00:00:00

2018-ին ՔԿՀ-ներում արձանագրվել է ինքնավնասման 612 դեպք. 126 անգամ դա արել է նույն անձը

21:03, 30 ապրիլ 2019

2018թ. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է ինքնավնասման 612 դեպք։ Հաշվետու տարում 2016թ․ համեմատությամբ ինքնավնասման դեպքերը նվազել են 267-ով, իսկ 2017թ․ համեմատությամբ՝ ավելացել 5-ով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը: Այսպես, 2016թ․ Հայաստանի բանտերում գրանցվել է ինքնավնասման 879 դեպք, որից կանխվել է 135-ը։ Նշված ժամանակահատվածում շուրջ 250 ինքնավնասման դեպքերը կատարվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 2 դատապարտյալի կողմից։ Իսկ 2017թ. արձանագրված ինքնավնասման դեպքերի թիվը 607 է, որից կանխվել է 190-ը։ 2017թ.-ի ընթացքում «Գորիս» եւ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքեր չեն արձանագրվել: Ամենաշատ դեպքերը արձանագրվել են «Նուբարաշեն» եւ «Արմավիր» ՔԿՀ-ներում՝ համապատասխանաբար 211 եւ 174 դեպք: «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գրանցվել է ինքնավնասման 68 դեպք, «Հրազդան»-ում՝ 53, «Վանաձորում»՝ 40, «Արթիկ»-ում՝ 29, «Աբովյան»-ում՝ 12, իսկ «Վարդաշեն»-ում՝ 8 դեպք: Ինքնավնասման 5-ական դեպք է արձանագրվել «Սեւան» եւ «Կոշ» ՔԿՀ-ներում, ինչը 2017 թ.-ի ընթացքում արձանագրված ինքնավնասումների ամենացածր ցուցանիշն է: 2018թ.-ի ընթացքում ինքնավնասման դեպքեր չեն արձանագրվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Ամենաշատ դեպքերը արձանագրվել են «Նուբարաշեն» եւ «Վարդաշեն» ՔԿՀ-ներում՝ 254 եւ 126 դեպք: «Արմավիր»-ում գրանցվել է ինքնավնասման 77 դեպք, «Վանաձորում»՝ 45, «Դատապարտյալների հիվանդանոց»-ում՝ 43, «Հրազդան»-ում՝ 32, «Արթիկ»-ում՝ 18, «Աբովյան»-ում՝ 10: Ինքնավնասման 3 եւ 2-ական դեպքեր է արձանագրվել համապատասխանաբար «Գորիս», «Սեւան» եւ «Կոշ» ՔԿՀ-ներում, ինչը 2018 թ.-ի ընթացքում արձանագրված ինքնավնասումների ամենացածր ցուցանիշն է: Ինչպես նախորդ տարիների ընթացքում, այնպես էլ 2018թ․ ինքնավնասման դեպքերը դրսեւորվել են հիմնականում աջ եւ ձախ նախաբազուկների, որովայնի, պարանոցի վնասումով, երբեմն՝ ոտքերը հատակին գամելով։ Իսկ պատճառները հիմնականում կապված են եղել քրեական գործերի, տեղաբաշխման, անձնական խնդիրների հետ: Որոշ դեպքերում կատարվել են հոգեկան անհավասարակշիռ վիճակում, իսկ որոշ դեպքերում ներկայացվել են օրենսդրությանը չհամապատասխանող պահանջներ: Հատկանշական է, որ 2018թ․ ինքնավնասման դեպքերի ավելացումը պայմանավորված է «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող Հ.Բ.-ի կողմից 126 անգամ ինքնավնասում կատարելու հանգամանքով: Հ.Բ.-ի կողմից կատարված ինքնավնասումները պայմանավորված են եղել իր քրեական գործով: Միաժամանակ, հարկ է նշել, որ ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հ.Բ.-ի հետ մշտապես իրականացվել են սոցիալական, հոգեբանական եւ իրավական բնույթի համալիր աշխատանքներ: Նախարարությունից նաեւ տեղեկացրել են, որ ինքնավնասման յուրաքանչյուր դեպքով իրականացվել են սոցիալ-հոգեբանական բնույթի աշխատանքներ, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկների հոգեբանի կողմից կատարվել են հոգեբանական աշխատանքներ, որի արդյունքում կազմվել է հոգեբանական եզրակացություն ինքնավնասման հնարավոր դրդատապճառների եւ վարքի հետագա կանխատեսումների վերաբերյալ: Բացի այդ, հետագայում ինքնավնասման փորձերը կանխելու ուղղությամբ իրականացվել են նաեւ համապատասխան աշխատանքներ, որի արդյունքում կանխվել է ինքնավնասման 190 դեպք: Ինքնասպանության կամ մահվան յուրաքանչյուր դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հարուցվում է քրեական գործ եւ իրականացվում նախաքննություն: Նախաքննության մարմինը քննության ընթացքում ստուգում է նաեւ քրեակատարողական ծառայողների կողմից ծառայողական պարտականությունների կատարման պատշաճությունն ու նրանց գործողությունների համապատասխանությունն օրենսդրությամբ ամրագրված պահանջներին, անհրաժեշտության դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնում է հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին միջնորդություն: Մեկ տարվա ընթացքում երկու եւ ավելի անգամ ինքնավնասում կատարած անձինք ՀՀ արդարադատության նախարարի 2016թ. հուլիսի 23-ի թիվ 279-Ն հրամանի համաձայն վերցվել են որպես ինքնավնասման հակում ունեցող անձինք, եւ նրանց հետ իրականացվել են սոցիալ-հոգեբանական եւ իրավական համալիր աշխատանքներ։ Սակայն 2018թ․ ընթացքում կալանավորված անձանց եւ դատապարտյալների վերը նշված ինքնավնասումների դեպքերով ծառայողական քննություն չի անցկացվել։ 2018թ․ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է հացադուլ հայտարարելու 430 դեպք, որը 2017թ․ համեմատությամբ ավելացել է 36-ով։ Այսպես, 2017թ.-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անձանագրվել է հացադուլ հայտարարելու 394 դեպք։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ 190 դեպք, այնուհետեւ՝ «Արմավիր» եւ «Հրազդան» ՔԿՀ-ներում՝ համապատասխանաբար 96 եւ 36 դեպք: Հացադուլ հայտարարելու ամենաքիչ դեպքերը արձանագրվել են «Գորիս»-ում՝ 2 դեպք, եւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ 1 դեպք։ 2018թ․ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրված հացադուլ հայտարարելու դեպքերի թիվը 430 է։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ 201, այնուհետեւ՝ «Արմավիր»-ում՝ 100 դեպք։ «Վանաձոր», «Դատապարտյալների հիվանդանոց» եւ «Հրազդան» ՔԿՀ-ներում գրանցվել է համապատասխանաբար 43, 29 եւ 18 դեպք։ 8 դեպք արձանագրվել է «Կոշ»-ում։ 7-ական դեպքեր արձանագրվել են «Վարդաշեն»-ում եւ «Գորիս»-ում, 6-ական դեպքեր՝ «Աբովյան»-ում եւ «Արթիկ»-ում։ Հացադուլ հայտարարելու ամենաքիչ դեպքերը արձանագրվել են «Սեւան»-ում՝ 3 դեպք, եւ «Երեւան-Կենտրոն»-ում՝ 2 դեպք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր