Տեղյակ եք, որ մենք ձևավորել ենք խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը մեծ հաշվով մեր տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապողիները և տնտեսական կապերը ապաշրջափակելու մասին է, և Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերաբացումը այս համատեքստում շատ կարևոր թեմա է։ Իհարկե, այս համատեքստում կարևոր են նաև Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևան և Հայաստանից Նախիջևանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային կապի վերականգնումը։ Այս մասին Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք բոլորովին վերջերս շատ կոնկրետ առաջարկություն ենք արել Ադրբեջանին, այս խնդիրը լուծելու համար, խոսքը առաջին փուլում վերաբերվում է երկաթուղային բեռնափոխադրումների իրականացմանը։ Մենք կարծում ենք, որ այդ խնդիրը պետք է լուծվի երկրների տարածքային ամբողջականության, իրավազորության և ինքնիշխանության հարգմամբ։ Այն լուծումը, որ մենք առաջարկել ենք, կարծում ենք լիարժեք բավարարում է այս պայմանին։
Բացի դա, շատ կարևոր է, որ ինքը բավարարում է նաև լիարժեք, լիաթոք ամբողջական բեռնափոխադրումներ իրականացնելու պայմանին, այսինքն, որ այդ բեռնափոխադրումները իրականանան, չլինեն խոչընդոտներ։
Այսօր Ադրբեջանից դեպի Նախիջևան կապ կա Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, և մենք ասում ենք նաև, որ ըստ էության մեր պատկերացումները այնպիսին են, որ այն պայմանները, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջարկում է Ադրբեջանին՝ նույն պայմանները պատրաստ ենք նաև առաջարկել մենք։ Իհարկե, հաշվի առնելով առանձնահատկությունը, որ տվյալ դեպքում ոչ միայն Ադրբեջանից Հայաստանի տարածքով Ադրբեջան, այլև Հայաստանից Ադրբեջանի տարածքով Նախիջևան երկաթուղային բեռնափոխադրումների մասին է՝ մենք պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների գնալ և իհարկե փոխադարձության սկզբունքով»։
Նա ընդգծեց, որ այս նախագիծը իրագործելու պարագայում, սա շատ պոզիտիվ ազդեցություն կունենա նաև Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, որովհետև այս համատեքստում նշանակում է, որ և Ադրբեջանը, և Հայաստանը կկարողանան միմյանց տարածքները օգտագործել միջազգային երկաթուղային բեռնափոխադրումների համար։
«Այս կապուղիները բացվելու պարագայում Հայաստան-Իրան երկաթուղիկ մենք կունենանք, ինչը էականորեն կխորացնի մեր տնտեսական հարաբերությունները։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ ունենալ երկաթուղային լիարժեք բեռնափոխադրումներ, և ինչը նշանակում է, որ և Հայաստանը, և Ադրբեջանը լիարժեք կերպով կինտեգրվեն միջազգային երկաթուղային ցանցին»։
Նա ընդգծեց, որ կարևոր է, որ Հայաստանը Իրանի հետ մինչև հիմա երկաթուղային կապ չունի, այս ծրագիրը կգա այդ բացը լրացնելու։
«Ռելեֆի բերումով նման երկաթուղին չափազանց մեծ ներդրումներ է պահանջում և այսօրվա պայմաններում դեռևս չկա հիմնավորում, որ հնարավոր բեռնափոխադրումները կկոմպենսացնեն երկարաժամկետում թեկուզ այդ ծախսը։ Այս ծրագրի իրագործման պարագայում և մենք երկաթուղային կապի հնարավորություն կունենանք դեպի Պարսից ծոց, դեպի Օմանի ծոց և մենք նաև Իրան Իսլամական Հանրապետությունը Հայաստանի տարածքով դեպի Սև ծով, ապա նաև դեպի դեպի արևմուտք»։