00:00:00

Ամոթանք Կարեն Կարապետյանին. ուր է նա հիմա

18:48, 09 նոյեմբեր 2018

Նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին այցելել է Գյումրի, մասնավոր այցով, որտեղ խոսել է քաղաքի վերականգնման ծրագրերի մասին: Արմեն Սարգսյանը, որ տարիներ առաջ ստեղծել է «Երեւան՝ իմ սեր» հիմնադրամը, Գյումրիում խոսել է «Գյումրի՝ իմ սեր» հիմնադրամ ստեղծելու մասին, որը կիրականացնի քաղաքի պատմա-ճարտարապետական վերականգնման աշխատանք: Արմեն Սարգսյանն ասել է, որ Գյումրին պետք է վերականգնվի եւ դա չի նշանակում միայն մարդկանց տնակներից տեղափոխել բնակարան, այլ ապահովել աշխատանքի հնարավորությամբ, վերականգնել քաղաքի աշխույժ կյանքը, զբոսաշրջային մեծ ներուժը:
Արմեն Սարգսյանը խոսել է այն մասին, ինչի մասին բավականին աշխուժորեն խոսում էր 2016-ին վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանը: Գյումրու հանդեպ ուշադրությունը վարչապետի պաշտոնում նրա կարեւոր եւ թերեւս հազվադեպ գործնական նախաձեռնություններից էր: Կարեն Կարապետյանը սկսեց Գյումրու ուղղությամբ աշխատանք, որը պետք է սկսված լիներ դեռեւս մոտ երկու տասնամյակ առաջ, դեռեւս այն «վագրային թռիչքի» տարիներին, որ կատարում էր Հայաստանի տնտեսությունը: Գյումրին իր ահռելի ներուժով սակայն մատնված էր անուշադրության: Կարեն Կարապետյանը կատարեց քայլեր, որոնք նկատելիորեն աշխուժացրին քաղաքը: Նա հայտարարեց Կումայրի պատմական թաղամասի վերականգնման մասին, անգամ անձնական օրինակով ձեռք բերեց մի տուն եւ հայտարարեց 500 հազար դոլարի ներդրմամբ դրա վերականգնման մասին: Հայտարարվեց նաեւ, թե մոտ երկու տասնյակ գործարար ներգրավվում է Կումայրի ծրագրի աշխատանքում, կատարելու են ներդրումներ: Աշխատանք իսկապես կատարվեց, նորոգվեց փողոցներից մեկը, որը ներկայումս դարձել է գյումրեցիների եւ քաղաքի թե արտասահմանցի, թե Հայաստանի այլ քաղաքներից հյուրերի ուշադրության առարկան: Կարեն Կարապետյանը կարողացավ նույնիսկ համոզել հայկական երկաթուղում տասը տարի այսպես կոչված հավատարմագրային կառավարման ընթացքում որեւէ նոր վագոն չբերած Ռուսասկան երկաթուղիներին բերել երկու նոր վագոն եւ այսպես ասած «արագընթաց» գնացք ապահովել Երեւանից Գյումրի: Իշխանությունը թողնելուց հետո սակայն Կարեն Կարապետյանը կարծես թե մոռացավ Գյումրու, Կումայրի նախագծի մասին: Նրան փաստորեն այդ ամենին կապում էր բացառապես քաղաքական ու իշխանական շահը: Դա իհարկե նորմալ է, բայց նորմալ չէ, երբ չկար փաստորեն դրանից դուրս որեւէ այլ կապ, հետաքրքրություն, նաեւ պատասխանատվություն: Այդ իմաստով, Արմեն Սարգսյանի մասնավոր այցը Գյումրի եւ հայտարարությունները քաղաքի զբոսաշրջային ներուժը զարգացնելու, վերականգնելու մասին, ուղիղ որեւէ կապ չունենալով, ուղիղ որեւէ կերպով հասցեագրված չլինելով նախկին վարչապետին, այդուհանդերձ ակամա ստացվում են հիշեցում, գուցե ամոթանք նաեւ նրան, որ չէր կարելի պաշտոնաթողությունից հետո մոռանալ Գյումրին: Իսկ Գյումրին իսկապես Հայաստանի չմշակված ադամանդն է, կամ չմաքրված մարգարիտը, ահռելի ներուժով, ընդհուպ հայ-վրացական զբոսաշրջային կոոպերացիայի տեսանկյունից: Գյումրին առանձնահատուկ է իհարկե ոչ միայն դրանով: Դա ընդհանրապես քաղաքի պատմա-քաղաքական հսկայական նկարագրի եւ բովանդակության տարրերից մեկն է: Ուր են Կարեն Կարապետյանն ու այն գործարարները, որ վարչապետության շրջանակում հայացք ուղղել էին Գյումրու ուղղությամբ: Ուր են հիմա նրանք նայում, կամ որտեղով են քայլում հիմա: Այդ ֆոնին հատկանշական է տեղեկությունը, դեռեւս իհարկե պաշտոնապես չհաստատված եւ չհերքված, որ Կարեն Կարապետյանն առաջիկայում վերստին մենեջերական աշխատանք կկատարի Ռուսաստանում: Խորհրդանշական է նաեւ Արմեն Սարգսյանին պարագան, այն, որ նրա հայտարարությունն է կամա թե ակամա հիշեցնում Կարապետյանի մասին: Բանն այն է, որ նախագահի պաշտոնին Արմեն Սարգսյանի առաջադրման մոտիվների շարքում Սերժ Սարգսյանի համար թերեւս նաեւ Կարեն Կարապետյանի կամ այսպես ասած Կարապետյանների գործոնը հակակշռելն էր՝ Արմեն Սարգսյանի թե տնտեսական, թե քաղաքական կապերի եւ հեղինակության շնորհի, հանրային շրջանակներում ընկալելիության շնորհիվ: Քաղաքական իրավիճակը հետո իհարկե արմատապես փոխվեց, սակայն այդ նախահեղափոխական «հակակշռությունը» ակամայից դրսեւորվել է նաեւ Գյումրիում: Եվ այդ առումով իհարկե շատ կարեւոր է, որ Գյումրին Արմեն Սարգսյանի համար լինի «ապաքաղաքական սեր» եւ պայմանավորված չլինի Հայաստանում լոկ պաշտոնեական, քաղաքական մոտիվացիաներով: Նյութի աղբյուրը՝ Lragir.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր