00:00:00

Գյումրի-2, թե՞ Հայաստանի վերականգնում

11:37, 23 փետրվար 2026 Բլոգ

Իրականում լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման։ Պետք է հասկանալ, թե վերջը ի´նչ է դա նշանակում։

Գյումրին որպես բովանդակություն և որպես տեխնոլոգիա

Որպես բովանդակություն՝ անձամբ ինձ համար «Գյումրիի սցենարը» խիստ խնդրահարույց է։ Ինձ համար չափազանց կարևոր է հաջորդ իշխանությունների որակը։  Հայաստանը և տարածաշրջանն այսօր վառոդի տակառի պես են, և Էապես կարևոր է, թե ինչպիսի հաջորդ իշխանություն է լինելու։ Այս առումով հաջորդ իշխանության բովանդակությունը, սոլիդությունը կենսական խնդիր են։ Պետությունը փորձադաշտ չէ։ Մի փորձություն-իշխանությունը մեզ էս փուլում լիուլի բավարար էր։

Ինչ վերաբերում է «Գյումրիի սցենարի» տեխնոլոգիական կողմին, ապա իշխանությանպոռթկումը մատնում է իրենց անվստահությունը։ Չէ՞ որ, ի վերջո, այդ սցենարը սահմանադրական, օրինական ու նաև տրամաբանական է։ Բայց նույնիսկ դա չէ կարևորը։ Գործնականում այսօր անհնար է հաշվարկել գալիք ԱԺ-ի պատկերը, հետևաբար՝ իշխանության ձևավորման տարբերակները։ Հայաստանում ձևավորված են ոչ ստանդարտ սոցիալական շերտեր, որոնց քվեարկության բովանդակությունը ոչ ոք չի կարող նախապես հաշվարկել։

Հիմա իշխանությունը ի՞նչն է քննարկման առարկա դարձնում։ Եվ վերջապես, ինչո՞ւ են սևեռվել 2-3 ուժերի վրա։ Աժ մտնելու և բոլորի հաշվարկներն էապես փոխելու այլ պոտենցիալ ուժեր կան, որոնք դեռ հայտ ներկայացնելու ժամանակ ունեն։

Հիմա՝ ինձ համար թերևս ամենակարևոր պահը. վերջին տարիներին ձևավորված հանրային դեմքերի մի պատկառելի անվանացանկի՝ ընտրացուցակներում ինտեգրվելը։ Եթե նրանք էլեկտորալ պրոցեսներում իրենց տեղը չգտան (կամ չուզեցին կամ չթողեցին), ընտրության բովանդակությունը և արդյունքները տուժելու են։ Նորմալ մարդկանց, սկզբունքային և ոչ արկածախնդիր մարդկանց հայտնվելը տարբեր ցուցակներում էապես փոքրացնելու է անսկզբունքայնությունը և արկածախնդրությունը պետության մասշտաբով։

Հայաստանի վերականգնումը՝ որպես միակ ճիշտ մոդել

Երկրի շահը և երկրի այսօրվա վիճակը պահանջում են, որպեսզի պատասխանատու քաղաքական ուժերը դնեն հենց այս խնդիրը՝ Հայաստանի վերականգնումը։ Ու հենց  այս բովանդակությունը պարտադրեն ընտրարշավում, այսօրվանից սկսած։

Մենք ունենք չափազանց բարդ իրականություն և բարդ հարցերի մի ցանկ, որին պետք է ազնվորեն պատասխանել։ Ցանկն ուզում եմ սկսել կետերից, որոնք գուցե շատերի համար անսպասելի կլինեն, բայց որոնք արդեն մեր առաջնային օրակարգում են։

1.Երկրի ներքին կառավարելիության կորուստը. փողոցային բանդաների, վենդետաների, կենցաղային բեսպրեդելի սահմռկեցուցիչ դրսևորումներ՝ ամեն օր, ամեն քաղաքում։ Լրջագույն խնդիր է։

2.Ոչ մի հարց չի լուծվում՝ սկսած օդի մահաբեր ցուցանիշներից, փոսախեղդ  փողոցներից, մինչև բոլոր ոլորտների ռեֆորմներ, որոնք ազդարարվում են ու անմիջապես կասեցվում, որովհետև ռեալ կյանքում անիրագործելի են։ Սա խոսում է կառավարման ծայրահեղ անորակության մասին։

3.Ինչպե՞ս ենք գնում երաշխավորված խաղաղության։ Այսօր խաղաղություն չէ, այսօր «չպատերազմ» վիճակ է, որը ցանկացած իշխանությունից պահանջելու է բարդ ու լուրջ մենեջմենթ։

4.Վերջը Թրիփն ի՞նչ է, Հայաստանի օգուտը Թուրքիան-Ադրբեջանին կապող ճանապարհում ո՞ր օղակն է սա, իրական խաղաղության ի՞նչ երաշխիք է տալիս։ Ի՞նչ զարգացման հեռանկար ունի Թրիփը կամ ունի՞ արդյոք։

5.Եթե վաղը Ադրբեջանն ուժի սպառնալիքով կամ նույնիսկ կիրառմամբ պահանջներ դնի, ասենք, Գեղարքունիքի մարզում, Թրիփը ի՞նչ դերակատարում կունենա։ Գուցե Թրամփը 11-րդ անգամ խաղաղություն հաստատի, ասենք, Սևանի մի ափի հաշվի՞ն։

6.Ինչպիսի՞ն ենք տեսնում ներքին հաշտության ճանապարհը։ Բզկտված, ատոմիզացված, տեղ-տեղ բանակությունը կորցրած հասարակական տրամադրություններով ոչ մի տեղ չենք հասնի։

7.Ինչպե՞ս ենք ընկալում ու փորձում լուծել Հայաստանի ամենալուրջ ստրատեգիական խնդիրը՝ արտագաղթը։ Ակնհայտ է, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի թեման առաջիկայում դառնալու է օրակարգ։ Պատահական չէ, որ նրանք արդեն անհոգ քայլում են Հայաստանի բակերով։ Այս իշխանությունն այդ հարցի լուծումը չունի, մենք դա գիտենք։ Ի՞նչ են առաջարկում ուրիշները։

Այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Մնում է հասկանալ դրա բուն նպատակը։ Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը։ Հակառակ դեպքում ոչ թե Գյումրի -2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր