Հասարակական-քաղաքական գործիչ, «Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը գրում է․
«Ցանկացած հզոր տղամարդու թիկունքին կանգնած է ուժեղ կին: Սուրբ Ծննդյան օրով ցանկանում եմ անդրադառնալ մեր քաղբանտարկյալների ընտանիքներին, ովքեր իրենց քաղբանտարկյալ հայրերի ու ամուսինների ամենահզոր հենարանն են ու մեր քաղբանտարկյալ եղբայրների հետ հավասար կրում են ապօրինի զրկանքները: Քաղբանտարկյալների ընտանիքներին մաղթում եմ արդարության հույսի իրականացում, կամք՝ այս ժամանակավոր դժվարությունները հաղթահարելու համար, Աստծո օրհնությունը թող կենտրոնանա ձեր օջախներում:
Կուզեի առանձնացնել քաղբանտարկյալների ընտանիքի այն անդամներին, ովքեր հրապարակային վերցրել են իրենց խիզախ ամուսինների գործի էստաֆետը: Դա հիրավի հերոսական կեցվացք է: Առաջինը Քրիստինե Հակոբյանը, իմ ընկեր Դավիթ Համբարձումյանի կինը, 4 երեխաների մայր ով ուժ է տալիս իր ամուսնուն դժվարությունների հաղթահարման փուլում: Դուք այս խիզախ կնոջը ճանաչեցիք իր ամուսնու ձերբակալման պահին հարցազրույցով:
Հատուկ հիացմունքի է արժանի Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը, ով Նարեկի բանտարկության հոգսի ու երկու մանկահասակ երեխաների խնամքի ընթացքում կարողանում է նաև շարունակել (ընդ որում շատ արդյունավետ) ամուսնու հանրային գործը: Ես մեծ ուշադրությամբ դիտում եմ Լուսինեի բոլոր տեսանյութերը և խորհուրդ եմ տալիս դիտել:
Սամվել Կարապետյանի կինն ու դուստրը կոտրեցին մեծահարուստ փափկասուն կանանց կարծրատիպը և կրկին հանրային պայքարի շատ գեղեցիկ օրինակ հանդիսացան:
Քաղբանտարկյալների օրինաչափությունը, որը նկատել եմ և ցանկանում եմ կիսվել ձեզ հետ՝ ավանդական, հայկական ընտանիքների առկայությունն է: Սա նշանակում է, որ նրանց պայքարը իրական է և արժեհամակարգային է:
Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Աստծո օրհնությունը բոլորի ընտանիքներին»: