00:00:00

Մի նեղվեք այդ գրառումներից. Թամամյանը՝ Յոլյան կենտրոնի բժիշկներին

10:13, 13 մարտ 2026 Բլոգ

Մանկական արյունաբան-ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Գևորգ Թամամյանը, արձագանքելով Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի հայտարարությանն ու դրան հետևած արձագանքներին, գրում է.

«Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի իմ սիրելի անձնակազմին

Դուք լավագույնն եք։ Մի նեղվեք համացանցային որոշ գրառումներից. մարդիկ երբեք չեն կարող պատկերացնել, թե դուք ինչ աշխատանք եք կատարում։

Գրառումներ անողների մեծ մասը 5 րոպե անց իրենց առօրյա գործերին են լինելու, իսկ դուք շարունակելու եք փրկել եւս մեկ երեխայի, եւս մի ընտանիքի հետ ցավ ու ուրախություններ եք կիսելու։

Դուք եք անքուն գիշեր անցկացնելու` բժիշկ, բուժքույր, հոգեբան, սոցիալական աշխատող, սանիտար... բոլորը։ Դուք եք փակվելու ու լուռ արտասվելու յուրաքանչյուր կորստի համար, հետո հավաքելու ձեզ, որպեսզի մյուս երեխան կամ ծնողը չտեսնի ձեզ այդ վիճակում եւ չհուսահատվի։

Մի նեղվեք։ Այդ գրառումներ անողները չեն էլ պատկերացնում, թե ինչքան եք տանջվել եւ տանջվում, որ Հայաստանում յուրաքանչյուր երեխա լիարժեք բուժում ստանա եւ այդ ամենը լիովին անվճար։ Դեռ ավելին, որ աշխարհի տարբեր երկրներից փոքրիկները գան Հայաստան բուժվելու։

Մի նեղվեք այդ գրառումներից։ Ցավոք, ուռուցքաբանությունը եւ արյունաբանությունը ոչ միշտ է հաջողություններ գրանցում, բայց համոզված եմ դուք էլ գիտեք, որ դուք առավելագույնն եք արել։

Գիտեմ, որ նեղվում եք, որ, ցավոք, այդ ֆեսյբուքյան գրառումները առաջին հերթին այսօր կամ վաղը բուժում ստացող երեխաներին է վնասում, որովհետեւ նման գրառումների պատճառով ծնողների մոտ սկսում է անվստահություն առաջանալ եւ սկսում են ապավինել արտերկրին։ Արդյունքում կորցնում են ամենակարեւոր բանը` ժամանակը, ինչը, ցավոք, կարող է ճակատագրական դառնալ։ Այո, շատերը չգիտեն դա, չեն գիտակցում, նույնիսկ եթե մտածում են որ շատ խելացի են։ Նրանք չեն կարող անգամ պատկերացնել, որ մտածելով, որ մի քանի տոկոս ավելացնում են շանսերը դուրս գնալով, երբեմն ժամանակի կորստի պատճառով ուռուցքը տարածվում է, եւ շանսերը, ընդհակառակը, անգամներով կրճատվում են։

Բայց դա մարդիկ չեն տեսնում, որովհետեւ նման դեպքերում մարդիկ, հիմնականում, չեն խոսում։ Ինչպես որ հաճախ չեն խոսում հազարավոր առողջացածները եւ չի իմացվում այդ մասին։

***
Խոսքը ուժ ունի, մարդիկ։ Առանց հասկանալու մի քանդեք այն, ինչը վաղը կարող է ձեզ կամ ձեր երեխային փրկել։ Ոչ հեռավոր երկրներից մեկում այդպես որոշ մարդիկ իրենց ձեռքով քանդեցին մանկական ուռուցքաբանությունը, վիրավորեցին տեղի մասնագետներին` նաեւ արտերկրից որոշ "մասնագետների" օժանդակությամբ, որոնք հետագայում վճարովի սկսեցին ընդունել այդ երկրի պացիենտներին։ Բնակչությունը լուռ հանդուրժեց այդ ամենը, բազմաթիվ առողջացածներ նախընտրեցին լռել, իսկ բժիշկները հեռացան։ Սա լիովին իրական պատմություն է։ Եվ ով տուժե՞ց։

Այսօր Հայաստանում մանկական ուռուցքաբանությունն ու արյունաբանությունը բժշկության ամենազարգացած ճյուղերից է, եթե ոչ ամենազարգացածը։ Եվ սա լոկ խոսքեր չեն։ Այո, սա այն ոլորտն է, որտեղ Հայաստանը աշխարհի մի անկյունում ծվարած խեղճ երկիր չէ, այլ ճիշտ հակառակը։ Եվ սա տասնամյակների տաժանակիր աշխատանքի եւ մարդկային նվիրվածության արդյունք է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր