«Կազմակերպչական աշխատանքներն ընթացքում են, ավելին չեմ կարող ասել»,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը՝ պատասխանելով փետրվարի 16-19-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովի մասին հարցին։
«Ոչինչ ասել չեմ կարող, կազմակերպչական աշխատանքներն ընթանում են, բոլոր հարցերին հանձնախումբը պատասխան կտա»,- ասաց Տեր Եսային։
Հիշեցնենք, որ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, 2025 թ. դեկտեմբերի 10-12-ը պետք է հրավիրվեր եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Սակայն դեկտեմբերի 12-ին Մայր Աթոռից հայտնել էին, որ Եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է. «Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է»։
Արդեն այս տարվա հունվարի 19-ին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։
Իշխանությունը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի և արքեպիսկոպոսի՝ երկրից չբացակայելու արգելք է դրել: Նրանք ժողովին կմասնակցեն հեռավար։