00:00:00

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

23:31, 05 հունիս 2018 Մարզեր

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է  Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը` կոմիտեի ղեկավարի տեղակալ Նիմա Դադբինի ղեկավարությամբ: Պատվիրակության կազմում էին   ԿԽՄԿ  տնտեսական անվտանգության ծրագրերի համակարգող Մարգարիտա Վասիլիաուսկայտեն և  առողջապահական ծրագրերի պատասխանատու Գեղամ Պետրոսյանը:   Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է Հայաստանում ինչպես Ղարաբաղյան հակամարտության տարիներին, այնպես էլ այսօր սահմանամերձ բնակավայրերում ԿԽՄԿ-ի մարդասիրական առաքելությունը՝ միտված պատերազմից տուժած անձանց օգնության տրամադրմանը, տեղական ենթակառուցվածքների զարգացմանը, բնակչության  շրջանում անվտանգ վարքագծի ձևավորմանը: «Սահմանամերձ բնակավայրերի  անվտանգության ապահովման,  անհետ կորածների վերադարձի ու հակամարտող կողմերում  մարդասիրական իրավունքի պահպանման  բնագավառում  ԿԽՄԿ-ի դերակատարումը  շատ էական է և նման  խնդիրների լուծումն  առանց  այդ  աջակցության հնարավոր չէր  լինի իրականացնել»,-ասել  է նախարարը` շնորհակալություն հայտնելով  Տավուշի մարզում սահմանամերձ բնակավայրերում  կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի համար:   Շնորհավորելով նախարարին նշանակման կապակցությամբ՝ ԿԽՄԿ ղեկավարի տեղակալ Նիմա Դադբինը շնորհակալություն է հայտնել  արագ արձագանքի և ընդունելության համար։ Դադբինը կարևորել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ հետագա համագործակցությունը` շեշտելով, որ  ԿԽՄԿ-ի համար նախարարությունը կարևոր գործընկեր է հանդիսանում:   Հանդիպմանը պատվիրակության անդամները ներկայացրել են  իրենց կողմից  իրականացվող ծրագրերը։ Քննարկվել են, մասնավորապես, ԿԽՄԿ-ի կողմից Տավուշի մարզում բնակավայրերի անվտանգության բարձրացմանն ուղղված իրականացվող պաշտպանական ծրագրերը:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորված  համագործակցութունն ակտիվացնելու ուղղությամբ:   2011 թվականից ի վեր՝ ԿԽՄԿ-ն սերտ համագործակցում է Հայաստանի տեղական իշխանությունների հետ՝ իրականացնելով զանազան ծրագրեր հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով տեղակայված համայնքներում: ԿԽՄԿ-ն օգնում է սահմանամերձ համայնքներին բարելավել ջրի քանակը, որակը, ապահովում է հասանելիությունը բնակիչների համար՝ վերանորոգելով ենթակառուցվածքները, օգնում է գյուղերի բնակիչներին գտնել եկամուտի այլընտրանքային հնարավորություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր