Իշխանությունները սպառնալիքներով և ուժի կիրառման շանտաժով, թեև, վիժեցրեցին արցախցիների հավաք-ակցիաները, սակայն դրանից իրավիճակը չփոխվեց, ասում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Կառավարության սոցիալական քաղաքականությունն արցախցիների վերաբերյալ բավական ծանր իրավիճակ է ստեղծել այն ընտանիքների համար, ովքեր տան հարց չեն լուծել ու եթե նույնիսկ աշխատանք ունեն, ապա դրա եկամուտները թույլ չեն տալիս վարձ մուծել և նվազագույն կենցաղային խնդիրներ հոգալ:
Նույնիսկ այն մարդիկ, ովքեր փորձում են բնակարանային սերտիֆիկատ ստանալ, երկար սպասում են քաղաքացիություն ստանալու պրոցեսին, իսկ այդ ընթացքն ուղեկցվում է սոցիալական սաստիկ խնդիրներով»:
Պատգամավորը նաև նկատում է, որ սոցիալական աջակցության ծավալի կրճատումից բացի՝ խիստ սահմանափակ խմբեր են օգտվում պետական աջակցությունից:
«Այս տարիների ընթացքում, պետական մակարդակով քարոզչություն է տարվել, որ մեծ թվով արցախցիները ՀՀ-ում տուն են գնել, բիզնես դրել կամ Արցախում արտոնյալ վարկերից օգտվել` փորձելով արդարացնել կառավարության անմարդկային սոցիալական քաղաքականությունը:
Ինչ խոսք, մարդ կա չարաշահումներից է օգտվել, մարդ կա տուն ունի կամ որոշակի գումարային «զապաս», բայց դա իրականում Արցախից բռնի տեղահանված մարդկանց քիչ տոկոսն է կազմում:
Երկրորդ, ով հանցանք է գործել` թալանի կամ այլ տեսքով, պետք է դրա համար իրավական պատասխանատվություն կրի, սակայն այդ ամենը չպետք է «ջարդվի» բոլորի վրա:
Երրորդ, Արցախը հանձնելն ու դա ադրբեջանական ճանաչելը դրել են մի կողմ, փորձում են ներարցախյան բախումներ հրահրել, հայաստանցի-արցախցի արհեստական պառակտումներ մտցնել, մարդկանց իրար դեմ հանել»:
Աբրահամյանը եզրահանգել է՝ իշխանությունը շարժվում է` չկա մարդ, չկա խնդիր սկզբունքով և մարդկանց արտագաղթի է մղում: