00:00:00

«Պшտերազմ կամ խաղաղություն» կեղծ երկընտրանքը վերածվում է հասարակությանը վախեցնելու և իշխանության վերարտադրությունը արդարացնելու գործիքի․ Սուրեն Սուրենյանց

20:35, 14 մարտ 2026 Բլոգ

Փաշինյանի պատերազմի շանտաժը, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

 

«Մենք պետք է հստակ ընտրություն կատարենք, Ղարաբաղի շարժումը շարունակու՞մ ենք, թե ոչ: Եթե շարունակում ենք, դա նշանակում է նոր պատերազմ, չի կարող ուրիշ կերպ լինել: Ժողովուրդը ընտրություններով պետք է ասի՝ շարունակելու ենք Ղարաբաղի շարժումը, թե ոչ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը հստակ ասում է, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք, երկրորդ այդպիսի ուժ գոյություն չունի»,- երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Այս հայտարարությունը կառուցված է կեղծ երկընտրանքի վրա։ Փաշինյանը հասարակությանը փորձում է պարտադրել պարզունակ բանաձև՝ կամ իր իշխանությունը, կամ պատերազմ։ Սակայն այս ձևակերպումը որևէ կապ չունի Հայաստանի իրական քաղաքական օրակարգի հետ։

Հայաստանի քաղաքական դաշտում այսօր չկա ազդեցիկ քաղաքական ուժ, որը հայտարարում է «Ղարաբաղի շարժումը շարունակելու» մասին։ 2023 թվականի Արցախի կործանումից հետո այդ հարցը փաստացի դուրս է եկել Հայաստանի ներքաղաքական օրակարգից։ Այսինքն՝ Փաշինյանը պայքարում է ոչ թե իրական քաղաքական դիրքորոշման, այլ իր իսկ ստեղծած ստվերի դեմ։

Այս կեղծ հակադրությունը հասարակության ուշադրությունը շեղում է ամենակարևոր հարցից՝ ով հասցրեց Հայաստանը այս կետին։ Փաշինյանի կառավարման տարիներին Արցախը կործանվեց, խարխլվեց Հայաստանի անվտանգության և բանակցային համակարգը, իսկ պետությունը հայտնվեց շարունակական զիջումների տրամաբանության մեջ։ Այս պայմաններում նույն իշխանությունը փորձում է ներկայանալ որպես պատերազմի կանխման միակ երաշխավոր։

Փաշինյանի խոսքում կա նաև վտանգավոր ենթատեքստ։ Երբ նա հայտարարում է, թե միայն «Քաղաքացիական պայմանագիրն» է դեմ «Ղարաբաղի շարժման շարունակությանը», փաստացի փորձում է ողջ ընդդիմադիր դաշտին ներկայացնել որպես «պատերազմի կողմնակիցներ»։ Սա դասական մանիպուլյացիա է՝ ստեղծել չեղած սպառնալիք և բոլոր հակառակորդներին նույնացնել այդ սպառնալիքի հետ։

Այսպիսի խոսույթը վտանգավոր է նաև արտաքին քաղաքական առումով։ Փաշինյանի ձևակերպումները ուժեղացնում են Ադրբեջանի այն նարատիվը, թե Հայաստանում կան «ռևանշիստական ուժեր»։ Արդյունքում ցանկացած ներքաղաքական փոփոխություն կամ լարվածություն կարող է ներկայացվել որպես պատերազմի նախապատրաստություն Հայաստանի կողմից։

Այսխիսով, Փաշինյանը փորձում է հասարակությանը պարտադրել կեղծ բանաձև՝ իր իշխանությունը ներկայացնելով որպես խաղաղության միակ երաշխիք, իսկ ցանկացած այլ քաղաքական ընտրություն՝ որպես պատերազմի վտանգ։ «Պատերազմ կամ խաղաղություն» կեղծ երկընտրանքը վերածվում է հասարակությանը վախեցնելու և իշխանության վերարտադրությունը արդարացնելու գործիքի»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր