ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քրեական հետապնդումն ու իրավապահ համակարգը ծառայեցվում են մեկ անձի քաղաքական շահերի:
Այն, ինչ Լիպարիտ Դրմեյանի (Liparit Drmeyan) վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, քրեական հետապնդման քաղաքական հրահանգ էր ու քաղաքական հաշվեհարդար: Նրա այսօրվա արարքները հակասահմանադրական են, իսկ դրան հաջորդած ցանկացած գործողություն` ակնհայտ ապօրինի:
Այստեղ հարցն այն է, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է անձ, ով փաստացի իրեն է վերապահել դատախազի ու քննիչի լիազորություններ, իսկ իրավապահ այդ համակարգերը հակասահմանադրական հրահանգներով ծառայեցնում է իր ու իր կուսակցության շահերին` մարդկանց առանց ապացույցների, կամայական հետապնդելու ու վարկաբեկելու համար: Այսպես էլ քայաքայվում են իրավունքն ու օրենքը, արդարադատության համակարգը:
Ցանկացած գործողություն Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ ապօրինի է, որովհետև արված է քաղաքական շահերի ու կամայական քաղաքական հրահանգի համար:
Լիպարիտ Դրմեյանի շահերի պաշտպանության համար գործադրվելու են բոլոր մեխանիզմներն ու ատյանները»: