Ֆրանսիայի խորհրդարանն անում է ավելին, քան մեր երկրի իշխանությունը, որն առաջարկում է փակել արցախահայերի վերադարձի հարցը, որպեսզի զուգահեռաբար, Ադրբեջանն էլ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ պետական քաղաքականությունը դադարեցնի։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«Երեկ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը կարևոր քայլ արեց՝ միաձայն ընդունելով բանաձև, որով պահանջում է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումն ու արցախահայերի անվտանգ վերադարձի ապահովումը։
Այսինքն, Ֆրանսիայի խորհրդարանն անում է ավելին, քան մեր երկրի իշխանությունը, որն առաջարկում է փակել արցախահայերի վերադարձի հարցը, որպեսզի զուգահեռաբար, Ադրբեջանն էլ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ պետական քաղաքականությունը դադարեցնի։
Այս իշխանության պատճառով մենք մշտապես նահանջողի դիրքերում ենք։
Սա կարևոր քայլ է: Առհասարակ, մեծ ու համակարգված ակտիվ աշխատանք պետք է տանել այն մարդկանց, երկրների հետ, որոնք մեր դաշնակիցներն են, մեր բարեկամները:
Այսպիսի հարցերում պետք է միշտ համատեղ աշխատել նաև Սփյուռքի հետ։
Առանձահատուկ կարևոր է, որ բանաձևում արձանագրված է՝ մեր հայրենակիցները պատանդներ են Ադրբեջանի ձեռքում, որոնց հետագա ճակատագիրը պայմանավորված է շանտաժով և քաղաքական ու տարածքային գործարքներով, և նրանք դատվում են ամբողջությամբ հորինված մեղադրանքների հիման վրա։
Ուզում եմ ընդգծել, որ այսօր Աբու Դաբիում Հայաստանի վարչապետի ևԱդրբեջանի նախագահի հանդիպման ընթացքում, իհարկե, չեն հնչել Ադրբեջանում անօրինական պահվող մեր գերիների ու պատանդների վերադարձի հարցերը, ինչպես նաև արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր։
Մենք այդ մասին խոսել ենք ու շարունակելու ենք գործուն քայլեր ձեռնարկել»,- գրել է Թաթոյանը։