Վիլնյուսում մայիսի 31-ին տեղի են ունեցել Հայաստանի և Լիտվայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, լիտվականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Դարիուս Սկուսևիչյուսը։ Խորհրդակցությանը մասնակցեց նաև Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Հանդիպմանը ԱԳ նախարարի տեղակալները կարևորեցին երկու ժողովուրդների միջև առկա պատմամշակութային կապերը, որոնք լավագույնս դրսևորվեցին օրերս Վիլնյուսում կայացած երկու երկրների հարյուրամյակներին նվիրված խոշոր մշակութային միջոցառմամբ։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-լիտվական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվեցին երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հարաբերությունների ընդլայնման հեռանկարները։ Կողմերը վերահաստատեցին երկկողմ բարձրաստիճան այցերը հաճախակիացնելու, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները պարբերաբար անցկացնելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում քննարկվեց նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը։ Կարեն Նազարյանն ընդգծեց Արևելյան Գործընկերության շրջանակներում ստանձնած համատեղ հանձնառությունների իրականացման կարևորությունը, մասնավորապես մուտքի արտոնագրերի երկխոսության մեկնարկը, որը գտնվում է ԵՄ անդամ երկրների իրավասության ներքո։
Կողմերը քննարկեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։ Անդրադարձ կատարվեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին»։