Աննա Հակոբյանը գրում է․
Նոր հեքիաթ իմ մասին
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն անցյալ շաբաթավերջին Անթալիայի ամենահայտնի հյուրանոցներից մեկում անցկացրած իր արձակուրդի ժամանակ ծախսել է ավելի քան 100 հազար եվրո։
Բնականաբար, բազմաթիվ հարցեր են ծագել, թե ինչպես է Աննա Հակոբյանի կողմից հունիսի 19-ից 22-ը «Տիտանիկ Մարդան Փելես հյուրանոցում» անցկացրած երեք օրվա արժեքը կազմել այդքան աստղաբաշխական թիվ։
Պարզվեց, որ Հայաստանի առաջին տիկինը սկզբում բնակություն է հաստատել նախագահական շքեղ համարում՝ «King Suite»-ում, որի մեկ գիշերվա արժեքը 6 հազար եվրո է։ Պարզվեց, որ բացի նշված շքեղ սենյակում մնալուց, տիկին Հակոբյանը հիմնականում ծախսել է շքեղ իրերի վրա, ինչպիսիք են շամպայնի լոգարանը, անձնական յոգայի մարզիչը, անձնական սպասուհին, զբոսանավի վարձակալությունը և մինի բարը»։
Իմ մասին է։ Լավ հեքիաթ է, որը մեր անթասիբ, տգետ եւ անհայրենիք լրագրող-թերթոնները հրճվանքով տարածում են։
Իսկ իրականությունն այն է, որ նշված օրերին ես աղջիկներիս հետ ճամփորդում էի Սյունիքի մարզում։
Ինչ ասեմ, հիանալի՜ ժամանակ անցկացրեցինք։ Երեւանից ուղեւորվեցինք հունիսի 19-ի առավոտյան՝ ճաշեցինք Harsnadzor Eco Resort-ում, եղանք Wings of Tatev-ում, զբոսնեցինք եւ գիշերեցինք Գորիսում՝ HarMar հյուրանոցում (https://www.instagram.com/harmarhotel?igsh=MTg1eW0wMzNmdWRrbA==)
Հունիսի 20-ին Գորիսից ճանապարհ ընկանք Կապան. ողջ օրը անցկացրեցին հիանալով Խոստուփ լեռով, քաղաքով, Վաչագան գետով, մարդկանցով, ճաշեցինք AntariProject-ում ( https://www.instagram.com/antari_project_?igsh=MWl6ZDEyemhycDB4cQ==), անմահական խնձորով շտրուդել վայելեցինք Caffè 48-ում։
Աղջիկներս Կապանից մեկնեցին Մեղրի, իսկ ես վերադարձա Երեւան, միայն այն պատճառով, որ հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Մարալիկում «Կրթվելը նորաձեւ է» շարժման հերթական բանախոսությունն էր պլանավորված։
Ինչ մեղքս թաքցնեմ՝ կիրակի օրը, այսինքն՝ հունիսի 22-ին, ողջ օրը անցկացրել եմ տանը եւ դա ապացուցող ոչ մի փաստ՝ լուսանկար չունեմ։
Ստորեւ՝ 19-ից 21-ը Սյունիքի մարզ կատարած ճամփորդության լուսանկարներն են։
Անհայրենիք տեռորիստների աջակիցների կույտ եք դուք, եւ ընդամենը։




