Նախընտրական առաջարկ և խոստում գյուղատնտեսության ոլորտում
Գարնան մոտենալու հետ գյուղերում սկսվում են գյուղատնտեսական աշխատանքները։ Անկախության տարիներից ի վեր գյուղացիների մեծ մասը, մենակ մնալով իրենց հոգսերի հետ, սովորել է ինքնուրույն կառավարել իր տնտեսությունը և հարմարվել ներկա իրողություններին։ Կոպիտ ասած՝ յուրաքանչյուրը ստիպված է եղել ինքնուրույն լուծել իր խնդիրները։
Սակայն կան հարցեր, որոնց լուծման համար գյուղացիական տնտեսություն վարողներին անհրաժեշտ է պետական աջակցություն։
Այժմ կնշեմ այդ կարևորագույն հարցերից մեկը, որտեղ պետական աջակցությունը կենսական նշանակություն ունի, և, միաժամանակ, կներկայացնեմ առաջարկ ու նախընտրական խոստում, որը հնարավորություն ունենալու դեպքում մենք պարտավորվում ենք իրականացնել։
Ծառերի և գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, ինչպես նաև կրծողների դեմ պայքարի ժամանակ գյուղացին հիմնականում հիմնվում է այսպես կոչված թունաքիմիկատներ վաճառողների խորհուրդների վրա։ Սակայն այդ խորհուրդները ոչ բոլոր դեպքերում են արդյունավետ և ճիշտ, քանի որ վաճառողները ոչ միշտ են բավարար չափով կոմպետենտ, իսկ որոշ դեպքերում պարզապես առաջարկում են այն թունաքիմիկատները, որոնք ունեն տվյալ պահին կամ որոնք իրենց համար առավել շահավետ են։
Մենք առաջարկում ենք․
1. Յուրաքանչյուր մարզում ստեղծել գյուղատնտեսության աջակցության և խորհրդատվության տիպային կենտրոններ։
2. Կենտրոնների կազմում ապահովել․
• վերապատրաստված գյուղատնտես խորհրդատուներ,
• անվճար գործող ագրո-լաբորատորիաներ, որտեղ գյուղացին կկարողանա բերել իր մշակաբույսի տերևը կամ այլ նմուշ, կկատարվի համապատասխան անալիզ, կպարզվի հիվանդության հստակ տեսակը և կնշանակվի համապատասխան բուժում,
• բույսերի և կենդանիների հիվանդությունների անվճար ախտորոշում և վերահսկվող բուժում:
3. Սահմանել բուժման հետագա վերահսկման պարտադիր փուլ՝ արդյունքի արդյունավետությունը գնահատելու համար։
Նախնական հաշվարկներով՝
• կենտրոնների ստեղծման ընդհանուր արժեքը՝ մոտ 5 մլն ԱՄՆ դոլար,
• տարեկան պահպանման ծախսը (10 կենտրոն միասին)՝ մոտ 600 հազար ԱՄՆ դոլար:
Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել արտադրողականությունը, նվազեցնել վնասները, պաշտպանել գյուղացուն և ապահովել սննդային անվտանգություն։
Հայկական ճանապարհ կուսակցության նախագահ Նարեկ Մանուկյան