկանական օգնական ուժերը դեպքի վայրում երեք ոստիկաններին ակտիվ դիմադրություն ցույց տվող եռյակին կարողացել են բերման ենթարկել «հատուկ հնարքներ ու միջոցներ կիրառելու արդյունքում», նշեց, թե այդ «հատուկ հնարքներն ու միջոցները» Արմեն Գասպարյանի ու Արման Խալապյանի ձեռքերը ոլորելով մեքենա նստեցնելն է եղել: Դատարանը մեղադրող դատախազին հարցրեց տուժող, ոստիկանության աշխատող Անդրանիկ Ե.-ի՝ դեպքի պահին ծառայողական վկայական ունենալու վերաբերյալ: Ըստ գործի նյութերի՝ Անդրանիկ Ե.-ի մոտ եղել է ժամկետանց վկայական՝ նրա նախորդ ծառայության վայրն ու պաշտոնը փաստող. դեպքից 4 ամիս առաջ՝ 2016 թվականի մայիսին, Անդրանիկ Ե.-ն ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից տեղափոխվել էր Երևան՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունք, բայց նոր ծառայության վայրին համապատասխան վկայական նա ստացել է դեպքից հետո միայն: Դատարանը հետաքրքրվեց՝ այս հարցի պարզաբանմանը ձեռնամուխ է եղել պաշտպանական կողմը, իսկ պետական կառույցը այդ ուղղությամբ ոչինչ չի արել: Դատարանը հարցրեց. «Մարդը ոստիկանության Գեղարքունիքի վարչության անչափահասների գծով ծառայությունից դեպքից չորս ամիս առաջ տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունք, ո՞ւր էր նրա նոր վկայականը: Ըստ տուժողների, այդ թվում՝ Անդրանիկ Ե.-ի պնդման՝ դեպքի վայրում իրենք անմիջապես ներկայացել ու ներկայացրել էին իրենց ծառայողական վկայականները, ի՞նչ վկայական էր ներկայացրել Անդրանիկ Ե.-ն»: Դատախազը փորձեց պարզաբանել՝ երբ մի ծառայությունից տեղափոխվում են այլ ծառայություն, նոր վկայականն անմիջապես չի տրվում, այդ ընթացքում ծառայողը, հնարավոր է, դեռ օգտագործում է… հին վկայականը… Մյուս երկու տուժողների կողմից դեպքի վայրում վկայական ցույց տալն ու պատշաճ ներկայանալը ևս գործով հաստատված չէ՝ ըստ պաշտպանական կողմի: Մասնավորապես՝ տուժող Սուրեն Գ.-ն հայտնել է, թե ինքը հիշում է, որ Անդրանիկ Ե.-ն վկայական էր ցույց տալիս Արմեն Գասպարյանին: Ինքն էլ է վկայականը ցույց տվել, բայց չի հիշում՝ կոնկրետ՝ ում: Պաշտպանական կողմը տարակուսեց՝ մարդը հիշում է՝ ծառայակիցն ում էր վկայական ցույց տալիս, բայց չի հիշում, թե ի՞նքն ում է ցույց տվել իր վկայականը: Դատախազը պատասխանեց, որ դեպքի վայրում խառնաշփոթ է եղել, տուժողը, հնարավոր է, խառնաշփոթի պատճառով չի հիշել՝ ինքն ում է ցույց տվել իր վկայականը, նա հայտնել է այն, ինչ հիշել է: Դատախազը նաև հիշատակեց, որ Սուրեն Գ.-ն, ներկայումս ոստիկանական ծառայությունից ազատված լինելով ու պարտականություն չունենալով ոստիկանության օգտին ցուցմունք տալու, պնդել է, որ իրենք երեքն էլ ցույց են տվել իրենց վկայականները ու ներկայացել են որպես ոստիկաններ: Քանի որ դատախազը իր ասածները հիմնավորում էր միայն տուժողների ցուցմունքներով, դատարանը հարցրեց՝ եթե տուժողների ցուցմունքներն արժանահավատ են, ապա ըստ քրեական գործի նյութերի՝ օգնության հասած ոստիկանները նշել են, թե դեպքի վայրում տեսել են՝ ինչպես են երեք տղամարդիկ ոտքերով ու ձեռքերով ծեծում իրենց ծառայակիցներին: Նման պայմաններում Հրաչյա Հակոբյանին ինչո՞ւ է մեղադրանք առաջադրվել մյուս երկուսին օժանդակելու, ոստիկանի հեռախոսը գետնին նետելու համար միայն: Դատախազը նշեց, որ այդ հարցում կարևոր են երեք տուժողների ցուցմունքները, իսկ նրանք չեն նշել, որ Հրաչյա Հակոբյանն իրենց ծեծել է… Դատարանը անտրամաբանական էր համարում՝ եթե մարդիկ դեպքի վայրում պատշաճ ներկայացել են որպես ոստիկաններ, ներկայացրել են իրենց վկայականները, ապա ամբաստանյալները, որոնք գիտակից մարդիկ են, դեպքի պահին խմած չեն եղել, ինչո՞ւ են բռնություն գործադրել նրանց նկատմամբ, ո՞րն էր բռնություն գործադրելու նպատակը: Տարակուսելի նաև այն, որ քննության սկզբում տուժողներն ասել են, թե Հրաչյա Հակոբյանն էլ է իրենց զենքով սպառնացել, բայց երբ պարզվել է, որ դեպքի պահին Հրաչյա Հակոբյանը պատյանից չի հանել ծառայողական զենքը, տուժողները փոխել են ցուցմունքներն ու ասել են, թե Հրաչյան միայն ձեռքը տարել էր զենքին… Դատախազի խոսքից ստացվեց՝ գործի քննության ընթացքում, երբ «շտկվել է իրավիճակը», տուժողները «շտկել են» իրենց ցուցմունքները… Պաշտպանական կողմը հիշեցրեց՝ երբ օգնական ուժեր են եկել ու ներկայացել են որպես ոստիկանության աշխատողներ, Արմեն Գասպարյանն անմիջապես պահանջել է, որ վկայական ցույց տան, ու երբ քրեականի պետը վկայական է ցույց տվել, մթության պատճառով Գասպարյանն այդ վկայականն ուսումնասիրել է մեքենայի լույսի տակ, ապա առանց այլևայլության՝ նա ու երկու ընկերը ենթարկվել են ոստիկաններին: Ստացվում է՝ մի դեպքում ամբաստանյալներն արհամարհել են իբր թե իրենց ցույց տրված ոստիկանական վկայականները, մյուս դեպքում նրանք իրապես ու անմիջապես ենթարկվել են պատշաճ կերպով ներկայացած ոստիկաններին: Ըստ պաշտպանական կողմի՝ գաղտնի օպերացիայի ժամանակ ոստիկանները, հնարավոր է, իրենց մոտ վկայական չպահեին, ահա թե ինչու՝ երեք ոստիկանները վկայական ներկայացնելու խնդիր են ունեցել, իսկ Անդրանիկ Ե.-ի մոտ եղել է հին վկայականը… Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց ևս մի հանգամանքի վրա՝ երեք ոստիկանները, իրենց ասելով՝ ներկայացել են որպես ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատողներ, իսկ նրանցից Անդրանիկ Ե.-ն, եթե անգամ վկայական է ցույց տվել, դա եղել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողի ժամկետանց վկայական, ինչո՞ւ պիտի այդ վկայականը մարդկանց մոտ համոզմունք առաջացներ, թե իրենց առաջ, իրոք, ոստիկաններ են… Քանի որ Արմեն Գասպարյանի՝ «Բդոյի» շահերի պաշտպան Մնացական Սարգսյանն իր բողոքի պահանջի մեջ ներառել էր նաև ապօրինի զենքի մասով իր պաշտպանյալի նկատմամբ Համաներման ակտի համապատասխան դրույթը կիրառելու հարցը, դատարանը պարզաբանեց, որ նորից հարցում պիտի կատարի ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ Գասպարյանի դատվածությունների, Համաներման ակտի՝ այլ գործերով կիրառման վերաբերյալ թարմ տեղեկություն ստանալու համար: Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև պաշտոնական հարցման պատասխանի ստացումը: Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 20-ին: Դատարանը հրապարակեց նաև գործով ամբաստանյալ Կարեն Խաչատրյանի դիմումը. Խաչատրյանը դատավճիռը չի բողոքարկել, նրա մասով դատական ակտն ուժի մեջ է մտել, սակայն փաստացի դեռ չի վերացվել ՀՀ պետական սահմանը նրա կողմից հատելու սահմանափակումը: Վերաքննիչ քրեական դատարանը, կողմերին լսելով, որոշեց համապատասխան ծառայությանը գրություն ուղարկել առ այն, որ Խաչատրյանի մասով ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, հետևաբար ՀՀ պետական սահմանը հատելու սահմանափակումը նրա մասով վերացվել է: Նյութի աղբյուրը՝ 1in.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր