00:00:00

«Եթե միայն հացի փող վաստակողները հարկ են վճարում, լավ վաստակող երգիչներն ինչո՞ւ չպետք է վճարեն»

03:02, 02 ապրիլ 2019 Շոուբիզնես

Ինչպես հայտնի է, Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին եւ նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում և բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները, վճարել հարկերը` հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Գուսան Հայկազունը, irakanum.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, նշեց․ «Եթե ընդամենը հացի փող աշխատողը հարկվում է, ապա ինչո՞ւ չպետք է հարկվի այն երգիչը, որը մեկ երգի կատարման համար 5 հազար դոլար է ուզում։ Ես գիտեմ այդպիսի մարդկանց։ Կան մարդիկ, որոնք արտասահմանում ելույթ են ունենում, և 20-30 կամ 80 հազար դոլար են վաստակում․ նրանք, իհարկե, պիտի հարկվեն։ Մեծ գումարներ վաստակող երգիչները պետք է հարկվեն, չէ՞ որ հայրենիքն իրենց համար բոլոր պայմաններն ստեղծում է, ինչի շնորհիվ իրենք կարողանում են համերգներով հանդես գալ, կարողանում են հարստանալ։ Թո՛ղ հարկվեն, ես կողմ եմ։  Խոսքն այն սովորական երգիչների մասին չէ, որոնք տարին մեկ-երկու փոքրիկ համերգ են ունենում կամ ոչ։ Գուցե, կարելի է հարկել բոլորին՝ ամեն մեկին իր եկամտին համապատասան»։ Երգչուհի Ջուսն էլ կարծում է՝ եթե երգիչը հարսանիքներում երգելու համար հարկվի, ապա նա պետք է ավելի շատ գումար պահանջի իր աշխատանքի համար, որպեսզի հարկեր վճարելուց հետո ինքն էլ նորմալ եկամուտ ունենա։ Այնուամենայնիվ, երգչուհին կարծում է՝ որոշ դեպքերում հարկ մուծելը տրամաբանական է։ «Եթե երգիչը մենահամերգ է ունենում կամ հանդես է գալիս որևէ պետական համերգի ընթացքում, ապա պետք է հարկեր վճարի, բայց եթե նա ինչ-որ հարսանիքի ընթացքում երգելու է, տրամաբանական է, որ նա գրանցված աշխատող չի լինելու այդ դեպքում, ինչպե՞ս է հարկ վճարելու։ Կարծում են՝ ոչ մի երկրում հարսանիքում երգելուց ստացված եկամտից հարկ չեն վճարում պետությանը։ Բացյ այդ՝ կան երգիչներ, որոնք հյուրախաղերի չեն գնում, շատ քիչ են վաստակում և հազիվ պահում են իրենց ընտանիքը», - նշեց Ջուսը։ Երգիչ Դավիթ Խաչատրյանն էլ ընդգծեց՝ կողմ է, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները հարկեր վճարեն, բայց այդ գործընթացը պետք է իրականացվի կանոնակարգված։ «Պետք չէ մտածել, որ երգիչը միայն երգում է ու գումար վաստակում, քանի որ նա նաև այլ ծախսեր է անում։ Հետևաբար, պետք է նաև այդ ծախսերը հաշվարկել։ Օրինակ, հյուրախաղերի գնալիս երգիչը մեծ ծախսեր է անում, ուստի այս ամեն ամենը մանրամասնորեն պետք է հաշվի առնել, այսինքն՝ հարկերի չափերը, ոլորտի վերահսկման մեխանիզմենրը պետք է լինեն հստակ ու հաշվարկված», - ընդգծեց երգիչը։ Երգիչ Գրիգոր Միրզոյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում նշեց՝ եթե երգիչը երգում է պետության կազմակերպած համերգների ընթացքում, ապա նորմալ է, որ նա հարկ վճարի, քանի որ արտիստը հստակ գիտի՝ գումար է ստանալու։ «Ես կողմ եմ, որ եթե ինչ-որ միջոցառման ընթացքում երգեմ, գումար վաստակեմ, հարկ վճարեմ, բայց կան դեպքեր, երբ երգիչը երգում է իր մտերիմների հարսանիքներն և գումար չի վերցնում։ Այդ դեպքում, եթե նա չի վաստակում ինչպե՞ս կարող է հարկ վճարել։ Այսինքն՝ դժվար կլինի վերահսկել, իմանալ՝ ով քանի հարսանիքի երգեց, որքան վաստակեց։ Եթե պետությունը համերգներ, միջոցառումներ կազմակերպի, որոնց ընթացքում երգիչը կարող է երգել, գումար վաստակել, կարծում եմ՝ նորմալ կլինի, որ նա նաև հարկ վճարի, բայց մյուս դեպքերում այդ ամենը վերահսկելը, նրա եկամուտները հստակ հաշվելը ի՞նչ ընթացակարգով է լինելու։ Պատահում է, որ երգիչը համերգի է գնում, բայց 200 տեղանոց դահլիճում 100 կամ 20 հանդիսատես է լինում, և վաճառված այդ փոքրաթիվ տոմսերի գումարից նա պետք է տեխնիկայի, կազմակերպչական հարցերի համար վճարումներ անի։ Դեպքեր են լինում, երբ տոմսերից ստացված գումարով երգիչը հազիվ այդ ծախսերն է փակում․ նման դեպքերում նա ինչպե՞ս է հարկ վճարելու։ Այնպես որ, այստեղ շատ խնդիրներ կան, այս ամենը վերահսկելու գործընթացն ինչպե՞ս է լինելու», - եզրափակեց Գրիգոր Միրզոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր