00:00:00

«Արյունը «ֆանտանի պես ֆշշաց ու …». նոր զարգացումներ՝ Facebook-ի ընկերուհուն գտնելու ճանապարհին սպանված ճարտարապետի գործում

02:59, 04 նոյեմբեր 2018 Իրավական

1in.am-ը գրում է․ Մոտ մեկ տարի տևած քննությունից հետո վերաքննիչ քրեական դատարանում որոշում կայացվեց Գագիկ Աբրահամյանի գործով բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ: Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Վերաքննիչ դատարանում մեկ տարի քննված գործն առաջին ատյանի դատարանում ավելի երկար է քննվել՝ գործն առաջին ատյանի դատարանի վարույթում էր 2015 թվականի հուլիսի 9-ից, այն սկզբում քննում էր դատավոր Մարինե Մելքոնյանը: Նրա՝ այլ դատարան տեղափոխումից հետո գործի քննությունը գտնվում էր դատավոր Արմեն Խաչատրյանի վարույթում: 27-ամյա Գագիկը մեղադրվում էր այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 18-ի կեսգիշերին Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու, իր ընտանիքին անհանգստացնելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Վազգեն Դալլաքյանի հետ, վիճաբանության ընթացքում սպանելու դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել նրա կենսական կարևոր օրգաններին՝ դեմքին, կրծքավանդակի առաջնային, հետին մակերեսներին, որովայնի շրջանին, ու սպանել է նրան: Նախաքննական մարմինը Գագիկ Աբրահամյանը մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Այդ արարքի համար Գագիկ Աբրահամյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտարարել է, թե մարդասպան չէ, դեպքի պահին պաշտպանել է իր ընտանիքը, դիտավորություն չի ունեցել սպանություն կատարելու, այլ գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում… Գագիկը բարձրագույն կրթություն ունի, ամուսնացած է, խնամքին է մանկահասակ երեխան: Սպանված Վազգենը նույնպես 27 տարեկան էր, բարձրագույն ճարտարապետական կրթություն ուներ: Հայրը շինարար է եղել, զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ՝ Մարտակերտում: Վազգենին մեծացրել են մանկավարժներ մայրն ու տատիկը: Երբ մայրն էլ է մահացել հիվանդությունից, Վազգենը մնացել է տատիկի հետ: Դեպքի օրը Սյունիքից Վազգենենք հյուր են ունեցել. հեռու ազգական Արշակյանը: Երեկոյան Վազգենենց տանը հաց են կերել, տնական օղի են խմել, ապա Վազգենն ու բարեկամը դուրս են եկել «մաքուր օդ շնչելու»: Հասել են այն շենքին, որտեղ՝ թիվ 32 բնակարանում, ժամանակին վարձակալությամբ ապրել է Վազգենի «ֆեյսբուքյան» ծանոթուհին: Աղջիկն այդ պահին այլևս այդտեղ չէր բնակվում, բայց Վազգենը չգիտեր այդ մասին: Ըստ մեղադրանքի՝ նրանք բարձրացել են երրորդ հարկ, թակել են բնակարանների դռները… «32» բնակարանի դուռը բացող չի եղել: Վազգենն ու բարեկամը երկուական անգամ թակել են «31» և «33» բնակարանների դռները: «31» բնակարանում բնակվող Գագիկի հետ նրանք վեճի մեջ են մտել, որն ավարտվել է Գագիկի կողմից հասցված դանակի հարվածներով: «Ֆեյսբուքյան ծանոթուհին», իրոք, ժամանակին վարձակալությամբ ապրել է Աբելյան փողոցի նշված շենքի «32» բնակարանում, այդ հասցեն նշել է աշխատանքի որոնման իր ռեզյումեում, որտեղից էլ հասցեն մտապահել է Վազգենը: Աղջիկը դատարանում հայտնեց, որ Վազգենին երբևէ չի հանդիպել… Ըստ ականատես վկա Արշակյանի՝ Գագիկի հետ վեճի ընթացքում հանկարծ Վազգենի դեմքից արյունը «ֆանտանի պես ֆշշաց ու շպրտվեց»: Արշակյանը նկատել է, որ արյուն կա նաև Վազգենի որովայնի հատվածում: Նա Վազգենին հրել է դեպի աստիճանները, սկսել է իջեցնել: Նկատել է, որ Վազգենի մեջքին էլ վնասվածք կա: Գագիկը նրանց հետևից չի գնացել: Ըստ Արշակյանի՝տեսնելով՝ արյունը ինչպես «շպրտեց» Վազգենի դեմքից, տեսնելով Վազգենի արյունոտ որովայնը, ինքը «պանիկայի» մեջ է ընկել, սկսել է օգնություն գոռալ: Վազգենին կանգնեցրել է մուտքի դռան հետևում, բայց Վազգենը չի կարողացել կանգնել, նա կիսապառկած դիրք է ընդունել: Առաջին հարկից մի տղամարդ է դուրս եկել, ասել է, թե արդեն շտապօգնություն է կանչել: Տասնհինգ-քսան րոպեից եկել է շտապօգնությունը, արձանագրել են, որ Վազգենը արդեն մուտքում մահացել է… Այս գործի նախաքննության ընթացքում չի նշանակվել ու չի անցկացվել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու համար դիտավորյալ սպանության համար մեղադրվող Գագիկ Աբրահամյանի հոգեկան վիճակը հանցավոր արարքի կատարման պահին: Գործի դատաքննության ժամանակ պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարանը նշանակել է դատահոգեբանական փորձաքննություն: Փորձագետները եկել են եզրակացության, որ հանցավոր արարքի կատարման պահին Գագիկ Աբրահամյանը գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Հոգեբան-փորձագետները հարցաքննվել են դատարանում ու պնդել են իրենց տված եզրակացությունը: Այս եզրակացության ստացումից հետո մեղադրանքի կողմը մեղադրանքի փոփոխության վերաբերյալ միջնորդություն չի արել, տվյալ փորձաքննության եզրակացությունը համարելով կասկածներ հարուցող և հավատ չներշնչող՝ միջնորդել է կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակել: Այդ միջնորդությունը նախագահող դատավորը մերժել է: Դատական վիճաբանությունների ժամանակ մեղադրող դատախազ Հ. Չախոյանն իր ճառում ընդգծել է՝ գործի քննությամբ ապացուցվել է, որ Գագիկ Աբրահամյանը դեպքի պահին հոգեկան խիստ հուզմունքի վիճակում չի գտնվել, նա տուժողին կյանքից զրկել է դիտավորյալ, հետևաբար՝ պետք է մեղավոր ճանաչվի դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Դատախազը միջնորդել է Գագիկ Աբրահամյանին դատապարտել 9 տարի ազատազրկման: Նույն դիրքորոշումն են արտահայտել նաև տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը: Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Մելքոնյանը պնդել է, որ իր պաշտպանյալը գործել է անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում, նա գիշերային ոտնձգությունից պաշտպանել է իր ընտանիքը՝ կնոջն ու մանկահասակ երեխային, նրա գործողությունները դատարանը պետք է ճանաչի իրավաչափ, դադարեցնի Գագիկ Աբրահամյանի քրեական հետապնդումը և նրան ազատ արձակի դատարանի դահլիճում: Ընդհանուր իրավասության դատարանը վերաորակել է Գագիկ Աբրահամյանին մեղսագրված արարքը: Գագիկ Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ոչ թե դիտավորյալ սպանության, այլ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածով: Նա դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել մեղադրողը և տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը: Պահանջը նույնն էր՝ բեկանել դատավճիռը, դատարանի կատարած վերաորակումը համարել անհիմն ու անօրինական, Գագիկ Աբրահամյանին մեղավոր ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, նշանակել կատարված սպանությանը համաչափ պատիժ: Բողոքները ևս մեկ պահանջ էին ներառում՝ ամբողջությամբ բեկանել դատավճիռը, գործն ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու: Վերաքննիչ քրեական դատարանը մեղադրողի և տուժողի իրավահաջորդի բողոքները բավարարեց մասնակիորեն՝ ամբողջությամբ բեկանեց դատավճիռը, գործն ուղարկեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով նոր քննություն կատարելու: Գործը նոր քննության ուղարկելու՝ վերաքննիչ քրեական դատարանի մատնանշած հիմնավորումներից մեկը հենց… դատահոգեբանական կրկնակի փորձաքննություն նշանակելու և անցկացնելու անհրաժեշտությունն է: 2015 թվականի հուլիսի 9-ից դատական ատյաններում գտնվող այս գործի նոր քննությունն ընդհանուր իրավասության դատարանում ամենայն հավանականությամբ նորից տևական կլինի, եթե կրկնակի դատահոգեբանական փորձաքննությունը նշանակվի. հայտնի է, որ դատարանները փորձաքննությունների կատարմանն ու եզրակացությունների ստացմանը սպասում են ամիսներով… Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր