00:00:00

Մի խումբ ՀՀ քաղաքացիներ չեն կարող Թայլանդից վերադառնալ Հայաստան․

14:12, 06 մարտ 2026 Բլոգ

Ֆեյսբուքյան օգտատեր Արփի Բեկարյանը սոցցանցի իր էջում գրել է․

Ընկերներով Թայլանդում ենք։ Վաղը՝ մարտի 7-ին, պիտի արդեն վերադառնայինք Հայաստան։ Բայց բազմակողմ պատերազմների պատճառով մեր ավիաընկերության բոլոր թռիչքները դեպի Երևան մինչև մարտի 23-ը չեղարկվել են։ Մենք ու մեզ նման մի քանի տասնյակ մարդիկ մնացել են Ասիայի տարբեր քաղաքներում, ու Հայաստան հասնելու տարբերակներ են փնտրում։ Մենք 15 հոգի ենք, որոնցից 4-ը` մինչև 6 տարեկան երեխաներ։

Որպեսզի պատկերացնեք, թե ինչպես ենք մենք մեր հանգիստը պլանավորել, ասեմ, որ տոմսերը գնել ենք մեկ տարի առաջ։ Մեր մեկ տոմսը Երևան-Թայլանդ  ուղղությամբ արժեցել է ընդամենը 150 դոլլար։ Իսկ հյուրանոցը Թայլանդում ամրագրել ենք ամիսներ առաջ։ Տասը օրվա համար՝ նախաճաշը ներառյալ, վճարել ենք ամենքս 550 դոլլար։ Գումարը հավաքել ենք մեկ տարվա ընթացքում, էստեղ ծախսելու համար թողել միայն օրվա մեջ սնվելու և ինչ-որ տուրերի ծախսերը։

Գուցե մարդիկ, որոնք հազարավոր դոլլարներ են ծախսում հանգստի վրա՝ առանց գումարի մասին մտածելու, լավ չեն պատկերացնում, որ բնակչության մեծ մասը հանգստի մեկնելու համար 1-2 տարի գումար է հավաքում, երկար պլանավորում ու փորձում հնարավորինս մատչելի տարբերակով հանգստանալ ու նոր մշակույթի հետ ծանոթանալ։ 
Մենք ընկերներով էսպես ճամփորդել ենք միշտ՝ տոմսերը գնելով մեկ տարի, կամ լավագույն դեպքում ամիսներ առաջ։ Երբեք տոմսի համար 1000 և ավելի դոլլար չենք նախատեսել։ Դա մեր գրպանին չի համապատասխանել և հիմա էլ չի համապատասխանում։

Բացի այն, որ պետք է օրեր ավել մնանք, հյուրանոցի և օրվա ծախս հոգանք, որը նախատեսված չէր, հնարավոր տոմսերը՝ Չինաստանով, Ռուսաստանով կամ Ղազախստանով, մի քանի թռիչքով Հայաստան կամ Վրաստան հասնելու պարագայում, արժեն լավագույն դեպքում 1000-2000 դոլլար։ Թե ինչպես ենք վերադառնալու և ինչ ֆինանսներով՝ գաղափար չունենք։

Օրեր առաջ լրատվականներից մեկը գրել էր, որ Օմանից ՀՀ քաղաքացիները տարհանվել են։ «Տարհանումը» 1000-2000 դոլլար չի արժենում։ Իսկ Միջին Արևելքում ու Ասիայում մնացած ՀՀ քաղաքացիներին, որոնք իրենց վաստակած հանգստի համար հսկայական պարտքերի տակ ընկնելով վճարելուց բացի այլ տարբերակ չունեն ՀՀ հասնելու համար, գուցե իսկապե՞ս պետք է տարհանել։

Մարտի 3-ին` մինչև թռիչքների չեղարկվելը, իրավիճակը տեսնելով, ԱԳՆ-ի թեժ գծին և ԱԳՆ մամուլի խոսնակին նամակ ենք ուղարկել, որին մինչ այսօր պատասխան չենք ստացել։
Կցում եմ նաև նամակը.
 

«Հարգելի ԱԳՆ,
Տեղեկացնում եմ, որ 11 մեծ ու 4 երեխաներ գտնվում ենք Թայլանդում: Հետադարձի տոմսերը Շարժա քաղաքով են, որը փակ է, և ամենայն հավանականությամբ թռիչքները կչեղարկվի: 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մեր ֆինանսական միջոցները կարող են սպառվել երկարատև սպասման դեպքում։ Խնդրում ենք տեղեկացնել՝ ի՞նչ հնարավոր տարբերակներ կան Հայաստան վերադառնալու համար, ի՞նչ աջակցություն կարող ենք ակնկալել ՀՀ ԱԳՆ-ից տվյալ պայմաններում, արդյո՞ք նախատեսվում են կազմակերպված տարհանման կամ այլընտրանքային չվերթներ։

Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ հավելյալ տեղեկատվություն»:

Մեր տեղեկություններով միայն Թայլանդում այս պահին կա նվազագույնը 60 ՀՀ քաղաքացի կա։
Արդյոք ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ է, թե Ասիայում ընհանուր քանի ՀՀ քաղաքացի է մնացել, և ինչ տարբերակներով են հասնելու Հայաստան` չգիտենք։ ՀՀ ԱԳՆ-ն իր քաղաքացիների հետ կապի մեջ չէ, և անգամ նրանց, որոնք իրենց են փորձում կապի դուրս գալ, փաստորեն չի արձագանքում։ 

ՀՀ հասնելը մեր պատկերացմամբ կարող է իրականացվել բոլոր քաղաքացիներին Ասիայի մեկ քաղաքում հավաքելով, և ՀՀ տարհանելով։ Նման թռիչք կարող է կազմակերպվել միայն պետության միջնորդությամբ։
ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia
ՀՀ կառավարություն 
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Spokesperson of MFA of Armenia
Ararat Mirzoyan

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր