00:00:00

Մեր ժողովուրդները շարունակում են առերեսվել հանցագործությունների արդարացման վտանգավոր միտումներին. ԱԳ նախարար

17:21, 03 մայիս 2019

Երուսաղեմի Եբրայական համալսարանի Հայագիտության ծրագրի կողմից օրերս կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի ժամանակ ներկայացվել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը: ԱԳՆ-ից հայտնում են, որ իր ուղերձում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Երուսաղեմի Եբրայական համալսարանին տարիներ շարունակ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կազմակերպելու հետեւողականության համար: «Հայ եւ հրեա ժողովուրդները կիսում են ոչ միայն բազմադարյա պատմություն, այլեւ հալածանքի եւ ինքնությամբ պայմանավորված զանգվածային սպանության, ցեղասպանության հանցագործության խորը ցավը: Այսօր մեր ժողովուրդները վստահորեն ապացուցել են իրենց տոկունությունն ու կայունությունը՝ վերակառուցելու իրենց կյանքը, վերահաստատելու իրենց հստակ ինքնությունը, ամրապնդելու իրենց քաղաքակրթական ազդեցությունն ու ժառանգությունը եւ վերականգնելու ազգ-պետությունները: Այնուամենայնիվ, ցեղասպանության ցավը շարունակում է հետապնդել վերապրածների սերունդներին, ինչի վկայությունն է արդարության հասնելու եւ զանգվածային վայրագությունների անպատժելիության դեմ պայքարելու հստակ ձգտումը: Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը, զոհերի արժանապատվությանը հարգանքի տուրք մատուցելը եւ իրենց հիշատակի ոգեկոչումը ծանր հանցագործությունները կանխելու հզոր միջոց են: Մենք նաեւ պարտավոր ենք միավորել մեր ուժերը ցեղասպանության վտանգի վաղ հայտնաբերման, վաղ արձագանքման եւ արդյունավետ կանխարգելման միջազգային մեխանիզմներ ստեղծելու եւ ամրապնդելու ուղղությամբ: Մտահոգիչ է, որ մեր ժողովուրդները շարունակում են առերեսվել ատելության, ժխտողականության եւ կատարված հանցագործությունների արդարացման վտանգավոր միտումներին»,- նշված է նախարարի ուղերձում: Հոլոքոստը վերապրած եւ Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը մի առիթով նշել է, որ «ժխտել՝ նշանակում է սպանել զոհերին երկրորդ անգամ»: Թերեւս հնարավոր կլիներ կանխել Երկրորդ աշխարհամարտի քողի ներքո իրականացված Հոլոքոստը, եթե Առաջին աշխարհամարտի ժամանակ իրականացված Հայոց ցեղասպանությունն արժանանար միջազգային դատապարտման, հաշվետվողականության եւ պատժելիության: Ցեղասպանության կատարողները դասեր են քաղում մեկը մյուսից: Վաշինգտոնի Հոլոքոստի հիշատակի թանգարանում Հիտլերի տխրահռչակ արտահայտության նշումը, թե «ով է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին», անպատժելիության սպառնալիքի վառ հիշեցումն է»: «Մենք ցեղասպանության ցավի մասին գիտենք ոչ թե դասագրքերից, այլ մեր սեփական ընտանեկան պատմություններից: Ժխտված արդարությունը հետապնդում է ցեղասպանությունը վերապրածների սերունդներին: Այսօր ատելությամբ, անհանդուրժողականությամբ, ինքնությամբ պայմանավորված հանցագործություններով, զանգվածային ոճրագործությամբ եւ ցեղասպանական միտումներով լի աշխարհում «այլեւս երբեքը» չի կարող լինել մակերեսային: Ինչպես երբեւէ, ցեղասպանությունները կանխելու նպատակով հավաքական եւ վճռական գործելու միջազգային հանրությանն ուղղված հորդորը երբեք չի դադարելու: Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդներն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում առաջնորդելու այդ ջանքերը»,- նշված է նախարարի ուղերձում: Ուղերձի վերջում ԱԳ նախարար Մնացականյանն իր խորը գնահատանքը եւ հարգանքը հայտնեց Երուսաղեմի Եբրայական համալսարանի Հայագիտության ֆակուլտետին, մասնավորապես, պրոֆեսոր Ռեուվեն Ամիտաին, ինչպես նաեւ բոլոր այն ուսանողներին, ովքեր ընտրել են հայագիտությունը` որպես հետազոտության բնագավառ: «Այս ծրագիրը, որը կյանքի է կոչվել Հայաստանի կառավարության աջակցությամբ եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքության հետ համագործակցությամբ, եղել է հայոց պատմությունը, լեզուն, մշակույթն ու քաղաքակրթական ժառանգությունն ուսումնասիրելու կարեւորագույն ակադեմիական եւ կրթական հարթակ: Ես երախտապարտ եմ ձեզ Հայաստանի եւ Իսրայելի ժողովուրդների միջեւ ակադեմիական եւ կրթական համագործակցության ամրապնդման գործում ունեցած անմիջական եւ նշանակալի ներդրումի համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր