00:00:00

«Երբ մամուլն անաչառ ու օբյեկտիվ է, միշտ  քննադատողի դիրքերում է,  չի կարող իշխանություններին գովերգողի դերում լինել»

21:09, 03 մայիս 2019

Այսօր՝ մայիսի 3-ին, նշվում է Մամուլի ազատության օրը։ 1993թ․ ՄԱԿ գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության համաշխարհային օր։ Ազատ, այլընտրանքային եւ անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրիչն է։ irakanum.am-ի   հարցին՝ իշխանափոխությունից հետո  մամուլն ավելի ազա՞տ է դարձել, թե՞ ընդհակառակը, «Հրապարակ» օրաթերթի   գլխավոր  խմբագիր Արմինե  Օհանյանը  պատասխանեց․ «Ես ազատության  առումով էական տարբերություն չեմ տեսնում, որովհետև նախ  դա ասում եմ որպես «Հրապարակ»-ի խմբագիր,  ոչ  թե, առհասարակ, մամուլի  տեսանկյունից․ ամեն լրատվամիջոցում աշխատող ինքը պիտի  այդ հարցին պատասխանի։  Ես կարող եմ միայն «Հրապարակ»-ի անունից խոսել։ Մենք ազատ ենք եղել առաջ, ազատ ենք նաև հիմա, պարզապես  հեղափոխությունից հետո մի փոքր փոխվել են  մեր աշխատանքային պայմանները, երկրում՝ ընդհանուր մթնոլորտը, մի քիչ ավելի բարդացել է ազատ լինելը,  որովհետև հեղափոխական  մասսաները մեզնից ակնկալում են կոնկրետ որոշակի ողղվածությամբ լրատվություն․ այդ ազատությունն այն ազատությունը չէ, երբ դու անկախ ես քո մտքերի, զգացումների, պատկերացումների մեջ, քանի որ երբեմն  ստիպված ես լինում հաշվի նստել քո ընթերցողի ցանկությունների, պահանջների հետ։ Գաղտնիք չէ, որ  սոցցանցերում, ֆեյսբուքյան էջերում մեր նյութերի տակ  բազմաթիվ մեկնաբանություններ են գրում։ Այս  ամիսների ընթացքում մենք ունեցել ենք շատ բարդ շրջան, երբ մեզ  մեղադրել են, վիրավորել, հայհոյել, այսպես ասած,  իրենց ակնկալիքները  չարդարացնելու համար, որովհետև երբ մամուլն անաչառ ու օբյեկտիվ է, միշտ  քննադատողի դիրքերում է,  չի կարող իշխանություններին գովերգողի դերում լինել»։ Արմինե Օհանյանը շեշտեց՝  «Հրապարակ»-ի ընթերցողների  մեծ հատվածը հեղափոխությունից հետո չի ընկալում քննադատությունները։ Հարցին՝  մեր երկրում ի՞նչ բաղադրիչներ են անհրաժեշտ  ազատ մամուլ ունենալու համար, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը պատասխանեց․ «Ազատությունը նախ ֆինանսական անկախությունն է, որն իր հետ շատ հետևանքներ է բերում։ Անկախության ատտրբուտներն ավելի լիարժեք են գործում, երբ դու ֆինանսապես անկախ ես, ոչ մեկից կախված չես՝ ո՛չ գովազդատուից,  ո՛չ ընթերցողի  վճարած գումարներից, այսինքն՝ այնքան ինքնաբավ ես, այսքան տարբեր աղբյուրներից  ես ֆինանսավորվում, որ որևէ մեկին հաճոյանալու, որևէ  մեկի կամքով ու թելադրանքով գնալու  պարտադրանք չունես։ Ուրեմն, առաջին կարևոր բաղադրիչը ֆինանսական անկախությունն է։ Երկրորդը, կարծում եմ,  ընդհանուր հասարակական մշակույթն է,  դաստիարակությունը, կրթության մակարդակը, որը մարդուն դաստիարակում է անկախ, որովհետև անկախությունն առաջին հերթին ներքին  զգացողություն է։ Սովորաբար անկախ են լինում լավ  դաստիարակություն, կրթություն,  ստացած խելացի մարդիկ, իսկ մենք գիտենք, որ մեր կրթական  hամակարգում, հասարակության մեջ բազմաթիվ արատավոր  երևույթյներ կան, որոնք սերնդեսերունդ փոխանցվում են։ Մեր դպրոցներում  այդ անկախությունը,  ազատությունը չեն սերմանում մանուկ հասակից։  Մեր ընտանիքներում   բռնություն է լինում, որը խանգարում է  մարդու ազատության դրսևորմանը։ Երևի մի բան էլ կնշեի․ իշխանության, պետության  մեջ գտնվող, պետական պաշտոններ զբաղեցնող մարդկանց  վերաբերմունքն  է կարևոր մամուլի հանդեպ։ Երբ իրենք  գիտակցում են մամուլի դերն ու նշանակությունը մեր կյանքում և նպաստում են նրա աշխատանքին, շատ ավելի հեշտ է ազատ, անկախ, անաչառ լինելը, բայց մենք ունենք բազմաթիվ օրինակներ, երբ որոշ պետական կառույցներ, պաշտոնյաներ  չեն համագործակցում, բոյկոտում են այն լրագրողներին ու լրատվամիջոցներին,  որոնք իրենց հասցեին երբևիցե որևէ քննադատական խոսք են հնչեցրել․ դա ամենավատ բանն է իրականում, շատ է խանգարում մեր աշխատանքին»։ Հարցին՝  ըստ Ձեզ՝ մեր երկրում լրագրողները վարձատրվո՞ւմ են ըստ արժանվույն, Արմինե Օհանյանը պատասխանեց․ «Ո՛չ, ո՛չ և էլի ո՛չ։ Տարիներ առաջ՝ 90-ական թվականներին, լրագրողները  համարվում էին բարձր վարձատրվող խավ, բայց ժամանակի ընթացքում  գրեթե բոլոր ոլորտներում եղավ աշխատավարձերի, կենսամակարդակի  բարձրացում, իսկ մամուլում աշխատավարձերն այս տարիներին շատ չնչին չափով են բարձրացել․ դա գալիս է հենց  ֆինանսական անկախության բացակայությունից, այսինքն՝ երբ մամուլը չի կարողանում  իրեն պահել,  որպես բիզնես՝ չի կարողանում աշխատել, այդ դեպքում փոքր, սուղ  միջոցներով փորձում ենք առավելագույն գործ անել, և ստացվում է, որ չնչին  աշխատավարձեր են ստանում մեր լրագրողները, որը բոլորովին չի բավարարում  իրենց պահանջները»։ Irakanum.am-ի հետ զրույցում Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ  նշեց՝   թավշյա հեղափոխությունից հետո  մեր երկրում մամուլն  ազատ է  դարձել։ «Ոչ ոք չի զանգում, ասում՝ սա եթեր տվեք, սա՝ մի՛ տվեք, հանկարծ եթե սա եթեր տաք, կգանք ոտքերդ կջարդենք․․․ Հայաստանում այլևս նման բան չկա, սա իմ տպավորությունն է», -  նշեց Լևոն Բարսեղյանը։ Մեր դիտարկմանը, թե ֆեյքերի դեմ պայքարը երբեմն կապվում է մամուլի ազատության դեմ ճնշումների հետ, Լևոն Բարսեղյանն արձագանքեց․ «Ֆեյքի իրավունքից մարդկությունն օգտվել է ի բնե։ Հենց մարդիկ սկսել են խոսել, սկսել են նաև  կեղծանուններով լուրեր տարածել, ստեր են եղել, պատերի տակ  բամբասել են․ սա չվերացվող  երևույթ է․ եղել է, կա ու պիտի լինի։ Ուղղակի,  պատերի տակի  խոսակցությունները եկել, հայտնվել են էլեկտրոնային տիրույթում։ Հիմա այդ նույն երևույթը  կա․ դրա հախից գալ հնարավոր չէ, ուրիշ բան է, որ  այդ ճանապարհով հաղորդում են բաներ, որոնք ասենք՝  քրեորեն հետապնդելի տարրեր են պարունակում, ասենք՝ հրահրում են ազգամիջյան բախումներ, ենթադրենք։ Այդ դեպքում իրավապահները դրանով պիտի զբաղվեն, իսկ  ով իրեն զրպարտված և  վիրավորած  է համարում, պիտի դիմի դատարան ու    քաղաքացիական օրենսգրքով կարգավորի իր հարցերը։ Մեր քրեական օրենսգրքում   նշված է, որ ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն   է․ հիմա դա կժխտի Պողոսը, որի անունը հայտնի է, նկարն էլ կա, թե  ֆեյքը,  միևնույն է,  դա քրեական հանցագործություն է,  քրեական հետապնդում իրականացնող մարմինը պիտի զբաղվի  դրա բացահայտմամբ: Կամ եթե մեկը ելնում, ասում է՝ այս ինչ մարդը կաշառակեր է, կաշառակերության մեջ մեղադրվողը  կարող է դիմել դատարան, դա քրեական  հետապնդում իրականացնող մարմնի  գործը չէ․ դրանով ո՛չ դատախազությունը պիտի զբաղվի, ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ էլ մյուս, մյուսը։ Իսկ եթե մեկն ասի՝   ելե՛ք մորթեք այս ինչ ազգի ներկայացուցիչներին, դա մեր  քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է, դրանով  պիտի զբաղվի քրեական հետապնդում իրականացնող մարմինը․ ահա  այս սկզբունքային մի քանի տարբերությունները կան․ բաներ կան, որոնցով իրավապահները պիտի զբաղվեն, բաներ կան, որ  իրենց գործը չէ․ այսքան բան», -   եզրափակեց Լևոն Բարսեղյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր