Այսօր Դատախազություն հաղորդումներ ենք ներկայացրել Սոլովյովի կողմից Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի (ՔՕ 151) և Վեդու կոմունալի աշխատողի նկատմամբ հավաքի մասնակցության ենթադրյալ պարտադրանքի (ՔՕ 236) դեպքերով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է․ «Առաջին դեպքը վերաբերում է Վեդի համայնքի կոմունալ բաժնի աշխատակցին իր կամքին հակառակ վարչապետի մասնակցությամբ ընթացող միջոցառմանը ներկա գտնվելուն առերևույթ հարկադրելուն։ Ըստ տեսանյութի՝ քաղաքացուն պարտադրել են հիվանդանոցից՝ վիրահատությունից անմիջապես հետո, ներկայանալ պատարագի։ ԻՔՄ-ն գտնում է, որ այստեղ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առերևույթ հատկանիշներ։
Երկրորդ դեպքը վերաբերում է ռուսաստանյան հայտնի քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի կողմից իր եթերի ժամանակ հնչեցված կոչերին։ Վերջինս հրապարակայնորեն կոչ է արել ՌԴ իշխանություններին Հայաստանի դեմ իրականացնել «հատուկ ռազմական օպերացիա»՝ Ուկրաինական սցենարով։ Հաղորդմամբ պահանջվում է քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածի հատկանիշներով՝ ագրեսիա նախաձեռնելու հրապարակային կոչի համար՝ հիմք ընդունելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները, ըստ որոնց՝ քրեական օրենքով նախատեսված արարքը ՀՀ տարածքից դուրս կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է ՀՀ քրեական օրենսգրքով, եթե կատարված արարքն ուղղված է ՀՀ շահերի դեմ։
ԻՔՄ-ն ուշադիր հետևելու է այս հաղորդումների ընթացքին և ակնկալում է պատշաճ իրավական գնահատական իրավապահ մարմինների կողմից»։