00:00:00

Արդարացի՞ է, որ Երևանի քաղաքապետն ստանա 1 մլն 200 հազար աշխատավարձ,  երբ նվազագույն աշխատավարձը 55  հազար դրամ է

17:32, 06 մայիս 2019

Չորեքշաբթի օրը Երեւանի ավագանու նիստում ուշագրավ հարց է քննարկվելու, ներկայացվելու է նոր նախագիծ։  Ըստ  ներկայացվող նախագծի՝ Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, ճիշտ այնքան, որքան երկրի վարչապետն է ստանում։ Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն կստանան 641 հազար, վարչական շրջանների ղեկավարները՝ 400 հազարի փոխարեն կստանան 773 հազար դրամ, իսկ նրանց տեղակալները 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։ Ի դեպ, քաղաքապետարանի հաստիքացուցակն էլ է աճել՝ նախկին 1998 հաստիքի փոխարեն 2124,5 հաստիք կունենան։ Անդրադառնալով այս թեմային՝ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն  irakanum.am-ի հետ զրույցում նշեց․ «Նախագիծը  քննարկվելու է վաղը չէ մյուս օրը, ամբողջ մանրամասները դեռ մեզ ներկայացված չեն։  Կարող եմ իմ կողմից ասել՝ Հայաստանում ընդհանրապես պետք է աշխատավարձերի վրա շատ լուրջ աշխատել, քանի որ եթե ուզում ենք լուրջ մասնագետներ պահել, ուրեմն պիտի բարձր աշխատավարձեր տրվեն։ Բայց դա չի նշանակում, որ հիմա ում այս աշխատավարձերը տալու են,   նրանք համապատասխանում են  այդ չափորոշիչներին, բայց մոտեցումը պիտի այդպիսին լինի»։ Հարցին՝ արդարացի՞ է, որ  երկրում նվազագույն աշխատավարձը լինի 55 000 դրամ,  կամ, օրինակ, բուժաշխատաղոների ախատավարձի պարագայում բարձրացումը կազմի 15-20 տոկոս, իսկ քաղաքապետի աշխատավարձը կրկնակիից ավելի բարձրանա, Լյուդմիլա Սարգսյանը ատասխանեց․  «Ես չեմ մտնի առանձին  դեպքերի  շրջանակ,  քանի որ  սա  այդ բարձրացումների մի օղակն է։ Ես չեմ ուզում առանձին մարդկանց մասին խոսել․ ես երևույթի մասին եմ խոսում։ Քաղաքապետարանում էլ կարող են լինել չակերտավոր ասած՝ մասնագետներ, որոնք հիմա պիտի այս բարձր աշխատավարձը ստանան, եթե նախագիծն ընդունվի։  Բայց,  որպեսզի կարողանան ներգրավել նաև լավ մասնագետներ,  պետք  է աշխատավարձերը բարձրացնել, բայց նվազագույն աշխատավարձի ֆոնին, որը ստանում է ՀՀ քաղաքացին՝ այդ 55 000 դրամը,  իհարկե, դա արդարացված  չէ, պետք է  դա ներքևից սկսել, այսինքն՝ կարծում եմ՝  նվազագույն  աշխատավարձը պետք է բարձրացնել։ Մարդը գոնե  100 հազար դրամ պետք է  ստանա, որ կարողանա  իրեն հացի փող  ապահովել․ կարծում եմ՝  այստեղից պետք է սկսեին։  Ուղղակի  այստեղ ուրիշ  հարց կա․ իրենք դա կարդարացնեն  նրանով, որ այս բարձր աշխատավարձը տրվելու է  ընդամենը 1200-1400 մարդու, իսկ միջին աշխատավարձ ստանում է 400 000 և ավելի քաղաքացի․ նաև այստեղ է խնդիրը, այդ կերպ կբացատրվի մոտեցումը։ Ես կողմ եմ, որ մարդիկ ապահով ապրեն, լավ ապրեն,  բայց եթե դա  միայն վերնախավն է իր համար ապահովում, դա ես չեմ ողջունում, բայց, մյուս կողմից էլ լավ մասնագետների ներգրավումը բավականաչափ ծախսեր  են պահանջում։ Եթե մենք համարում  ենք, որ պարգևավճարները  արդար չեն բաշխվում, ուրեմն պետք է աշխատավարձերը բարձր լինեն, որ պարգևավճարների շուրջ  այդքան աժիոտաժ չլինի ու եռամսյակը մեկ չպարգևատրեն իրենց․ ես հասկանում եմ՝ ասածս  շատ հակասական էր, բայց, իրականում, մի կողմից ճիշտ է բարձրացումը, մյուս կողմից էլ արդարացված չէ, որ նվազագուն աշխատավարձը չի բարձրանում»։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ  Արմեն Սարգսյանն, անդրադառնալով վերոնշյալ թեմային,  նշեց՝ բոլոր աշխատողների աշխատավարձերն  էլ, առհասարակ, պետք է բարձրանան, այսինքն՝ պետք է աշխատել այն ուղղությամբ, որ ՀՀ ցանկացած  քաղաքացի նորմալ վարձատրվի։ Հարցին՝ իսկ որքանո՞վ է արդարացված, որ, օրինակ, բուժաշխատողների աշխատավարձերը  բարձրանան 15-2 տոկոսով, իսկ այս դեպքում՝ պատկերն այսպիսին լինի, Արմեն Սարգսյանը պատասխանեց․ «Բնականաբար, այդպես որ նայենք, խորանանք հարցի մեջ, արդարացի չի երևում, բայց հիմա  դեռ  ավագանին հստակ որոշում չի կայացրել, դեռ  քննարկման փուլում է այդ ամենը, և կարծում եմ, խելամիտ  որոշում որոշում կկայացի։ Երևի թե, մի փոքր էլ համբերենք, կհասկանանք․ դա իմ կարծիքն է»։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար ղեկավար  Դավիթ Խաժակյանն էլ նշեց՝ քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումն, ընդհանուր առմամբ, անհրաժեշտություն էր՝ հատկապես ցածր և միջին  օղակներում, բայց դրան զուգընթաց՝ քաղաքապետը շուրջ 40 տոկոսով  ուռճացրել է   բուն քաղաքապետարանի հաստիքացուցակը, այսինքն՝  մեծացրել է հաստիքացուցակը, և ցածր ու միջին օղակներում աշխատավարձն աճել է 25-50 տոկոսով, իսկ, օրինակ,  քաղաքապետին կից աշխատակազմի, իր   տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների համար այդ բարձրացումը գրեթե կրկնակի թիվ է կազմել։ «Իհարկե, այս մոտեցումը սխալ է։ Ես կրկին ասում եմ՝ աշխատավարձերի բարձրացումն անհրաժեշտ է, բայց այս ձևով դա իրականացնելն ուղղակի անընդունելի է։  Եթե քաղաքապետը կամք է ցուցաբերում, օպտիմալացնում է քաղաքապետարանի   աշխատակազմը և այն դարձնում օպերատիվ, արագ աշխատող  փոքր մարմին, կարող է իրեն թույլ տալ, նաև իր աշխատավարձը բարձրացնել, բայց երբ ուռճացնում և մեծացնում է աշխատակազմը և մի բան էլ համարում, որ դա լավ է, բնականաբար,  դա բեռ է դանալու քաղաքացու համար։ Կան գործողությունների հաջորդականություններ, որոնք պետք է պահպանվեն տրամաբանության տեսակյունից», - նշեց Դավիթ Խաժակյանը։ Մեր թղթակցի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Անի Սամսոնյանն էլ նշեց՝ դեռ նախագծին չի ծանոթացել, հիմնավորումներին դեռ ծանոթ չէ, բայց որոշ հետևություններ  այժմ էլ կարելի է անել։ «Պետք է նշեմ՝ մեր օրակարգում էր քաղաքապետարանի հաստիքների  օպտիմալացումը և ոչ թե աշխատավարձերի բարձրացումը։ Եթե դրանք ընթանային միմյանց զուգահեռ և հիմնավորումներ լինեին, միգուցե, այս ամենը կարելի էր հասկանալ, բայց, այնուամենայնիվ, ամբողջական տեղեկատվություն ու  մեկնաբանություն հնարավոր կլինի տալ նախագիծն ուսումնասիրելուց հետո», - նշեց Անի Սամսոնյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր