00:00:00

Հանրապետության տարբեր հատվածներից զորք է տեղափոխվել Երևան, ներգրավվել քաղաքական պրոցեսներին. Արթուր Դավթյանի ելույթը

02:05, 17 մայիս 2019 Իրավական

2008թ. փետրվարի 23–ին պետության բարձրագույն իշխանության կրողը ընտրական գործընթացը դեռ չավարտած բանակը ներգրավել է քաղաքական պրոցեսներին։ Այս մասին այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցի քննությանը հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Վերջինս «Մարտի մեկի» գործով մեղադրանքը պաշտպանող դատախազներից մեկն է։ Գլխավոր դատախազի խոսքով ՝ պաշտպանական կողմը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը վերածել է պաշտպանական ճառի, ինչի համար ինքը ստիպված է անդրադառնալ ներկայացված փաստարկներին։ Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 14 էջանոց մեղադրանքի որոշումը փորձ են արել կտրված մեկնաբանություններով, յուրովի մեկնաբանել և ներկայացնել դատարանին, մինչդեռ դատախազի պնդմամբ՝ նախկինում հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ հարցի քննարկմանը բազմիցս հայտարարել են, որ այս մեղադրանքն իրենից ներկայացնում է մի ամբողջ տրամաբանական շղթա, և այն աղճատված ներկայացնելը, առանձին գործողությունների վերաբերյալ հատվածները տեքստից կտրելը և այն «իրավական փորձաքննության» ենթարկելը, չի բխում մեղադրանքի բովանդակությունից։ Գլխավոր դատախազը նկարագրեց Քոչարյանին առաջդրված մեղադրանքը՝ նշելով, թե նկարագրված գործողություններն ինչ առնչություն ունեն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սույն գործի քննության առարկան ըստ դատախազի 2008 թ. փետրվարն է, երբ ձևավորվում էր երկրի բարձրագույն պետական իշխանությունը, կոնկրետ այս դեպքում՝ կայանում էին նախագահական ընտրություններ։ Արթուր Դավթյանի խոսքով՝ ընտրական գործընթացը միայն քվերակության օրը չէ. այն մի գործընթաց է, որի պարտադիր բաղադրիչներից է նաև դրա վիճարկումը վարչական և դատական կարգով։ Եվ հարցն, ըստ նրա՝ պետք է դիտարկել այս ամենի կոնտեքստում։ «Փետրվարի 23-ին, երբ դեռ ԿԸՀ–ն չէր հրապարակել ընտրության պաշտոնական արդյունքները, երբ դեռ հրապարակում խաղաղ հավաք էր իրականացվում քաղաքացիների կողմից, հավաքի ոչ խաղաղ լինելու վերաբերյալ որևէ տեղեկություն չկար, այս պայմաններում ՀՀ բարձրագույն իշխանության և Սամանդրության կրողը ներքաղաքական իրադրության հարցերը քննարկում է բանակի ղեկավար կազմի հետ (խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է– խմբ)։ Մեր դիտարկմամբ՝ սա մի գործողություն է, որն ուղղակի արգելվում է մայր օրենքով»,- հայտարարեց դատախազը՝ մեջբերելով ՀՀ Սահմանադրության այն դրույթը, համաձայն որի՝ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն։ «Հենց այս պահից, ըստ գործով ձեռք բերված տվյալների, զինված ուժերը, բանակը ներգրավվել են ընտրական հարցերում. կրկնում եմ ընտրական գործընթացը դեռ չավարտած։ Այս խորհրդակցությունից ժամեր անց Պաշտպանության նախարաը ստորագրել է հայտնի հրամանը»,- ասաց նա։ Արթուր Դավթյանի խոսքով՝ պաշտպանական կողմը պաշտպանության նախարարի հրամանի իրավաչափությունը մեկնաբանում է և պայմանավորում պաշտպանության երկու նախկին փոխնախարարների՝ ընդդիմությանը միանալու վարքագծի հետ։ «Այն, ինչ արել են երկու փոխնախարարները, դա առնվազն հանցագործություն էր, եթե ոչ հանցագործություն, ապա գոնե կարգապահական պատասխանատվության նպատակ էր հետապնդում, այսինքն կամ նրանց գործողությունների փաստի առթիվ պետք է հարուցվեր քրեական գործ, կամ պետք է կարգապահական վարույթ իրականացնվեր»,- ասաց նա՝ նշելով, որ քրեական գործով որևէ նման տվյալ ձեռք չի բերվել։ Դատախազը, անդրադառնալով պաշտպանական կողմի ներկայացրած այն մեղադրանքին, թե դատախազությունը հայտնի խորհրդակցությանը մասնակցած անձանցից հիմք է ընդունել միայն Արշակ Կարապետյանի ցուցմունքը, նկատեց, որ ապացույցների գնահատումը դրանց քանակի հետ որևէ կապ չունի. «Այո, հարցաքննվել են խորհրդակցության մասնակիցները, որոնք ոչ թե հերքում են, այլ նշում, որ չեն հիշում Ռոբերտ Քոչարյանի համապատասխան հանձնարարականի մասին»,- ասաց նա։ Այնուհետև գլխավոր դատախազը հատվածներ մեջբերեց «0038» հրամանից։ «Երբ ուսումնասիրում ենք համապատասխան հրամանը, առավել ևս գործով ձեռք բերված բազմաթիվ այլ դրվագներ զինված ուժերի մայրաքաղաքում կամ արվարձաններում գտնվելու վերաբերյալ, տպավորություն չի ստեղծվում, որ բանակը հեռու է պահվել քաղաքական գործընթացներից։ Խոսքը չի վերաբերել բացառապես բանակը զորանոցային վիճակի բերելուն։ Այդ զորքերը հանրապետության տարբեր հավածներից, այդ թվում մարտական հերթապահություն իրականցնող սահմանապահ զորքերը տեղափոխվել են մայրաքաղաք, որտեղ կիզակետն էր քաղաքական իրադարձությունների»,- ասաց նա։ Գլխավոր դատախազի խոսքով՝ քրեական գործով ձեռքբերված բազմաթիվ տվյալներ կան, որոնք հիմնավորում են, որ մայրաքաղաքի շրջակա բնակավայրերում տեղակայված համապատասխան զորամիավորումները, համապատասխան պատրաստվածություն են ունեցել, պարապմունքններ են իրականացրել, որոնց նպատակն ըստ դատախազի՝ եղել է ցույցը ցրելը։ «Այսինքն ցույցը ցրելու գործողությունների են նախապատրաստվել։ Երբ մայրաքաղաքում բավականաչափ մարտական պատրաստվածությամբ զորք կար, իսկ մյուս կողմից ակնհայտորեն աճում էր խաղաղ ցուցարարների թիվը, երբ ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը վիճարկում էր ՍԴ-ում, Ռոբերտ Քոչարյանը փետրավարի 29-ի իր հրապարակային ելույթում, որպես ցույցերը դադարեցնելու տարբերակ նշել էր, ոստիկանական ուժերի միջոցով ցրելու տարբերակը»,- ասաց նա։ Դատախազն ընդգծեց, որ 113 մլն դրամ ոչ բյուջետային միջոցներից հատկացվել է զինծառայողներին վարձատրելու համար։ «Ոչ միայն զինված ուժերը Երևան բերելով, այլև քաղաքական գործընթացները ճնշելու նպատակով, մարտի 1-ին տեղի է ունեցել խաղաղ ցույց անող անձանց՝ Ազատության հրապարակից ցրելու գործընթաց», - հայտարարեց նա։ Ազատության հրապարակում ցույցի մասնակիցների մոտ զենքի առկայության մասին տեղեկության հիման վրա օպերատիվ ծառայողների կողմից օպերատիվ գործողությունները դատախազը որակեց «պրովոկացիա»։ «Այդ պրովոկացիայի մասին տեղյակ է եղել ՀՀ նախագահը», - ասաց նա։ Նրա խոսքով, Ազատության հրապարակում մարտի 1-ի առավոտյան լուսաբացին տեղի ունեցածը հրահրել է քաղաքացիներին՝ տեղակայվել Երևանի քաղաքապետարանի մերձակա տարածքում։ «Այդ ընթացքում ԶՈւ ստորաբաժանումներն արդեն տեղակայված են եղել այդ տարածքում ու կատարել են գործողություններ։ Կարծիք հնչեց, որ ցուցարարների ու զինված ուժերի միջև բախում չի եղել, բայց քրեական գործի նյութերով ձեռք են բերվել ապացույցներ, որ զինծառայողները շփվել են ցուցարարների հետ, համազարկային կրակահերթ են արձակել՝ շուրջ մի քանի հարյուր զինծառայող»,- հայտարարեց դատախազը։ Արթուր Դավթյանի խոսքով՝ քննությանը խոչընդոտելու ռիսկն առկա է անգամ անձնական երաշխավորության պայմաններում. «Առաջադրված մեղադրանքը մեծածավալ է, համակարգված և դա՝ ցանկացած հանգամանքի վերաբերյալ հիմնավոր ու ըստ մեզ՝ ճշմատացի ցուցմունք տված յուրաքանչյուր անձի վրա ազդելու բարձր ռիսկ է առաջացնում, և դանով պայմանավորված, մենք գտնում ենք, որ այս փուլում կիրառված խափանման միջոց կալանքի անհրաժեշտությունն առկա է ու դրա շարունակությունը պետք է ապահովվի։ Կալանավորումը քննության այս փուլում միակ հնարավորությունն է՝ ռիսկերը չեզոքացնելու համար»,- եզրափակեց մեղադրող դատախազը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր