Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Լսեցի, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կուսակցական երթին հորդորել է ծափահարել իրեն միացած տասը եպիսկոպոսներին:
Սա հատկանշական դրվագ է: Եթե Փաշինյանը դիմել է այդ քայլին, ապա սա մանրուք չէ: Ի վերջո, ավտորիտար համակարգ կառուցողը պարզապես քմահաճույքի համար բազմությունից չի կորզի այլոց ուղղված ծափահարություն: Կնշանակի, որ Նիկոլ Փաշինյանը եպիսկոպոսների շրջանում զգում է «վարանում»:
Դա իհարկե զգալու էլ չէ, այլ՝ տեսնելու: Ես անդրադարձել եմ ստորագրման հայտնի «ծեսի» ընթացքում նրանց դեմքի արտահայտությանը: Փաշինյանը անմիջապես այդտեղ էր, չէր կարող դա չտեսնել հենց տեղում:
Հարցը նաեւ այն չէ, որ եպիսկոպոսները կարող են վարանել ու նահանջել: Նրանց հաստատ շատ «պինդ» են բռնել:
Հարցը թերեւս այն է, որ նրանք կարող են «վարանման» հետեւանքով «կարկամել» բավականին կարեւոր պահերի: Իսկ դա կարող է լինել բախտորոշ ռիսկ ամբողջ պրոցեսի համար, այդ թվում նաեւ այն «սալյամիի» էֆեկտի, որով առաջ է շարժվում Նիկոլ Փաշինյանն այս արշավում:
Սա է պատճառը թերեւս, որ նա բազմությունից ծափեր է կորզում տասնյակի համար, մի քիչ էլ խաղալով նրանց փառասիրության վրա: Կարծում եմ, որ դա չի լինի եզակի դեպք եւ Փաշինյանը կփորձի որեւէ նոր առիթ դարձյալ օգտագործել տասնյակին «բազմաց ձայնով» խթանելու համար»: