«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը, շարունակում է ներկայացնել, թե իրենց ընդդիմադիր գործունեության ընթացքում ինչ հետապնդումների են ենթարկվել իրենք և մյուս ընդդիմադիրները։
Իշխանությունները իրենց գալու առաջին իսկ օրերից՝ 2018 թվականից սկսած՝ թիրախավորել են Նարեկ Սամսոնյանին և մյուս ընդդիմախոսներին՝ իրենց մասին իրականությունը հանրությանը ներկայացնելու համար։
«Ամուսինս, ինչպես մեր պետությունը սիրող մյուս բոլոր սրտացավ մարդիկ, պայքարի առաջին շարքերում էին։ Հաշիվ չկա, թե քանի անգամ է Նարեկը բերման ենթարկվել»,- ասել է Լուսինե Առաքելյանը։
Նա նշել է՝ այն օրվանից, երբ «Անտիֆեյք» հարթակի գործունեությունն ընդլայնվեց, ընդդիմադիրների հրապարակային խոսքն էլ ավելի լսելի դարձավ հանրության լայն շերտերին, հետապնդումներն ավելի ակտիվացան։
«Իշխանությունները գնալով ավելի շատ սկսեցին վախենալ ազատ խոսքից, իշխանությունների կողմից ուղիղ հրահանգ կար՝ լռեցնել իրենց ընդդիմախոսներին»,- նշել է քաղբանտարկյալի կինը՝ ներկայացնելով, թե ազատ խոսքը լռեցնելու նպատակով ինչ տարբեր, ժողովրդավարության նորմերին հակասող գործիքակազմերից է սկսել օգտվել փաշինյանական ռեժիմը։
Չնայած իշխանությունների պատվերով իրականացվող բոլոր տեսակի քրեական հետապնդումներին՝ պայքարը շարունակվեց ու շարունակվելու է։