Ուսումնասիրելով գլոբալ զարգացումները Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարած այսօրվա այցի, առաջին հերթին ակնկալվում է ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի հարաբերությունների կայունացման փորձ, այլ ոչ թե «մեծ պատմական համաձայնագիր», գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Օրակարգի գլխավոր թեմաներն են՝ առևտուրը, տեխնոլոգիաները և հատկապես ԱԲ-ն, Թայվանի շուրջ իրավիճակը, Իրանի հակամարտության հետ կապված հարցեր և համաշխարհային տնտեսություն ու հաղորդակցություններ։
Ամենահավանական զարգացումները հետևյալն են՝ Առևտրային «հրադադարի» երկարաձգում։
Մաքսատուրքերի և հազվագյուտ մետաղների սահմանափակումների շուրջ փոխադարձ սպառնալիքներից հետո՝ երկու կողմերն էլ շահագրգռված են գոնե ժամանակավորապես նվազեցնել լարվածությունը։ Հենց դա էլ ակնկալում են համաշխարհային շուկաները։
Մասնակի տնտեսական համաձայնություններ։ ԱՄՆ-ն ցանկանում է՝ ընդլայնել ամերիկյան ապրանքների գնումները Չինաստանի կողմից, ապահովել հազվագյուտ մետաղների կայուն մատակարարումները, թուլացնել ճնշումը ամերիկյան բիզնեսի նկատմամբ։
Չինաստանն իր հերթին ձգտում է թուլացնել ԱՄՆ-ի կողմից չիպերի և բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման սահմանափակումները։
Ընդհանուր առմամբ՝ բեկումնային արդյունքներ պետք չէ ակնկալել, առևտրային պատերազմի ռիսկերի նվազեցման հարցում: Սակայն արդեն իսկ հաջողություն պետք է համարել աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև «կառավարվող մրցակցության» պահպանումը։
Թայվանի հարցում ևս վերջնական որոշումներ չեն ակնկալվում։ Սա ամենազգայուն թեմաներից մեկն է։ Պեկինը պահանջելու է նվազեցնել Թայվանին ցուցաբերվող ամերիկյան աջակցությունը, սակայն Թրամփի հնարավորություններն իրական զիջումների համար սահմանափակ են՝ ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշման պատճառով։
Նախագահ Թրամփը փորձելու է Չինաստանին որևէ կերպ ներգրավել կամ գոնե պայմանավորվել Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու հարցում։ Վաշինգտոնը շահագրգռված է, որպեսզի Պեկինն օգնի նվազեցնել Հորմուզի նեղուցի շուրջ ռիսկերը և ազդեցություն գործադրի Թեհրանի վրա։ Դժվար է ասել՝ արդյո՞ք Չինաստանը կընդունի դա որպես սակարկության թեմա, թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ, կապված է պատժամիջոցների և տեխնոլոգիաների շուրջ ձեռքբերվելիք պայմանավորվածությունից։
Հավանական քննարկում է սպասվում նաև Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ։ Շատ փորձագետներ կարծում են, որ այստեղ ԱՄՆ-ն դժվար թե հասնի էական զիջումների Պեկինի կողմից։
Քաղաքական առումով այցը կարևոր է նաև այն պատճառով, որ սա երկար տարիներից հետո՝ Թրամփի առաջին լիարժեք այցն է Չինաստան: Երկու կողմերն էլ ցանկանում են ցույց տալ, որ կարող են պահպանել ուղիղ երկխոսությունը՝ չնայած գոյություն ունեցող հակադրություններին և առկա ռեգիոնալ հակամարտությանը։
Եթե ավելի լայն նայենք, ապա աշխարհի համար գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք ներկայիս ամերիկա-չինական մրցակցությունը կվերածվի երկարատև «սառը տնտեսական հակամարտության», թե՞ կողմերը կկարողանան այն պահել վերահսկվող շրջանակներում։ Թրանփի այս այցը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է երկրորդ տարբերակին»,-նշել է նա։