00:00:00

Սերժ Սարգսյանը վերաբացում է Մարտի 1-ի գործը. ուշագրավ զարգացումներ. «Ժողովուրդ»

12:33, 15 մարտ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի սպանդից տասը տարի անց այս քրեական գործով ուշագրավ տեղաշարժ է սկսվել: Այս թեմայի վրա տևական ժամանակ տաբու էր դրված: Բայց այդ իրադարձությունների տասներորդ տարելիցին ընդառաջ` նախ խորհրդարանում այդ թեմայով անցկացվեցին լսումներ, ԱԺ առաջիկա քառօրյայում էլ նախատեսված են այդ թեմայով «Ելք» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագծի քննարկումները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել էր, թե ինչ է անելու դատախազությունը 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի զեկույցի հետ, ինչի մասին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրել էր իր դիմումում: Ի պատասխան մեր հարցման` դատախազությունը պաշտոնապես տեղեկացրեց, որ այդ զեկույցը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Հիշեցնենք, որ այն վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին»: Ստացվում է՝ իշխանությունները համաձայնել են իրավական քննության առարկա դարձնել ներքաղաքական իրադարձություններին զինված ուժերի ներգրավման թեման` կասկածի տակ դնելով այդ օրերին գործող իշխանության քայլերի օրինականությունն ու սահմանադրականությունը, մանավանդ, որ նախկին փաստահավաք խմբի անդամներն անառարկելի փաստեր ու հիմնավորումներ էին ներկայացրել: Սա, ինքներդ եք հասկանում, պատահական չէ. ե՛ւ ԱԺ-ում լսումները, ե՛ւ հիմա դատախազության քայլը չէր կարող տեղի ունենալ առանց Սերժ Սարգսյանի իմացության ու համաձայնության: Ու ստացվում է՝ Սերժ Սարգսյանը, որ դեռ 2011թ. ապրիլին «Հայ ազգային կոնգրեսի» պահանջով հանձնարարել էր վերանայել Մարտի 1-ի գործը, նորից վերաբացում է այդ թեման: Այն ժամանակ այդպես էլ առարկայական քայլեր չարվեցին: Բայց հիմա միայն փաստահավաք խմբի զեկույցն ուսումնասիրության առարկա դարձնելը կարևոր իրողություն է: Հավանաբար սա արվում է նաև սլաքները Ռոբերտ Քոչարյանի կողմն ուղղելու և պատասխանատվությունը նրա վրա դնելու համար. չէ՞ որ այդ օրերին ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարը Քոչարյանն էր, հետևաբար բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել նրա հրամաններով: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր