00:00:00

Անդրեյ Կովաչևին է ներկայացվել Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերները, սահմանային լարվածությունը․ Թ․ Թովմասյան

17:35, 01 մայիս 2023 Բլոգ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ 
 
Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմով հանդիպում ունեցանք Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ:
 
Քննարկեցինք Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին, Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներին, սահմանային լարվածությանը, Ադրբեջանի կողմից Արցախում ապօրինաբար տեղադրված անցակետին առնչվող կարևորագույն հարցեր:
 
Պարոն Կովաչևին ներկայացրի նաև «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում մարդու իրավունքների շարունակ ոտնահարումները, մասնավորապես՝ խտրական վերաբերմունքն ընդդիմադիր հայացքներ ունեցողների և իշխանության համախոհների կամ իշխանական թիմի ներկայացուցիչների միջև:
 
Նշեցի ԱԺ ՄԻՊՀՀ հանձնաժողովի խայտառակ նիստում տեղի ունեցած անօրինությունները, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սպառնաց կտրել ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուի ականջներն ու լեզուն և մնաց անպատիժ:
 
Խոսելով խոսքի ազատության ոտնահարումների մասին՝ ընդգծեցի, որ այս առումով ևս խտրական քաղաքականություն է իրականացվում: Իշխանության համար «ոչ ցանկալի» անձինք, երբ բռնության կոչ են անում, պատժվում են, իսկ նույնաբովանդակ բռնության կոչեր և սպառնալիքներ հնչեցրած, պատգամավորին անհարիր վարքագիծ դրսևորած իշխանական պաշտոնյաները որևէ պատասխանատվության չեն ենթարկվում:
 
Ներկայացրի, որ քաղաքական ակցիա իրականացնելիս՝ ինձ և իմ գործընկեր պատգամավորներին անվտանգության աշխատակիցները՝ ԱԺ նախագահի հրահանգով, բռնությամբ դուրս հանեցին Ազգային ժողովի դահլիճից ընդմիջման ժամանակ և թույլ չտվեցին այլևս մտնել ԱԺ դահլիճ: Այս անօրինությունների համար ևս ոչ ոք պատասխանատվություն չի կրել:
 
Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցողն արտահայտեց իր մտահոգությունը Հայաստանի և Արցախի անվտանգային իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական վիճակի շուրջ։
 
Երկուստեք հայտնեցինք մեր պատրասակամությունը շարունակել մշտական համագործակցությունը Հայաստանի և Արցախի համար կարևորագույն հարցերի շուրջ:
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր