Օրերս «168 ժամ»–ին տված հարցազրույցում կալանավորված Ռոբերտ Քոչարյանը, հավատարիմ իր ոճին, կրկին փորձել է հոգեբանական պրեսինգի ենթարկել հայ հանրությանը` վախ ներշնչելու, գույները խտացնելու, իր համար ցանկալին իրականության տեղ ներկայացնելու միջոցով: Քոչարյան Ռոբերտը բանտից խոսել է ներքին ու արտաքին քաղաքականությունից, տնտեսությունից, չմոռանալով շեշտել, թե ակտիվ մարզվում է։ Դժվար է ասել, թե հատկապես Քոչարյանի՝ մարզվելու վերաբերյալ շեշտադրումը ում է հետաքրքիր։
Ուշագրավ է, որ Քոչարյանը հերթական անգամ փորձում է իրեն «զոհի» տեղ դնել։ Խոսելով օրինակ իր ու որդու դեմ ընթացող իրավական պրոցեսներից Քոչարյանը բոլորովին անհիմն է այն համարել` որկելով դրանք «վենդետա»: Իրականությունը բոլորովին այլ է։ Նկատի ունենալով բոլոր այն հրապարակումներն ու ուշագրավ բացահայտումները, որոնք կապված են Քոչարյանների հետ խոսում է հակառակի մասին։ Իրավապահների շարունակական բացահայտումները, զուտ այսպես ասած նյութական կողմից բացի, վեր են հանում Հայաստանում հաստատված համակարգային իրողությունների մյուս կողմը, որոնք սկիզբ են առել Քոչարյանի ժամանակներից եւ ծաղկուն զարգացում ապրել Սերժ Սարգսյանի «ապահով» Հայաստանում։ Իրավապահների բացահայտումները, որոնք կապված էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ չեն շրջանցել նաեւ վերջիններիս զավակներին։ Քոչարյանի որդիների պարագայում եւս բացառություն չի եղել։ Բացահայտված գործերով արդեն անցնում են ոչ միայն հայրերը, այլեւ նրանց զավակները: Մամուլում տեղեկություններ կան, որ Ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է Քոչարյանի երկու որդիների՝ Սեդրակի եւ Լեւոնի անծայրածիր ունեցվածքի ծագումնաբանությունը։ Սեդրակ Քոչարյանի դեմ արդեն իսկ կա հարուցված քրեական գործ։
Մաֆիաների պարագայում նույնիսկ սա տարածված երեւույթ չէր, պատմությունից հայտնի է, որ հայտնի մաֆիոզներից շատերը ձգտում էին իրենց երեխաներին հեռու պահել իրենց գործերից, նրանց համար այլ կյանք ստեղծել:
Հայաստանում տարիներ շարունակ սերնդափոխություն չի իրականացվել։ Հայրերից որդիների անցումը ցայտուն արտահայտվել է հին Հայաստանում։
Պատկերացնելու համար բավարար են արդեն իսկ տեղի ունեցած բացահայտումները, որոնց ցնցում են մասշտաբներով ու լկտիությամբ։
Քոչարյանի հերթական հարցազրույցը ոչնչով չէր տարբերվում նախորդներից։ Թերեւս կայուն մեկ բան կար․ կալանատնից Քոչարյանը չէր խոսում իր քաղաքական հաջողությունից, լավ պատկերացնելով, որ դրա հնարավորությունը զրոյական է:
Սրանում է Քոչարյանների «ողբերգությունը»։
Irakanum.am