00:00:00

Ես թույլ չեմ տա Օսկանյանին եւ տարատեսակ թղթեր ստորագրողներին եւս մեկ պատերազմ բերել մեր ժողովրդի գլխին. Պապոյան

16:16, 07 հուլիս 2023 Քաղաքականություն

Փաստորեն Վարդան Օսկանյանը 10-15 տարի Ղարաբաղի հարցը ինքնորոշման եղանակով չէր կարողանում լուծել, վերջին երեք ամիսը նրան դավադրաբար Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը չեն տվել, որպեսզի դա անի՞: Այս մասին այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ ի պատասխան  ԱԳ նախկին նխարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե իրեն թող տան 3 ամիս բանակցելու լիազորություն եւ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը լռի, ինքը կկարողանա հայանպաստ լուծման բերել բանակցությունները:

«Վարդան Օսկանյանը 10 տարի եղել է ԱԳ նախարար, որքան գիտեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ 5-7 տարի եղել է ԱԳ փոխնախարար՝ ԼՂ հարցում ներգրավված. փաստորեն Վարդան Օսկանյանին 15 տարի երեք ամիս էր պետք: Լեւոն տեր-Պետրոսյանը նրան տվել էր 5 տարի, ռոբերտ Քոչարյանը՝ 10 տարի եւ այդ վերջին երեք ամիսը ոչ ոք իրեն չի տալիս, որ Ղարաբաղի հարցը լուծե՞ր: Սա աբսուրդ է, սա ի՞նչ հիմարություն է»,-ասաց նա:

Անդրադառնալով Օսկանյանի մեկ այլ հայտարարությանը, թե եթե Ստեփանակերտը բանակցի Բաքվի հետ, դա կնշանակի, որ մենք այլեւս չունենք Արցախ, Գեւորգ Պապոյանն ասաց. «Երբ Հայաստանը բանակցային սեղանի շուրջ հիմնական դերակատարն է եղել, դրա արդյունքում տեսանք, որ դիվանագիտորեն որեւէ լուծման հասնել հնարավոր չի եղել, այդ թվում Վարդան Օսկանյանի օրոք: Ես հավատում եմ, որ Վարդան Օսկանյանն ուզեցել է հայանպաստ լուծում գտնել հարցին, բայց չի կարողացել:

Դա նշանակում է, որ այն ճանապարհով, որով Օսկանյանը գնացել է, որի մասին այսօր խոսում է, դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Այդ ճանապարհը տարել է պատերազմի, հիմա եթե ինքն ուզում է  3 ամիս էլ գա ու եւս մեկ պատերազմ ստանանք, ես Վարդան Օսկանյանին դա թույլ չեմ տա: Որովհետեւ պատերազմներին, սովորաբար, Վարդան Օսկանյանի որդին չի մասնակցում, մասնակցում են մեր խեղճուկրակ ժողովրդի երեխեքը: Ես թույլ չեմ տա Վարդան Օսկանյանին եւ տարատեսակ թղթեր ստորագրողներին եւս մեկ պատերազմ բերել մեր ժողովրդի գլխին»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Հարցին, թե ի՞նչն կկատարվի, եթե Բաքվի հետ ուղիղ բանակցողը լինի Ստեփանակերտը, նա արձագանքեց. «Եթե Բաքվի հետ ուղիղ բանակցողը լինի Ստեփանակերտը, Ստեփանակերտը կճանաչվի սուբյեկտ եւ իրենք իրար հետ կքննարկեն: Ադրբեջանը խուսափում է դրանից, որովհետեւ դա իրեն ահավոր ձեռք չի տալիս, դրա համար էլ մինչեւ հիմա դա չկա: Մեր խնդիրն է դա անել, որովհետեւ եթե դա իրենց համար այդքան լավ բան լիներ, իրենք դա կընդունեին: Իրենք միշտ ցանկացել են Երեւանի հետ բանակցել, որովհետեւ այդտեղ իրենց դիրքերն ուժեղ են: Բանակցել արցախցու հետ, նշանակում է բանակցել մի մարդու հետ, ով իր իրավունքների, իր կյանքի համար է բանակցում: Իսկ բանակցել Հայաստանի հետ, նշանակում է բանակցել մեկի հետ, որն ուզում է ուրիշի տարածքի հետ կապված հարցեր լուծել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր