Անցյալ տարվանից մենք կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգ ընդունեցինք, և այդ համակարգի ներդրման պահից կենսաթոշակից արվող անկանխիկ առևտրից հետվճար էր իրականացվում թոշակառուներին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կռավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ որոշումն իրեն արդարացրել է:
«2023 թվականի նոյեմբերի տվյալների համաձայն՝ նախորդ տարվա հուլիսից, այսինքն ներդրման պահից մինչև այս պահը, 62 միլիարդ դրամի անկանխիկ առևտուր են իրականացրել կենսաթոշակառուները: Ընդ որում՝ ներդրման պահից մինչև օրս 5,2 միլիարդ դրամ վերադարձվել է կենսաթոշակառուներին: Մենք ամեն ամսվա հետ տեսնում ենք, որ անկանխիկ առևտրի ծավալները մեծանում են:
Այսօրվա որոշման էությունը հետևյալն է, որ նախկինում 5 տոկոսը վճարում էին բանկերը, 5 տոկոսը վճարում էր Կառավարությունը: Ըստ էության, այս համակարգից օգտվում էին այն կենսաթոշակառուները, որոնց սպասարկող բանկերը միացել էին համակարգին»,- ասաց վարչապետը տեղեկացրեց, որ քննարկման արդյունքում եկել են այն որոշման, որ հունվարի 1-ից 10 տոկոսը կվճարվի պետական բյուջեից:
«Սա մեզ հնարավորություն կտա, որ թոշակառուներին բանկից բանկ չուղարկենք, ասենք՝ եթե այս բանկը չի մասնակցում, գնացեք, ուրիշ բանկի հետ աշխատեք:
Իհարկե, անհասկանալի է նաև այն բանկերի գործելակերպը, որոնք չմիացան կամ ուշ միացան, բայց դա առանձին թեմա է, և մենք այդ խնդիրներին առանձին կանդրադառնանք:
Այս պահին հետևյալ արձանագրումն եմ ուզում անել. հունվարի 1-ից ամբողջը վճարելու է պետական բյուջեն, նպաստառուներինը՝ նույնպես, այսինքն՝ բոլոր թոշակառուները և նպաստառուներն անկանխիկ առևտրի դեպքում հետվճար ստանալու են»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ իր հանձնարարականներից մեկով պետք է հանրապետության տարբեր բնակավայրերում տեղադրվեին պոս-տերմինալներ, ապա արձանագրեց, որ արդեն իսկ 1000 պոս տերմինալ է տեղադրվել, բայց դրանցով ոչ մի գործարք չի արվել:
«Այստեղ հետեւությունը երկուսը կարող է լինել. առաջինը, տնտեսվարողներն իրենք հնարավորություն չեն տալիս անկանխիկ առեւտրի, ինչը օրենքի խախտում է: Այստեղ ՊԵԿ-ը անելիք ունի, այդ հասցեները կան կոնկրետ: Պետք է կոնկրետ վարչարարություն արվի, որովհետեւ կենսաթոշակառուներին զրկում են այս հնարավորությունից, ինչն անթույլատրելի է:
Երկրորդ հանգամանքը, ես վստահ չեմ, որ բոլոր կենսաթոշակառուները եւ նպաստառուները տեղյակ են այս համակարգից եւ պատշաճ հսկանում են, հակառակ դեպքում իրենք էլ իրենց հերթին ճնշում կգործադրեին այդ տնտեսվարողների վրա, որ դուք պարտավոր եք այդ հնարավորությունն ապահովել»,-ասաց նա:
Վարչապետի մյուս արձանագրումն այն էր, որ միայն այս տարվա նոյեմբերին 7 միլիարդ դրամի անկանխիկ առևտուր է եղել, բայց, մյուս կողմից, ավելի քան 500 հազար անկանխիկ թոշակ ստացող քաղաքացիներից 164-165 հազարն է այս պահին մասնակցում գործընթացին, մեծամասնությունը ինչ-որ պատճառով չի մասնակցում: Ուստի վարչապետը մտահոգություն հայտնեց, որ որոշման մասով հանրային իրազեկման խնդիր կա, ապա հանձնարարեց ԱՍՀ նախարարին զբաղվել հարցով:
Նարեկ Մկրտչյանը խոստացավ հունվարից զբաղվել իրազեկմամբ, Փաշինյանը հանձնարարեց՝ այսօրվանից սկսել: